ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍԱՖԱՐԻ ՀԱՆԵԼՈւԿԱՅԻՆ ԱՐՁԱՆԸ

Անծայրածիր անապատի մեռած ավազների մեջ, նրա թախծոտ լռության մեջ, ինչ-որ տեղ հանգչում է մի վեհ արձան, որը դարեդար մարդկանց կողմից անվանվել է «Սաֆար» կամ «Հավերժ հարց»։ Այն պատկերում է մի ֆանտաստիկ արարածի՝ առյուծի մարմնով ու մարդու գլխով։ Ժամանակին, շատ տարիներ առաջ, այդ արձանը ստեղծել է մի քիչ հայտնի քանդակագործ Ինկաբ անունով։ Իր ողջ կյանքի ընթացքում Ինկաբը տառապում էր նրանից, որ իր տաղանդն ու վարպետությունը ոչ ոքի պետք չէ։

- Այ եթե դու բժիշկ լինեիր, - ասում էին նրան մարդիկ, - քեզ կհարգեին։

Եթե դու ուսուցիչ լինեիր, քեզ հանդիպելուց ցածր կխոնարհվեին։ Իսկ եթե դու լինեիր եկեղեցու սպասավոր, քո առջև կխոնարհվեին։ Նույնիսկ եթե դու հագուստ կարեիր, քեզ ուրախ կլինեին յուրաքանչյուր տանը։ Բայց դու ախր ստեղծում ես տարօրինակ, ոչ ոքի պետք չեկող արձաններ։ Ի՞նչ օգուտ կա դրանցից։

- Դրանք գեղեցիկ են, - ասում էր Ինկաբը։

Բայց քանդակագործին ոչ ոք չէր լսում։ Գեղեցկությունը մարդկանց պետք չէր, ինչպես և այդ տարօրինակ մարդու քանդակները։

Եվ հասկացավ Ինկաբը, որ այլևս չի կարող այդպես ապրել։ Եկավ նա իր տուն, պառկեց անկողնում ու առաջին անգամ լաց եղավ։ Ու ինքն էլ չնկատեց, թե ինչպես քնեց։ Եվ երազ տեսավ նա արտասովոր՝ ֆանտաստիկ երազ։ Կարծես գնում է Ինկաբը անմարդ, արևից այրվող անապատով իսկ առջևում երևում է քարե պատ, ոսկե դարպասներով։ Դարպասները ճռռալով բացվում են և Ինկաբին ընդառաջ է գալիս մի գեղեցիկ անծանոթ։ Անծանոթի դիմագծերը ճիշտ են ու գեղեցիկ, գունատ դեմքի վրա խաղում է հանելուկային ժպիտը, իսկ նեղ աչքերը խորհրդավոր առկայծում են լույսի երկնագույն կայծերով։

- Դու՞ ես այն նույն մեծ վարպետ Ինկաբը, - անհանգստացրեց անապատի լռությունը անծանոթի հանդարտ ձայնը։

- Այո, ես Ինկաբն եմ, բայց ես ցավոք վարպետ չեմ։

- Բայց դու ուզու՞մ ես դառնալ։

- Յուրաքանչյուր տաղանդավոր մարդ ուզում է դառնալ վարպետ։

- Այդ դեպքում քարից տաշիր իմ կերպարը, - անծանոթի աչքերը փայլեցին։

- Ձեր կերպա՞րը, - զարմացավ Ինկաբը։

- Այո։ Մի՞թե ես գեղեցիկ չեմ։ Հավատա, իմ խորհրդավոր հայացքը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

- Բայց ես չեմ կարողանա, - շփոթվեց Ինկաբը։

- Եվ չմոռանաս մարմնի մասին, - նրան չէր լսում անծանոթը։ - Թող դա լինի առյուծի մարմին։ Այն կդառնա իմ անմահության գրավականը։

- Անմահության գրավակա՞նը։

- Մարդիկ կսկսեն նայել իմ վրա՝ ոչ մարդու, ոչ գազանի, ու նրանց մտքերում կծնվեն հավերժ հարցեր։ Ես միշտ հետաքրքիր կլինեմ, իմ մասին չեն կարողանա մոռանալ։ Մի՞թե դա անմահություն չէ։ Արա այդպես, Ինկաբ, և հասարակ քանդակագործից դու կվերածվես վարպետի։

Արթնացավ իր խորհրդավոր քնից Ինկաբը, ու առանց երկար մտածելու գործի անցավ։ Շատ օրեր և գիշերներ նա քանդակեց ահռելի քարից իր կանխատեսած խորհրդավոր անծանոթին։ Հիշելով պատվերը, Ինկաբը օժտեց քարե քանդակին առյուծի մարմնով։

Երբ մարդիկ տեսան քանդակագործի նոր ստեղծագործությունը, բոլորը, մի մարդու պես ոգևորություն ապրեցին։ Ֆանտաստիկ կենդանու կերպարը՝ առյուծի մարմնի վրա մարդու գլխով, ոչ ոքի անտարբեր չթողեց։ Հմայված մարդիկ նայում էին քանդակի իմաստուն գեղեցիկ աչքերին ու կրկնում միևնույն հարցը՝ «Ո՞վ է նա»։

Երազների մեջի խորհրդավոր անծանոթը պահեց իր խոստումը՝ քանդակագործ Ինկաբը դարձավ մեծ վարպետ, իսկ նրա ստեղծագործությունը անվանվեց Սաֆար – հավերժ հարց, որը առաջանում է ամեն անգամ, երբ նայում ես այդ ֆանտաստիկ քանդակին։

ԱՎԱ ԱՐԴՈ