Անապատային ճանապարհով քայլում էր մի մարդ։ Ոչ մի յուրահատուկ բան այդ մարդու մեջ չկար ու չէր էլ կարող լինել՝ հոգնած, երկար ճանապարհից նիհարած, ճիշտ է, նրա աչքերը դեռ վառված են երիտասարդական ոգևորությամբ, և ինքն էլ դառևս բոլորովին ծեր չէր։ Քայլողի անունն էր Չադ։ Ողջ ճանապարհի ընթացքում, անգույն, տաղտկալի անապատը, նրան լիովին զզվացրել էր։ նա երազում էր տեսնել գեթ մեկ կառույց, իր ճանապարհին հանդիպել գոնե մեկ կենդանի էակ։ Իսկ դրան հակառակ, քարերի ու չոր հողի մեջ այն, ինչ իրեն հանդիպեց՝
ծղոտե գլխով տարուբերվող մի խրտվիլակ էր, նույնքան մաշված, գունաթափված և քրքրված, որքան և ինքն՝ անապատը։ Սակայն անհրաժեշտ է ճմարտության համար ասել, որ խրտվիլակը բարյացակամ ժպտում էր։ Հետաքրքիր է, թե հենց ու՞մ էր այդ խրտվիլակը քշում, ու ի՞նչ նպատակով էր այն թողնվել անապատի մեջ։ Չադը հոգնած չափեց այն ոտքից՝ գլուխ, բարկությունից, նա ուզում էր պոկել խրտվիլակի գլուխը, բայց դրա համար ուժ չուներ, և ցանկություն էլ հատուկ չկար։ Չադը չարությամբ թքեց ու շարունակեց քարշ գալ։ Գնում է, բայց իրեն թվում է թե խրտվիլակը իր հայացքով սևեռված է իր մեջքին։ Ամենայն հավանականության թափ է տալիս իր լաթե գլուխը քամուց ու նայում է, նայում, միջաթափանց այրելով ամեն բան։
Դիմացը, վերջապես, մի միայնակ շինություն երևաց։ Չադը հոգնած ժպտաց ու իր երախտագիտությունը հայտնեց երկնքներին նման շռայլ նվերի համար։ Ընծան իրոք շռայլ էր, քանի որ շինությունը, պարզվեց, որ պանդոկ էր։ Չադը ներս մտավ, հայացքով անցավ դատարկ սեղանների վրայով և իր համար երեք գավաթ ընտիր գարեջուր պատվիրելով, խաղաղված ժպտաց, և նույն վայրկյանին նկատեց, որ պանդոկի պատուհաններից հոյակապ երևում է խրտվիլակի ուրվագիծը, որը նախկինի պես հետևում էր Չադին։
- Լսիր, սա ի՞նչ է, - հարցրեց նա պանդոկապանին։
Պանդոկապանը հայացքը ուղղեց Չադի ցույց տված մատի ուղղությամբ ու քմծիծաղ տվեց։
- Ինչպես թե ինչ է, խրտվիլակ։ Ինչ է ինքդ չե՞ս տեսնում։
- Այո, ես տեսնում եմ խրտվիլակը, իսկ ի՞նչ է նա այնտեղ միայնակ անում, անապատում, քարերի ու ճաքճքած հողի մեջ։ Ու՞մ է նա քշում։
- Ոչ ոքի, - զարմացած ուսերը վեր քաշեց պանդոկապանը։ - Իր համար կանգնած է էլի։ Այն ոչ ոքի չի խանգարում։ Համ էլ այն շատ հին խրտվիլակ է։ Նրան դեռ իմ ապուպապն էր հիշում։
- Իսկ ինչի՞ համար է այն, եթե նրանից օգուտ չկա, - լարվեց Չադը։
- Լսիր, - մռայլվեց պանդոկապանը, - վազն անցիր ինձանից։ Ավելի լավ է խմիչք պատվիրիր ու թուլացիր։
Միայն թե Չադը չէր հանգստանում։ Նայում էր ու նայում, հեռվում սևին տվող խրտվիլակին։ Նույնիսկ մթնշաղին նա նշմարում էր դրա ուրվագիծը։
