Մութ անտառներում, խիտ անտառներում բարձր եղևնիների ու դարավոր կաղնիների մեջ երկչոթ հասնում են վառ արևի ճառագայթները։ Ժողովրդի մեջ ասում են՝ «Երբ արևը լուսավորում է ծառերի ու սոճիների արանքով՝ դա Անտառակյացն է իր կնոջ, Սվեսլավայի հետ գուրգուրվում»։ Եվ այսպիսի առասպել են պատմում։
Հին ժամանակներում, բոլոր անտառների պատասխանատուն Անտառակյացն էր։
Ոչ երիտասարդ էր, ոչ էլ ծեր Անտառակյացը, ոչ գեղեցիկ էր, ոչ էլ սարսափելի։ Ման էր գալիս Անտառակյացը երկար մուշտակով, իսկ գլխին մորթե գլխարկ ուներ, որը չէր հանում ոչ ամառը, ոչ էլ ձմեռը։
Անտառակյացից ոչ ոք չէր վախենում՝ բոլորը հարգում էին նրան։
Իր ամբողջ կյանքը, Անտառակյացն անց էր կացրել միայնության մեջ։ Ոչ սեր էր իմացել, ոչ քնքշություն։ Ու մտածում էր նա, որ այդպես էլ, մինչև իր կյանքի վերջը կմնա առանց կնոջ ու իր դարը կապրի միայնության մեջ։
Եվ այստեղ, մի առավոտ երբ անցնում էր Անտառակյացը մի բացատի մոտով, նայեց իսկ այնտեղ գեղեցկուհի աղջիկները շուրջպար են բռնել, երգեր են երգում։ Իսկ այդ գեղեցկուհիներից մեկը, իր գեղեցկությամբ մթնեցնում էր մնացած բոլորին։ Նրա ոսկե ծամերը քամուց ծածանվում էին, կապույտ աչքերը, կարծես երկնքում փայլող աստղեր լինեին, ալ շուրթերը այրվում էին հասած հատապտուղների պես, այտերի վրայի կարմրությունը նման էր հասած խնձորի։ Բոբիկ ոտքերով, գեղեցկուհին, ցողոտ խոտերի վրայով էր քայլում ու ուրախ երգ երգում։ Նայեց գեղեցկուհուն Անտառակյացն ու սիրահարվեց առանց հիշողության։ Մոտեցավ նա գեղեցկուհուն ու ասաց՝
- Մի բարկացիր ինձ վրա, գեղեցկուհի, որ ընդհատեցի ես քո զրնգուն երգը։ Մի ամաչիր իմ մաշված մուշտակի համար։ Թույլ տուր խոնարհվեմ քեզ ու ասեմ, թե ինչքան ես դու ինձ դուր եկել, կարծես ողջ կյանքս քեզ իմացել եմ։
Ժպտաց ի պատասխան գեղեցկուհին ու ասաց՝
- Չեմ ամաչում ես, տեր իմ, քո հին մուշտակից, մաշված։ Չեմ բարկանում ես քեզ վրա բոլորովին։ Հաճելի ես դու ինձ և դուր ես գալիս, Անտառակյաց։ Վաղուց էի ես քեզ նկատել։ Վաղուց, վառ արևի ճառագայթներով քո հոգին փորձել եմ ջերմացնել։ Մի բանն է միայն ինձ խանգարում քեզ սիրել՝ ես Սվեսկավան եմ, Արևի դուստրը, շատ ճարպիկ եմ ու ուրախ։ Իմ երիտասարդությունով ոչ մի կերպ չեմ կարողանում հագենալ, չեմ կշտանում պարզ լույսին նայելուց։ Օրեր շարունակ ես երգեր եմ երգում և թաքնվոցի խաղում իմ հավատարիմ ընկերուհիների հետ՝ ինձ հետ խաղաղ չի լինի, կտանջվես։ Իմ երիտասարդության հետևից ընկնելը քեզ դժվար կլինի։ Ես արագ եմ վազում, կարողանում եմ լավ թաքնվել։ Կթաքնվեմ ես քեզանից, ու դու ինձ չես գտնի։ Ես կուրախանամ, իսկ դու Անտառակյաց, կտխրես դառը, այլ ոչ թե կուրախանաս։ Ինչպե՞ս միասին ապրենք։
Ժպտաց ի պատասխան Անտառակյացը, պատասխանեց՝
- Ուրախացիր իմ գեղեցկուհի, ծիծաղիր ու կյանքով ուրախացիր։ Հենց դրա համար էլ դու վառ Արևի դուստրն ես, որ երգեր երգես, առավոտից մինչ երեկո թաքնվոցի խաղաս իմ մութ ու խիտ անտառներում, մութը ցրես, չարը քշես։ Իսկ իմ մասին, երիտասարդս, մի անհանգստացիր՝ հենց դրա համար էլ ես Անտառակյաց եմ, որ ծառերի ու փշոտ եղևնիների մեջ գտնեմ լույսի շողին՝ իմ սիրելի Սվեսլավուշկային։ Որտեղ էլ թաքնվես դու ինձանից, որտեղ էլ լինես, ես միշտ կգտնեմ քեզ քո զրնգուն ձայնով ու քո վառ լույսով։
Այ այսպես էլ սկսեցին միասին ապրել Անտառակյացն ու Սվեսլավան։ Ու նրանց ուրախ կյանքը սկսեց։ Սվեսլավան անընդհատ երգեր է երգում ու իր ընկերուհիների հետ ծառերի ետևում թաքնվում, իսկ նրա ամուսինը, Անտառակյացը, ամեն անգամ, առանց դժվարության գտնում է իր կնոջը, վառ Արևի դստերը։ Իսկ Սվեսլավան, դրա համար ամուսնուն, Անտառակյացին ամուր համբուրում է ու զրնգում ծիծաղում։
Այժմ նույնպես կարելի է տեսնել Անտառակյացի ու Սվեսլավայի այդ սերը։ Երբ քայլում ես անտառով, արևի շեղ ճառագայթները, անցնում են հզոր կաղնիների սաղարթի ու եղևնիների ճյուղերի միջով՝ դա նշանակում է, որ Սվեսլավան, Արևի դուստրը, իր ամուսնուց՝ Անտառակյացից որոշել է թաքնվել։
ԱՎԱ ԱՐԴՈ
