ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ալեքս Ալեմանիի "Մոգական ռեալիզմը"

Մի անգամ առավոտյան, երկու ծեր հոպոպ, արուն և էգը, զգացին, որ այս անգամ այլևս չեն կարողանալու բնից դուրս թռչել: Խիտ մշուշն էր պատել նրանց աչքերը, չնայած, որ երկինքն անամպ էր և օրը խոստանում էր արևոտ լինել: Սակայն նրանք երկուսն էլ միայն խավար մշուշ էին տեսնում և իրենց շուրջը ոչինչ չէին տարբերակում: Թռչունները ծեր էին և անուժ: Նրանց թևերի և պոչի փետուրները նման էին հին ոստերի: Ուժերն արդեն հատնում էր:

Ծեր հոպոպները որոշեցին այլևս չլքել բույնը և միասին սպասել իրենց վերջին ժամին, որը իրեն երկար սպասել չէր տա:

Սակայն նրանք սխալվում էին՝ նրանց այցելեցին իրենց երեխաները: Սկզբից երևաց որդիներից մեկը, ով պատահաբար կողքով էր թռչում: Նա նկատեց, որ ծեր ծնողները հիվանդ են և նրանց մենակ շատ դժվար է, և նա գնաց լուրը հասցնելու իր մնացած եղբայրներին և քույրերին:

Երբ բոլոր երիտասարդ հոպոպները հավաքվեցին հայրական տան մոտ, նրանցից մեկն ասաց՝

- Մեր ծնողներից մենք ստացել ենք ամենամեծ և անգին ընծան՝ կյանքը: Նրանք կերակրել և մեծացրել են մեզ, չխնայելով իրենց ուժերն ու իրենց մեջ եղած սերը: Եվ հիմա, երբ նրանք երկուսն էլ կույր են, հիվանդ և ի վիճակի չեն իրենց կերակրել, մեր սուրբ պարտքն է նրանց բուժելն ու խնամելը:

Այս խոսքերից հետո, բոլորը միահամուռ կերպով գործի անցան: Մի քանիսը անմիջապես սկսեցին նոր, ավելի տաք բույն կառուցել, մյուսները գնացին միջատներ և թրթուրներ որսալու, իսկ մնացածը թռավ անտառ:

Շուտով նոր տունը պատրաստ էր, որտեղ երեխաները զգուշությամբ տեղափոխեցին իրենց ծեր ծնողներին: Որպեսզի տաքացնեն նրանց, նրանք ծածկեցին ծերունիներին իրենց թևերով, ինչպես մայր թռչունն է տաքացնում իր մարմնի ջերմությամբ իր դեռ չծնված ձագուկներին: Հետո ծնողներին աղբյուրի ջուր խմեցրեցին, կերակրեցին, և զգուշությամբ սկսեցին մաքրել նրանց ծեր ու կոտրատվող փետուրները:

Վերջապես անտառից վերադարձան մնացած հոպոպները, և իրենց կտուցների մեջ բերեցին կուրությունից ապաքինող բույսեր: Բոլորը սկսեցին բուժել ծերունիներին այդ հրաշագործ խոտի հյութով: Սակայն բուժումը դանդաղ էր ընթանում, և ստիպված եղան զինվել համբերությամբ, փոխելով մեկմեկու և մենակ չթողնելով ծնողներին և ոչ մի րոպե:

Եվ ահա եկավ այն ուրախալի օրը, երբ հայրն ու մայրը բաց արեցին իրենց աչքերը, իրենց շուրջը նայեցին և ճանաչեցին իրենց զավակներին: Այսպես Երախտագիտություն և Սեր որդիները բուժեցին իրենց ծնողներին, վերադարձնելով նրանց տեսողությունն ու ուժերը:

Լեոնարդո դա Վինչի