Հայտնի է, որ տարվա որոշակի ժամանակահատվածում վանականը պետք է պաս պահի: Այդ օրերին, վանքի կանոնագիրքը արգելում է նրանց միս և այլ յուղալի ուտեստներ օգտագործել: Ճիշտ է, երբ վանականները ճանապարհորդում են, կամ էլ գթություն են հայցում, ապա բացառության կարգով նրանց թույլ է տրվում սնվել այն ամենով, ինչ նրանց ճակատագիրը կուղարկի:
Մի անգամ, իր վանական գործերով ճանապարհորդելու ընթացքում, երկու վանական կանգ առան ճանապարհից հանգստանալու և կերակրվելու մի պանդոկում, որտեղ պատահականության բերումով հանդիպեցին մի վաճառականի հետ:
Պանդոկի տերն այնքան աղքատ էր, որ ոչինչ չկարողացավ հյուրասիրել իր հյուրերին բացի մի նիհար, աղավնուց ոչ մեծ, խղճալի հավից:
Երբ հավը պատրաստ էր, պանդոկապանը հանեց նրան շամփուրի վրայից և սեղանին մատուցեց ամբողջությամբ, հույսով, որ սեղանակիցներն ինքները այն հավասար կկիսեն միմյանց մեջ:
Նայելով խորոված հավիկին և հասկանալով որ այն հազիվ մեկ մարդու կբավարարի, խորամանկ վաճառականը դիմելով վանականներին, ասաց՝
- Ինձ թվում է, Սուրբ Եղբայրներ, որ այժմ մեծ պասի ամենաթեժ պահն է: Այնպես չէ՞: Չեմ ցանկանում, որ իմ պատճառով, Դուք խախտեք օրենքը: Թող այդպես էլ լինի, ես մեղքն ինձ վրա կվերցնեմ և կազատեմ Ձեզ այս հավիկից:
վանականներին որիշ ոչինչ չմնաց անելու, քան համաձայնվել այդ խարդախ մարդու հետ: Նրանք չմանրամասնեցին վաճառականին, որ ճանապարհորդող վանականների համար որոշ ներումներ կան:
Վաճառականը մեծ հաճույքով կերավ այդ ամբողջ հավը և լիզեց բոլոր ոսկորները, իսկ նրա երկու սեղանակիցները ստիպված եղան բավարարվել մի պատառ հացով ու մի կտոր պանրով:
Ճաշից հետո, երեքն էլ ճանապարհ ընկան: Վանականները ոտքով էին գնում աղքատության պատճառով, իսկ վաճառականը՝ իր ժլատության պատճառով: Նրանք բավական քայլեցին, մինչև հասան իրենց ճանապարհը խոչնդոտող մի լայն գետի:
Հին ժամանակների ավանդույթներով, վանականներից ամենահաղթանդամն ու երիտասարդը, ով բոբիկ էր, իր ուսերին դրեց գեր վաճառականին և անց կացրեց գետը:
Սակայն հասնելով գետի մեջտեղին, վանականը հանկարծ հիշեց վանքի կանոնագրքի խիստ կանոնների մասին, և շփոթված կանգ առավ: Ճկվելով ծանրությունից նա վեր բարձրացրեց գլուխը և հարցրեց իր ուսերին իր ճամփորդական պարկով և կոշիկներով տեղավորված վաճառականին՝
- Ասա խնդրեմ, հարգարժանս: Քեզ մոտ փող կա՞:
- Այս ինչ հիմար հարց էր, - զարմացավ վերջինս: - Ժամանակն է, եղբայրս, որ իմանաս, որ ոչ մի իրեն հարգող վաճառական, երբեք երկար ճանապարհ չի ընկնի առանց փողի:
- Ցավում եմ, - ասաց վանականը: - Սակայն մեր կանոնագիրքը արգելում է մեզ հետ փող ունենալ:
Եվ այս խոսքերով նա նետեց վաճառականին ջուրը: Մինչև վերջին թելը թրջված և ամոթից ու անախորժ վիճակից ամբողջովին կարմրած, վաճառականը ստիպված էր համաձայնվել, որ արդարացի պատժվեց վանականների կողմից նախկինում, հավի հետ կատարած իր խորամանկության դիմաց:
Լեոնարդո դա Վինչի