Ես կարթնացնեմ քո սիրտը խոր քնից,
Երբ առավոտյան արևը
կդիպչի քո աստվածային դեմքին,
Երբ իմ նուրբ ծաղիկների առաջին թերթիկները
կբացվեն…
Ես կարթնացնեմ քո սիրտը
Ես կբարձրացնեմ քո հոգին բարձր երկրի վրա
Այնտեղ, որտեղ սպիտակ ամպերը համբուրում են կապույտ երկինքը,
Եվ իմ սերը կլսվի քամու շնչառության մեջ…
Ես կբարձրացնեմ քո հոգին բարձր…
Ապրում էր, ժամանակին, մի հեռավոր երկրում ահեղ ու դաժան սրտով մի կայսր, որի անունն էր Տաո։ Նա նրբություն չուներ, գթություն չուներ, իսկ սերը, նրա սրտի համար անհայտ էր։ Բոլորը վախենում էին կայսր Տաոից՝ և՛ մեծահասակները, և՛ երեխաները։ Եվ միայն մի երիտասարդ ծաղկավաճառուհի կար, որի անունն էր Լիու, ով հիացմունքով և սիրով էր խոսում կայսրի մասին։
- Նա այնքան չար չէ, որքան ուզում է թվալ, - ասում էր Լիուն։ - Այնքան դաժան չէ, որքան պատմում են։ Այնքան սառը չէ նրա սիրտը և այնքան սև չէ նրա հոգին, որքան բոլորին թվում է։ Մեծ գեղեցկությունն ու վառվող սերը կարող են կայսրից չքնաղ մարդ դարձնել։
Եվ որպեսզի դա ապացուցի, որոշեց Լիուն, շքեղ կայսերական պալատի մոտ կարմիր կակաչներ տնկել։ Չքնաղ էին այդ ծաղիկները։ Թվում էր թե միայն իրենց գեղեցկությամբ և նրբությամբ նրանք խոսում էին սիրո ու բարության մասին։ Մարդիկ գորովանքով էին նայում կակաչներին՝ ոչ ոքի այդ ծաղիկները անտարբեր չէին թողնում։ Եվ միայն կայսրն էր իր տեսածով կատաղած։
- Ես մեծ, անգութ կայսր եմ։ Իմ ուժն ու իշխանությունը՝ վախի և դաժանության մեջ է։ Իմ սիրտը չոր է, իսկ հոգին՝ սառը։ Գեղեցիկի զգացումը ինձ անծանոթ է։ Եվ ես ուզում եմ, որ այդպես էլ մնա ապագայում։ Վերացրեք բոլոր ծաղիկները, - հրամայեց իր օգնականներից կայսր Տաոն։ - Եվ իմ մոտ բերեք նրան, ով խիզախել է դրանց տնկել իմ պալատի կողքին։
Կայսրի հրամանով բոլոր կակաչները նույն վայրկյանին ոչնչացվեցին, արմատախիլ արվեցին, իսկ ծաղկավաճառ Լիուն անհապաղ հասցվեց պալատ։
- Ինչպես ես դու համարձակվել վնասել իր կայսրական մեծությանը, - զայրույթով խեղճի վրա հասավ կայսր Տաոն։
- Օ մեծն կայսր, - խոնարհվեց կայսրի առջև ծաղկավաճառը, - ներեք ինձ, իմ հանդգնությունը, բայց ես բոլորովին չեմ ուզեցել Ձեզ վնասել։ Ընդհակառակը, այդ գեղեցիկ ծաղիկներով ես ուզում էի ստիպել, որ Ձեր սիրտը փափկի։ Ես ուզում էի Ձեզ նվիրել ծաղիկների գեղեցկությունը, նրանց նրբությունը, նրանց սերը առ ոսկե արև, որև օրեցոր լուսավորում է Ձեր ճանապարհը։
- Սերն ու քնքշությունը իմ սրտին անհայտ են, - գոռաց Տաոն։ - Ես՝ կայսր եմ և իմ ուժը, այս աշխարհում ամեն ինչի վրա ունեցած մեծ իշխանության մեջ է՝ սրտի, հոգու, զգացմունքների և նաև քո, հիմա ծաղկավաճառ։ Իսկ այն բանի համար, որ փորձել ես թուլացնել իմ ուժն ու իշխանությունը, անպետք գեղեցկությամբ և նրբությամբ, ես հրամայում եմ քեզ սպանել։
Միայն թախծով նայեց կայսրի վրա Լիուն և լուռ շշնջաց՝
- Ինձ սպանելը դժվար չէ, իսկ այ իմ ծաղիկների գեղեցկությամբ արթնացած հոգին, Դուք մեծ կայսր, արդեն չեք կարող՝ մի անգամ գեղեցկություն նկատածը, այլևս միշտ կրելու է այն իր սրտում։
Լիուն զոհվեց։ Իսկ չքնաղ կակաչներն առ այսօր ծաղկում են կայսերական պալատի մոտ։ Եվ որքան էլ կայսր Տաոն չփորձեց պայքարել դրանց դեմ, ամեն բան ապարդյուն էր՝ կարմիր կակաչները, կարծես կախարդանքով, ամեն անգամ նորից ու նորից աճում էին։
Ասում են, որ իր կյանքի վերջում, մեծ կայսրը ամեն դեպքում եկավ խեղճ ծաղկավաճառի գերեզմանին և նրա ձեռքերում կարմիր կակաչների մեծ փունջ էր…
ԱՎԱ ԱՐԴՈ
