Ժամանակին ապրում էր մի մարդ: Եվ ուներ այդ մարդը որդի: Մանուկ ժամանակից մարդու որդին չէր կարողանում քայլել: Սակայն մարդը չէր հուսահատվում՝ նա, որպես հայր, չհուսահատվելով, վերցնում էր որդուն իր ձեռքերի վրա և տանում նրան անհայտ աշխարհներով, չճանաչված երկրներ, աշխարհը որդուն ցույց տալով և նրան կյանք նվիրելով: Եվ նույնիսկ երբ որդին մեծացավ, մարդը նախկինի պես նրան ման էր տալիս ձեռքերի վրա:
— Եվ ինչու՞ ես Դու դա անում, — զարմանում էին մարդիկ տեսնելով մարդուն: — Ախր Դու արդեն ծերունի ես, արդեն ժամանակն է, որ Քեզ ձեռքերի վրա ման տան: Ուժերդ խնայիր հանուն որդուդ: Ավելի երկար կապրես:
Լսում էր այդ խոսակցությունները մարդը և միայն զարմանում մարդկային հիմարության վրա: «Ուժը իմ, տարիները իմ, — մտածում էր մարդը, — հենց նրա համար էլ տրված են ինձ, որ որդուս ձեռքերիս վրա տանեմ: Քանզի ի շնորհիվ իմ ուժի նա կարողանում է ամեն օր կյանքից բավականություն ստանալ և աշխարհի գեղեցկությամբ զմայլվել: Նրա հայացքից ոչ մի բան խույս չի տա: Իսկ այն ամենը, ինչ տեսել և զգացել է նա, դարերով կմնա նրա հոգում թանկարժեք հիշողություններով մաքուր՝ կրակի բոցի նման: Եվ երբ կգա ժամը, որ ես ստիպված կլինեմ լքել իմ որդուն, նրա կյանքը կվերածվի հիշողության: Կհիշի նա այն ամենը, ինչ տեսել ու զգացել է երբեմնի: Այն ամենը, ինչով հմայվել է ժամանակին, ինչ սիրել է, ինչով ոգևորվել է, ինչը աստվածացրել է: Այդ հիշողություններն էլ կդառնան նրա ապագա կյանքը: Կվերապրի որդիս այդ ամենը կրկին, կզգա նորից և այդ զգացմունքներից քայլել կսովորի: Եվ այնպես կքայլի, ինչպես ոչ մի մահկանացու դեռ չի քայլել: Եվ ով գիտե, միգուցե որդուս էլ ճակատագիր ընկնի, որ իր որդուն արդեն ձեռքերի վրա վերցնի և աշխարհը նրա համար հայտնեցնի ու քայլել սովորեցնի»:
Ավա Արդո