Մի փոքրիկ գյուղակում ապրում էր Իվանը, գեղեցիկ և աշխատասեր մի տղա։ Եվ ամեն բան նա ուներ՝ և տուն, որը հորից էր ժառանգել, և դարփնի գործն էր նրա մոտ ստացվում և հարսնացուներից պրծում չկար, իսկ մայրը, նրա համար հոգին չէր խնայում։ Ոչ թե տղա էր այլ ոսկի։ Բայց միևնույն է չէր ամուսնանում։ Էլ այսպես, էլ մի ուրիշ կերպ մայրը համոզում էր նրան, արդեն լավագույն հարսնացուներին տուն էր բերում, կարկանդակով էր կերակրում, իսկ Իվանը ոչ մի կերպ ամուսնանալ չէր ուզում։ Դե ինչ անես։
- Ի՞նչ հարսնացու ես դու ուզում, - բարկանում էր մայրը։
- Էլ գեղեցկուհիներ են եղել, էլ, խելացիներ, էլ բարիներ, էլ աշխատասերներ։ Ի՞նչ քեզ չի հերիքում։ Ավելի լավը ամբողջ աշխարհում չես գտնի։
Իսկ Իվանը, ի պատասխան միայն իրենն էր ասում՝
- Չեմ ուզում, - ասում է, - մայրիկ, ամուսնանալ, մինչև ես ողջ աշխարհը պտույտ չգամ և տարբեր բոլոր հարսնացուներին չտեսնեմ։ Ես գեղեցիկ եմ, խելացի, աշխատասեր – ամեն բան ունեմ, ինչի՞ պետք է վզիս լուծ վերցնեմ երբ դեռ կյանքը չեմ տեսել։ Այ կգտնեմ ամենալավ հարսնացուին այն ժամանակ էլ տուն կբերեմ և կապրենք մենք բարության և երջանկության մեջ։
- Որտե՞ղ ես դու քո հարսնացուին փնտրելու, - բողոքեց մայրը։
- Այ անտառ կգնամ, - պատասխանում էր Իվանը։ - Այնտեղ Սվեսլավայի քույրերից, վառ արևի ավագ դստերը կփնտրեմ։ Ասում են նրանք վաղուց իրենց փեսացու են ընտրում։ Նրանք ողջ աշխարհի վրա ամենալավ հարսնացուներն են։ Ճիշտ է, խոսում են, թե Սվեսլավուշկան իր բոլոր քույրերից ամենալավն է, այ լավ կլինի նրա հետ ամուսնանամ։ Այնպես որ մի բարկացիր ինձ վրա, մայրիկ, այլ ավելի լավ է երկար ճանապարհի համար ինձ հավաքիր ու օրհնիր։
Ոչինչ չէր մնում մորը, քան օրհներ իր որդուն և ճանապարհ դներ։ Ու ինչքան էլ նա խնդրեց նրան, աղաչեց մութ անտառ չգնալ, վտանգավոր անտառ չգնալ, ախր նրա սիրտը զգում էր, որ այդ, Սվեսլավայի քույրերի փնտրտուքը ոչ մի լավ բանով չի վերջանալու, բայց դե Իվանը ոչինչ լսել նույնիսկ չէր ուզում։
Եվ ահա, գնում է Իվանը խիտ անտառով, բարձր երկնքում արևն է երևում, թռչունների երգելն է լսում՝ իրեն լավ է զգում։ Մեկ էլ տեսնի՝ երեք երիտասարդ թխկիների տակ մի աղջիկ է կանգնած, այնպիսի գեղեցկուհի, որ գլուխը պտտվեց։ Եվ այդ աղջկա ձեռքում մի նկարազարդ շերեփ է, բերնեբերան մեղրով լցված։ Նայում է գեղեցկուհին իր կանաչ աչքերով Իվանին, ժպտում և շերեփը նրան մեկնում։ Եվ այնքան քնքուշ է խոսում, որ նույնիսկ սիրտն է դադարում բաբախել նրա նուրբ ձայնից՝
- Փորձիր, քաջակորով երիտասարդ, իմ մեղրը։ Քաղցր է այն, բուրավետ և համեղ։ Ոչ ոք այսպիսի մեղր չունի։
Այդպիսի արքայական հյուրասիրությունից Իվանը չհրաժարվեց։ Փորձեց մեղրը։ Եվ իրոք՝ ավելի համով ոչինչ իր կյանքում չէր կերել։ Իսկ գեղեցկուհին ուրախացավ, որ գեղեցիկ երիտասարդին դուր եկավ։
