ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Սիրած հերոսը»

Սիրեցին իրար պատանին ու աղջիկը։ Աղջիկը գեղեցիկ էր, հարուստ և իր ժամանակի համար լավ դաստիարակություն ու կրթություն էր ստացել։ Պատանին՝ հասարակ ու աղքատ ընտանիքից էր, և աղջկա ծնողները ոչ մի կերպ չէին համաձայնվում նրանց ամուսնությանը։ Բայց աղջիկը բավականին վճռական էր տրամադրված և պատրաստ էր ծնողներին հակառակ գնալ։

Եվ նրանք չամուսնացան։ Պատանին ինքը որոշեց որ արժանի չէ աղջկան։

Նա ասաց, որ գնում է ճանապարհորդության, կհարստանա և հայտնի կդառնա և նոր միայն կվերադառնա աղջկա մոտ ու կառաջարկի վերջինիս իր կինը դառնալ։ Աղջիկը լաց էր լինում, բայց ոչինչ անել չէր կարող, քանզի պատանին հպարտ էր և վճռական։

Շատ տարիներ աղջիկը սպասեց իր հերոսին, ով այդ ընթացքում իրականում հայտնի դարձավ, չնայած այնքան էլ հարուստ չէր, ինքան կուզեր։ Նա շատ մարդկանց օգնեց և շատերն էին նրան երախտապարտ։

Եվ ահա մի օր նա մտածեց՝ «Ինչի՞ համար ես այդ ամենը անում, ումի՞ց եմ ես փախչում։ Նա է իմ երջանկությունը, ախր մենք սիրում ենք միմյանց։ Ինչի՞ համար են այդ բոլոր հերոսությունները, ախր նա ինձ սիրում է այնպիսին, ինչպիսին ես կամ։ Ինչու՞ եմ ես նրան տանջում նրանով, որ ստիպում եմ նրան այսքան երկար սպասել»։ Եվ նա վերադարձավ աղջկա մոտ, ծնկի իջավ նրա առջև և ներողություն խնդրեց այն բանի համար, որ զրկել է նրան երջանկության այսքան տարիներից։

Եվ սկսեցին նրանք միասին ապրել։ Պատանին ոչինչ չէր խնայում իր սերացյալի համար՝ նկատում էր նրա յուրաքանչյուր հայացքը, կանխագուշակում էր նրա յուրաքանչյուր ցանկությունը։ Աղջիկը ուրախանում էր դրանից, բայց զգում էր, որ ինչ-որ բան այնպես չէ։

Եվ ահա մի անգամ պատանուն լուր հասավ, որ նրա ծանոթներից մեկին օգնություն է պետք։ Որպեսզի օգնի նրան, նա պետք է շատ հեռու մեկներ։

- Դու կգնա՞ս նրա մոտ, - հարցրեց կինը։

- Ոչ, սիրելիս։ Ես այլևս քեզանից ոչ մի տեղ չեմ հեռանա։ Ես շատ երկար եմ փախել իմ երջանկությունից ու հիմա հասկացել եմ, որ պետք է քո կողքին լինեմ։ Ինձ ոչ ոք պետք չի։

Եվ կինը տխրեց։

- Գիտես, - ասաց նա, - ես խելագարի պես սիրում էի այն հպարտ ու վճռական մարդուն, ինչպիսին էիր դու, երբ ծանոթացանք։ Ես քեզ շատ տարիներ էի սպասում, և ինձ ուրիշ ոչ ոք պետք չէր։ Այո, ես ուզում էի, որ դու կողքիս լինես, սակայն դա պետք է լինեիր դու – մարդ, ով բարձր էր թռչում, ով պատրաստ էր սխրագործությունների, ով օգնում էր մարդկանց և ում բոլորը սիրում էին։ Եվ ես հպարտանում էի քեզանով։ Ես գիտեի, որ դու իմն ես։ Իսկ հիմա, իմ առջև կանգնած է մարդ, ով պատրաստ է մերժել կարիքավորին։ Եվ սա - դու չես։

Եվ պատանին կրկին ճանապարհ ընկավ, իսկ նրա կինը մնաց նրան սպասելու տանը ու երջանիկ էր։

Անդրեյ Յակուշև