- Ասա, - կրկին դիմեց նա պանդոկապանին, - իսկ եղե՞լ են մարդիկ, ովքեր ցանկացել են այն պոկել գետնից ու մի հեռու տեղ նետել։
- Իսկ ինչու՞։
- Դե, չգիտեմ, ուղղակի։
- Հիմար ես, - բարկացած ձեռքը թափ տվեց պանդոկապանը։
- Եթե ես դա անեմ, - սկսեց բարձրաձայն մտածել Չադը, - ես առաջինը կլինեմ, ում գլխին այդ հասարակ միտքը եկել է, միգուցե իմ մասին խոսեն։ Օրինակ, ինչ-որ մեկը կհարցնի՝ «Իսկ որտե՞ղ է խրտվիլակը»։ Իսկ նրան կպատասխանեն՝ «Դե այստեղ մի տղա այն պոկեց ու դեն նետեց։ Ոչ ոք այդ քայլն անել չէր խիզախում, իսկ նա արեց»։ Վաղը ես իմ հաշիվները կլուծեմ այդ լաթի կտորի հետ։
- Դու միայն թե չմոռանաս ինչ-որ մեկին օգնության կանչել, - անխրախուսաբար գլուխը տարուբերեց պանդոկապանը։
- Էդ ինչի՞ համար։ Ի՞նչ է այդ խրտվիլակը քարից է պատրաստված։ կարծում ես ես դրա հախից չե՞մ կարողանա գալ։ Ես մենակ մի հարվածով նրան կտապալեմ։
- Այն, որ կտապալես, ես չեմ կասկածում, միայն թե ո՞վ կհաստատի, որ այդ ոտքով հարվածը հենց դու ես հասցրել։ Ապացույցներ են պետք, այլապես ժողովուրդը քո մասին չի խոսի։ Այդպես էլ առանց փառքի կմեռնես, - ծիծաղեց պանդոկապանը։
- Այո, դու ճիշտ ես։ Վաղը ես ինչ-որ մեկին կվերցնեմ ինձ հետ։
Գիշերն անցավ եկավ առավոտը։ Չադը առույգորեն աչքի անց կացրեց պանդոկը, որը լի էր մարդկանցով։ Եվ ահա նրա աստեղային ժամն եկավ։ Այսօր նա կանի այն, ինչ նրանից առաջ ոչ ոք չի արել։
- Հեյ, - դիմեց նա աղմկող ամբոխին, - կա մարդ, ով ուզում է ինձ ընկերակցել ու քայլել մինչև խրտվիլակը, ես դրա համար նույնիսկ կվճարեմ։
Բայց ոչ ոք նույնիսկ ունքը չշարժեց։
- Ի՞նչ է, ոչ ոք չի՞ ուզում մի քանի մետաղադրամ աշխատել, - շփոթվեց Չադը։
Լռություն էր ի պատասխան։
- Դե ուրեմն այդպես, - ձեռքը թափ տվեց նա։
Դուրս գալով պանդոկից, նա տեսավ ծառի տակ նստած մի ծերունու։
- Հեյ, ծերուկ, մի քանի մետաղադրամ վաստակել չե՞ս ուզում։
- Այո, չեմ հրաժարվի, - բարյացակամ ժպտաց վերջինս։
- Դե ուրեմն արի միասին զբոսնենք մինչև խրտվիլակը։
- Ինչպես ասես։
Նրանք բավական առույգ հասան խրտվիլակի մոտ և ակնկալվող հաճույքից փայլող Չադը, դիմեց ծերունուն։
- Դու ուշադրությամբ հետևու՞մ ես ինձ։
- Ոչ, - պատասխանեց նա։
- Դե ուրեմն նայիր, - գոռաց նրա վրա Չադը։
- Չեմ կարող։
- Այդ ինչու՞։
- Որովհետև ոչինչ չեմ տեսնում։
- Ինչպե՞ս թե չես տեսնում։
- չեմ տեսնում և վերջ։ Ես կույր եմ։
- Այդ դեպքում ինչու՞ դու եկար ինձ հետ, - կատաղեց Չադը։
- Բայց դու ինձ չհարցրեցիր՝ ես կույր եմ թե՞ տեսնող։
- Իսկ ինչպե՞ս դու ընդհանրապես այստեղ հասար, եթե կույր ես։
