Աշխարհի երեսին կան այնպիսի մարդիկ, ովքեր շատ շատ են խոսում։ Այ հենց այսպիսի մի մարդ էլ խոսեց մի իմաստունի հետ։ Այդ մարդը խոսում էր շատ, երկար ու համոզված, իսկ իմաստունը այդ ընթացքում ուշադիր լսում էր, ու ոչ մի անգամ չընդհատեց շատախոսին։ Իսկ երբ շատախոսը լռեց, իմաստունը հոգնած հոգոց հանեց ու պատասխանեց՝
- Հիմարություն՝ ահա թե ինչպես կարելի է անվանել այն ամենը, ինչի մասին դու այստեղ ինձ ասացիր, վաղ առավոտից մինչև ուշ երեկո։
Մարդը հունից դուրս եկավ՝
- Ինչպես թե հիմարություն։ Ես կարևոր բաներ էի ասում։ Իմ ձայնը նախկինում երբեք այսքան համոզված չէր եղել։
- Հիմարություն է, - հանգիստ կրկնեց իմաստունը։ - Եվ դրա առաջին ապացույցը կլինի նա, որ դու նույնիսկ չես հիշի, թե ինչից սկսեցիր քո խոսքը։
- Դե շատ բանից կարող էի սկսել… - շփոթվեց շատախոսը, - ինչից եմ սկսել… Ախր իմաստը դրա մեջ չէր։
- Դե եթե այդ ամենի մեջ իմաստ չկա, ապա դա հենց իսկական հիմարությունն է։ Եվ դժբախտությունը նրանում է, որ հիմա դու չես հիշում միայն քո զրույցի սկիզբը, իսկ հետո չես հիշի ավելի շատ։ Քո ձայնն ու խոսքը, կարծես թույն լինի՝ դրանք թունավորում են ոչ միայն ուրիշներին, այլև, առաջին հերթին քեզ։ Դու դա կհասկանաս, բայց արդեն շատ ուշ կլինի։
- Իմ ձայնը կարևոր է, - չէր զիջում շատախոսը։
- Քո ձայնը ոչ ոքի համար կարևոր չի, այն ոչինչ չի որոշում, քանի որ ուզում է որոշել ամեն բան ու միանգամից։
Այդ խոսքերով իմաստունը լռեց, իսկ շատախոսը, նեղացած ու վիրավորված գնաց տարածելու իր ձայնն ու խոսքերը ուրիշների։
Անցավ ժամանակ։ Կրկին իմաստունի մոտ եկավ այն նույն շատախոսը, միայն թե այս անգամ նա ի զարմանս՝ լռակյաց էր։
- Ինձ հետ դժբախտություն պատահեց, - վերջապես, երկար լռությունից հետո խոսեց նա։ - Ես չեմ հիշում, թե ինչ էի ուզում ասել։ Ես մի բառ եմ ասում, ու դրանից հետո ինքն իրենով կարծես իմ ձայնը լռում է, ու ես ամեն ինչ մոռանում եմ։
Իմաստունը ի պատասխան միայն ժպտաց՝
- Ես քեզ այս մասին զգուշացրել եմ՝ քո ձայնն ու խոսքերը՝ թույն են, դրանք քեզ թունավորեցին։ Դու իրոք այլևս ոչինչ չունես ասելու, քանի որ այն ամենը, ինչ դու կարող էիր ասել՝ ասել ես։
- Բայց ինչպես, - չհամաձայնվեց շատախոսը, - ես դեռ շատ խոսելու նյութեր ունեմ։ Ես շատ բան ունեմ ասելու… բայց միայն թե ես կրկին ոչինչ չեմ հիշում։
- Դե ահա, հենց դա էլ հիմարությունն է։ Միակ բառը, որը դու միշտ կհիշես, որովհետև հենց դրանից է սկսում հնչել քո ձայնը։
ԱՎԱ ԱՐԴՈ