- Ամուսնացիր ինձ հետ, Իվան, - ասում է նա։ - Ես մի ամբողջ տակառ այս մեղրից ունեմ, հարուստ տուն ունեմ, կապրենք միասին հաշտ ու համերաշխ, ախր ես Սվեսլավուշկայի քույրն եմ։ Սվեսլավուշկան մեզանից ամենագեղեցիկն է, բայց ես էլ նրանից վատը չեմ։
Մտքերի մեջ ընկավ Իվանը։ Կարծես թե գեղցկուհին նրան դուր էր եկել, բայց հենց լսեց, որ Սվեսլավան բոլորից գեղեցիկ է, որոշեց անմիջապես արևի դստերը հասնել։ Մերժեց նա առաջին դստերը։
Շարունակեց գնալ։ Տեսնում է երեք երիտասարդ կաղնիների տակ մի աղջիկ է նստած, չտեսնված և չլսված գեղեցկությամբ, գեղեցկուհին ձեռքում փայտե գդալ էր բռնել՝ մեղրով լի։
- Փորձիր քաջակորով երիտասարդ, իմ մեղրը, - ասում է գեղեցկուհին։ - Համեղ է իմ մեղրը, քաղցր։ Սրանից լավ միայն իմ քույրն ունի։
Չկարողացավ մերժել գեղեցկուհուն Իվանը։ Փորձեց մեղրը, համեղ էր այն, սակայն նախորդի հետ համեմատվել չէր կարող։
- Ամուսնացիր ինձ հետ, - հանկարծ ասում է աղջիկը։ - Կես տակառ մեղր ունեմ, տունս էլ շատ հարուստ չէ, բայց բարձրորակ է։ Միասին լավ կապրենք։ Ես չնայած Սվեսլավայի երկրորդ քույրն եմ, սակայն գեղեցկությամբ նրան բոլորովին չեմ զիջում։
Նորից մտքերի մեջ ընկավ Իվանը։ Կարծես թե երկրորդ քույրն էլ նրան դուր եկավ, բայց որոշեց նա Սվեսլավային գտնել, և առաջին քույրն էլ ավելի լավն էր՝ և տունն էր ավելի հարուստ և մեղրն էր մի ամբողջ տակառ։ Երկրորդ քրոջը նույնպես մերժեց Իվանը։
Շարունակեց գնալ։ Իսկ այստեղ նրան ընդառաջ, երեք սոճիների տակից մի գեղեցկուհի դուրս եկավ, աննկարագրելի գեղեցկության, աչքդ չես կարողանում կտրել, մի հասարակ շորով, գլխին սպիտակ թաշկինակ կապած, իսկ ձեռքում մի բոքոն։ Խոնարհվեց Իվանի առջև աղջիկը և նրբությամբ ասեց՝ այնքան քնքուշ, կարծես թռչնակ էր ծլվլում՝
- Հյուրասիրվիր, քաջակորով երիտասարդ, իմ բոքոնից։ Այս հացը ես ինքս եմ թխել։ համեղ է այն։ Իսկ հետո՝ ամուսնացիր ինձ հետ։ Ամեն ինչ ես կարողանում եմ անել՝ հաց թխել, տանը՝ տիրություն անել, մայրիկիդ ամն օր կխոնարհվեմ։ Լավ կապրենք մենք միասին։
Նայեց աղջկա հյուրասիրությանը Իվանն ու ասաց՝
- Քեզանից առաջ ինձ մեղրով են պատվել, իսկ դու հասարակ հաց ես տալիս։ Վայել չէ մեղրից հետո հացի անցնել։
Գլուխը կախեց գեղեցկուհի-աղջիկը, և նույնիսկ բառ չասելով, հեռացավ երեք սոճիների ետևը և այլևս նրան Իվանը չտեսավ։ Իսկ այդ ժամանակ արդեն մութն ընկնում էր։ Վախեցավ Իվանը՝ անտառը մեծ է և թափառել այնտեղ կարելի է շատ երկար։ Մտածեց նա, գցեց-բռնեց և որոշեց վերադառնալ առաջին քրոջ մոտ։ Նրա հետ հաստատ լավ կապրի։ Ամուսնացան նրանք և սկսեցին հարստության մեջ ապրել, քաղցր մեղրով անուշահաց ուտել։
Այսպես անցավ մեկ տարի։ Բայց այ քեզ դժբախտություն՝ մեղրի տակառը վերջացավ։ Եվ կինն Իվանին ասեց՝