- Ուղղակի ես շատ լավ գիտեմ մինչև խրտվիլակն ընկած ճանապարհը։ Դու ասացիր զբոսնենք մինչև խրտվիլակը, ես էլ զբոսնեցի։ Իսկ հիմա տուր ինձ խոստացված մետաղադրամները։
- Անիծվես դու, - հայհոյեց Չադը։ - Ինչ անեմ ես հիմա։ Ինձ պետք էր, որ ինչ-որ մեկը հաստատեր իմ գործողությունները։
Չադը ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց այդ պահին, չգիտես որտեղից ուժեղ քամի սկսեց։ Խրտվիլակը, կարծես կենդանի սկսեց թռչկոտել քամուց, անօգնական թափահարելով իր լաթե ձեռքերը, կարծես թե ազդարարելով սպասվելիք վտանգի մասին։ Մի վայրկյան էլ չէր անցել, որ վայրի փոթորիկ սկսեց։ Բռնվելով չոր թփից, Չադը սարսափով նայում էր, թե ինչպես սպանող քամին հեշտությամբ հողից պոկեց խրտվիլակը, տանելով իր հետ։ խրտվիլակը դիմադրում էր, կառչելով իր լաթե գլխով՝ քարերից, ձեռքերով փաթաթվելով չոր ճյուղերին ու դեռ դիմանում էր։ Վերջապես քամին հանդարտվեց։ Խրտվիլակը պառկած էր մեջքի վրա, անվրդով, ժպիտով նայելով պարզվող երկնքին։
Իսկ արդեն օգնության էին շտապում պանդոկի մշտական հաճախորդները, պանդոկապանի գլխավորությամբ։ Եվ որքան մեծ էր Չադի զարմանքը, երբ նա հասկացավ, որ նրանք շտապում են ոչ թե նրան փրկել, և նույնիսկ ոչ թե ծերունուն, այլ խրտվիլակը։ Նրանք խնամքով բարձրացրեցին խրտվիլակը, թափ տվեցին այն, ուղղեցին գլուխը, թափ տվեցին ավազը նրա տափակ քթից ու ամրացրեցին նրան իր հին վայրում։ Եվ ահա, խրտվիլակը կրկին լայն բացելով կողքերի վրա իր թևերը, հանգիստ տատանվեց իր անհամաչափ գլխով՝ քամուց։
- բայց ինչու՞, - Չադի շուրթերից գոռոց դուրս պրծավ։
- Այդպես է եղել միշտ, - հանգիստ պատասխանեց պանդոկապանը։ - Իմ ապուպապը փրկել է խրտվիլակը, երբ քամին նրան պոկել է գետնից, իմ պապը և հայրն են փրկել։ Ես էլ նրանցից հետ չեմ մնում։ Բա էլ ինչպե՞ս։ Ինքդ դատիր, ինչպե՞ս այս անապատի մեջ հասկանաս՝ փոխվում է ինչ-որ բան թե՞ ոչ։ Այստեղ միայն դատարկ ավազներ են ու քամիներ, ու ուրիշ ոչինչ։ Երբ խրտվիլակը չկա, թվում է թե ժամանակը գոյություն չունի և ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում՝ մի անդեմ օր փոխվում է սև ու նույնպիսի անդեմ գիշերով։ Իսկ այս խրտվիլակը, կարծես անցյալի փարոս լինի։ Նայում ես, թե ինչքան մաշված է ու հասկանում, որ ժամանակը գնում է, շարժվում է, ամեն բան շրջապատում փոխվում է, և մենք փոխվում ենք դրա հետ։ Նույնիսկ ես, այս երկար տարիների ընթացքում հասկացա գլխավորը՝ խրտվիլակը, դա մեր փորձն է, որը գալիս է պապերից, ապուպապերից, ու առանց դրա առաջընթացը հնարավոր չի լինի նկատել, քանի որ շուրջբոլորդ կլինի մի համատարած անապատ՝ անժամանակություն...
ԱՎԱ ԱՐԴՈ