- Իմ ողջ մեղրը կերվեց, ժամանակն է մտածել, թե ինչպես ենք այսուհետ ապրելու, ինչ ենք ուտելու։ Ժամանակն է, որ աշխատես։
Իսկ Իվանը, մեկ տարի մեղրի ու անուշահացերի վրա ալարկոտ էր դարձել, գիրացել էր, ավելորդ քայլ չէր ուզում անել։ Ինչպե՞ս աշխատեր։
- Ես ոչինչ էլ չեմ անելու, - ասում է։ - Դու խոստացել էիր, որ լավ ու հարուստ ենք ապրելու, այ հիմա մտածիր թե որտեղից ևս մի տակառ մեղր հայթայթես։ Ինձանից առաջ դու այն ինչ-որ տեղից հայթայթել էիր։
Բարկացավ կինը, և այնպես ոտքը գետնին խփեց, որ Իվանը անկողնուց վայր ընկավ։
- Ռադ եղիր, այդ դեպքում անգյալ, աչքիցս կորիր, - գոռաց կինը։ - Եվ որ շունչդ նույնիսկ այստեղ չլինի։ Ինձ այսպիսի ամուսին պետք չի։ Այս պահից դու այլևս կին չունես։
Սվեսլավայի քրոջ, վառ արևի դստեր հետ Իվանը չվիճեց, այլ հավաքեց իր եղած-չեղածը և գնաց անտառ։ «Ոչինչ, - մտածում է, - ես ինձ այլ կին կգտնեմ»։ Նայում է, և առաջվա պես երեք կաղնիների տակ երկրորդ քույրն է նստած։ Տեսավ նրան Իվանը, ուրախացավ, ասում է՝
- Չե՞ս ուզում իմ նման փեսացու ունենալ։ Մենք քեզ հետ ավելի լավ կապրենք քան քո քրոջ հետ։
Ծիծաղեց միայն աղջիկը՝
- Ինչի՞ս ես պետք դու այսպիսի գեր ու տգեղ։ Քեզ հետ ոչ մի հասարակ աղջիկ չի ուզենա ամուսնանալ, ուր մնաց Սվեսլավայի քույրերը։ Կորիր այս անտառից ու այլևս ոչ մեկի աչքին ավելորդ անգամ մի երևա, թե չէ դժբախտություն կունենաս։
Բոլորովին ընկճվեց Իվանը։ Քայլում է անտառով, չգիտի թե ուր և հավատը չի գալիս, որ իր հետ աղջիկներն այդպես խոսեցին։ Իսկ բերանում, առավոտից կակաչի ցող չի եղել, իսկ ուտել շատ է ուզում։ «Դե, - մտածում է, - հայրենի տուն կվերադառնամ, մայրս հաստատ ինձ կուշտ կկերակրի»։ Բայց ու՞ր՝ մոլորվել էր դժբախտը։ Հավանաբար վաղուց անտառում չէր թափառել, անտառը բոլորովին մոռացել էր։ Իսկ մութն արդեն ընկնում էր։ Իսկ անտառը խուլ էր, վտանգավոր, վայրի գազանները կհարձակվեն։ Մի կերպ լուսացրեց Իվանը մութ գիշերը, իսկ առավոտյան կրկին ճանապարհ ընկավ։ Բայց միևնույն է տան ճանապարհը չի կարողանում գտնել։ Հավանաբար Սվեսլավայի քույրերը որոշել էին նրան պատժել։ Այսպես թափառեց նա անտառում մի օր, երկրորդը, երրորդը, բոլորովին հյուծվեց, թուլացավ, իսկ յոթերորդ օրը ընկավ հողի վրա ու լաց եղավ։ Հենց այստեղ էլ սոճիների ետևից, սպիտակ թաշկինակով իր ծանոթ աղջիկը դուրս եկավ, կռացավ նա Իվանի վրա, չորահացը մեկնեց նրան։
- Հիշու՞մ ես Իվան, հրաժարվեցիր դու իմ հյուրասիրությունից, - ասում է աղջիկը։ - Ահա այն, ինչ նրանից մնացել է՝ մի չոր կտոր։
Ճանկեց Իվանը չորահացն ու ագահաբար սկսեց այն կրծել։ Եվ այնքան համեղ էր այն, այնքան քաղցր, որ ոչ մի մեղր էլ պետք չէր։
- Ներիր ինձ, գեղեցկուհի։ Ներիր, չքնաղ աղջիկ, - աղաչեց Իվանը։ - Ներիր, որ նեղացրեցիր քեզ այն ժամանակ։ Հիմար էի ես։ Մենակ մի թող ինձ։ Ամուսնացիր ինձ հետ, ես լավ ամուսին կլինեմ։
Միայն ժպտաց ի պատասխան աղջիկը և հանկարծ այնպես շողաց վառ լույսով և սոճիների գագաթներով, արևի շողերով հեռացավ Իվանից։ Եվ հասկացավ Իվանը, որ այդ աղջիկը ոչ այլ ոք էր, քան Սվեսլավան, վառ արևի դուստրը։ Իվանը գլուխը բռնեց, մեղադրում է իրեն, հայհոյում։ Եվ նայում է՝ ծառերի ետևում իր հարազատ գյուղն է երևում։ Այ այսպես էլ հայրենի տուն վերադարձավ։ Մայրը նրա վերադարձից անչափ ուրախացավ։ Բայց երկար չուրախացավ՝ իր Իվանը այլևս այդքան գեղեցկադեմ և անհոգ չէր, որին նա ճանաչում էր։ Բոլորովին հյուծվել էր Իվանը, մռայլ էր դառել, հրաժարվում էր ուտել և խմել։ Նրան հանգիստ չէր տալիս Սվեսլավայի հետ այն հանդիպումը։ Փշի պես խոցել էր նրա սիրտը գեղեցկուհին։ Ուղղակի ոչինչ իր հետ չի կարողանում անել Իվանը, ոչ ոքի մասին մտածել նույնիսկ չի կարողանում՝ միայն Սվեսլավայի մասին, որը նրան մահից փրկեց։ Սիրել էր նա արևի դստերը, ամբողջ սրտով։ Մտածում էր ժամանակի ընթացքում սերն ինքն իրենով կանցնի, բայց ոչ։ Օրեցոր ավելի ու ավելի ուժեղ էր նա սիրում այդ գեղեցկուհուն, նրա ձայնը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, նրա թխած հացի համը չէր կարողանում մոռանալ։ Գիշերները լաց էր լինում, իրեն կոտորում։ Մայրն արդեն չգիտեր թե ինչ անի, ախր հարազատ որդին կործանվում էր։
Եվ հանկարծ Իվանն ինքն եկավ նրա մոտ, ոտքերն ընկավ, ձեռքերը սկսեց համբուրել և ասաց՝
- Ներիր ինձ, մայրիկ, ներիր, հարազատս, որ լքելու եմ քեզ։ Գնում եմ ես անտառ, որտեղ իմ սիրեցյալն է ապրում։ Ուզում եմ նրա կողքին լինել։ Միգուցե երբևէ նա ինձ կների։ Իսկ եթե չի ների, միևնույն է ես առանց նրա ապրել չեմ կարող։ Վատ բան չհիշես ինձանից։
Եվ հեռացավ։ Եվ այլևս Իվանը մարդկանց մոտ չվերադարձավ։ Անտառը նրան հարազատ տուն դարձավ։ Երկար ժամանակ այնտեղ ապրելով, նա անտառի հետ միացավ, բոլորից լավ գիտեր անտառը, ցրտից չէր վախենում, շոգից եղևնիների տակ չէր թաքնվում, գայլի մորդուց մուշտակ էր հագնում, մորթով պատված կրունկները արևով էր ջերմացնում։ Մարդիկ սկզբից նրանից վախենում էին, բայց հետո նրան Անտառապան անվանեցին։ «Անտառապանը, անտառն է պահպանում, ոչ մեկին վատություն չի անում, կհանդիպե՞ս նրան՝ խոնարհվիր, կնեղացնե՞ս՝ արագ հաշտվիր», - այսպես էին խոսում մարդիկ։ Մի որոշ ժամանակ անց արդեն, ոչ ոք Անտառապանի իսկական անունը չէր հիշում։ Սիրում էին նրան մարդիկ և հարգում «Անտառապան-հայր» էին անվանում։ Իսկ Անտառապանը, հենց արևը տեսնում էր՝ անմիջապես ժպտում էր։ Դա նշանակում էր, որ Սվեսլավան ինչ-որ տեղ մոտ ծառերի ետևում է թաքնվում։ Սվեսլավան էլ նկատում էր Անտառապանին և արևի ճառագայթով քիթն էր խուտուտ տալիս։ Անտառապանը ծիծաղում էր և այդ ծիծաղից անտառը գեղեցկանում էր։ բայց սա արդեն այլ պատմություն է։ Անտառապանի և Սվեսլավայի պատմությունը։
ԱՎԱ ԱՐԴՈ
