Մի տարօրինակ մարդ, Օլոֆ անունով, որոշեց իր կյանքը նորից սկսի, սակայն ինչպես անել դա, նա ավաղ չգիտեր:
Այդ ժամանակ Օլոֆի երեսուն տարին էր լրացել: Շատ բան էր նա հասցրել կյանքում տեսնել: Նրա հետ դժբախտություններ էին տեղի ունեցել, շատ լավ բաներ էլ էին եղել նրա կյանքում, նաև վատ բաներ, նաև սխալներ, որոնց հաշիվն Օլոֆը կորցրել էր:
— Ճիշտ չեմ ապրել, — ասում էր Օլոֆը: — Սխալ ընկերներ եմ ընտրել: Սխալ գործով եմ զբաղվել: Եվ բազում սխալ խոսքեր եմ ասել իմ կյանքի ընթացքում: Այնպես կուզեի ամեն ինչ նորից սկսել:
— Նորից ես ուզում, ուրեմն նորից, — ասաց Օլոֆին տեղացի իմաստունը, ում նա դիմել էր որ օգնի: — Բայց որպեսզի ամեն ինչը նորից սկսես, պետք է սկզբից մոռանալ քո ամբողջ ապրած կյանքը, — զգուշացրեց իմաստունը: — Ախր ամենասկզբում ոչինչ չկա: Համաձա՞յն ես Դու մոռանալ քո անցած կյանքը:
— Դե իհարկե համաձայն եմ, — առանց մտածելու պատասխանեց Օլոֆը: — Անցած կյանքի մասին հիշել անգամ չեմ ցանկանում:
— Դե ուրեմն գնանք, — իր ետևից կանչեց Օլոֆին իմաստունը: — Ես քեզ կտանեմ կախարդական ճանապարհի մոտ, որը կոչվում է «Սկզբի Սկիզբ»: Կանգնելով նրա վրա, դու քո կյանքը նորից կսկսես և առհավետ կմոռանաս քո անցյալ կյանքը:
— Ինչ երկար է, — մի պահ կասկածեց Օլոֆը, նայելով կախարդական ճանապարհի վրա, որի մոտ նրան իմաստունն էր բերել: — Երևի թե վերջ չունի:
— Այս ճանապարհը չի էլ կարող վերջ ունենալ, քանի որ նա Սկզբի Սկիզբն է, — պատասխանեց իմաստունը: — Բայց եթե դու վախենում ես, ապա դեռ կարող ես դուրս գալ նրա վրայից և ապրել այնպես, ինչպես ապրում էիր:
— Ոչ իհարկե, — քմծիծաղ տվեց Օլոֆը և հաստատակամ քայլ դրեց:
Առաջին քայլի հետ նրա նախկին կյանքը մոռացվեց առհավետ:
Անցավ ուղիղ երեսուն տարի: Օլոֆը, արդեն հասուն մարդ, կրկին եկավ իմաստունի մոտ:
— Դե ի՞նչ, — ժպիտով հարցրեց Օլոֆին իմաստունը: — Ապրեցի՞ր դու քո կյանքը նոր կերպով:
— Նոր կերպո՞վ, — բացականչեց Օլոֆը: — Ախր ես որտեղից իմանամ թե ինչպես եմ ես այն ապրել, եթե իմ հին կյանքը չեմ հիշում: Ես քո մոտ եմ եկել, մեծ իմաստուն, որ խնդրեմ նորից ինձ տանես այն կախարդական ճանապարհի մոտ: Ախր ինչ ուզում ես ասա, բայց ես այս կյանքս էլ վատ եմ ապրել, սխալ եմ ապրել:
— Ինչ արած, — ժպիտը չթաքցրեց իմաստունը, — չկա ավելի հեշտ բան: բայց ես ուզում եմ քեզ հիշեցնել, որ քայլ անելով քո նոր կյանքին ընդառաջ, նախկին կյանքդ կմոռանաս:
— Դե Աստված նրա հետ, — անհոգ ձեռքը թափ տվեց Օլոֆը:
Հայտնվելով կրկին կախարդական ճանապարհի վրա, Օլոֆը միայն թախծոտ հոգոց քաշեց՝
— Ախ, ինչ երկար է այս ճանապարհը: Ախ, ինչ երկար է… Բայց դե ինչ արած: Նորը միշտ պետք է սկզբից սկսել:
Եվ Օլոֆը առանց երկար մտածելու արեց իրա առաջին քայլը դեպի նոր կյանք:
Անցավ ևս երեսուն տարի: Եվ Օլոֆն, արդեն զառամյալ ծերունի, կրկին եկավ իմաստունի մոտ:
— Դե ի՞նչ, — հարցրեց Օլոֆին իմաստունը: — Ապրեցի՞ր դու քո կյանքը նորովի:
— Ի՞նչ ես ասում, — բացականչեց Օլոֆը: — Ինչպես կարող էի իմ կյանքը նորովի ապրել, եթե իմ հին կյանքը չեմ հիշում:
— Բայց ես քեզ զգուշացնում էի, — ժպտաց իմաստունը: — Ամեն ինչ նորից սկսելն անհնար է եթե հիշես հինը: Ախր այդ ժամանակ դա արդեն սկիզբ չի լինի, այլ շարունակություն:
— Բայց դա ճիշտ չի, — հուսահատ բացականչեց Օլոֆը: — Էլ ինչպե՞ս կարելի է սեփական կյանքը այլ կերպ ապրել, չհիշելով նախկինի սխալները: Ինչպե՞ս կարելի է ամեն ինչ սկզբից սկսել, չհիշելով անցյալը:
— Ոչ մի կերպ, — պատասխանեց իմաստունը: — Հիշու՞մ ես, նայելով «Սկզբի Սկիզբ» կախարդական ճանապարհին դու զարմացար թե որքան երկար է այն ու անսահման: Ախր այն իրոք անվերջ է, որովհետև նա քեզ շրջանով է տանում: Ամեն անգամ սկսելով ամեն ինչը նորից և մոռանալով սեփական անցյալը, քո նախկին սխալները, նախկին փորձը, դու կրկին նույն սխալներն էիր անում և նրանց վրա սովորում, իսկ հետո նորից մոռանում էիր և սկսում էիր անել այն կրկին: Դու քայլում էիր շրջանով:
— Նշանակում է ես այսքան ժամանակ անիմա՞ստ եմ վատնել, — հիասթափված ասաց Օլոֆը:
— Այդպիսին է Սկզբի Սկզբի օրենքը, — միայն կարողացավ այդ հարցին պատասխանել իմաստունը: — Ինչ արած:
Խեղճ Օլոֆը մահացավ անմիջապես իմաստունի հետ հանդիպումից հետո: Որոշ մարդիկ ասում էին, թե Օլոֆը մահացավ հիասթափությունից, մյուսները նշում էին տարիքը: Եվ միայն իմաստունը հանելուկային ժպտալով ասում էր՝
— Նա ուղղակի դադարեց նորից սկսելն ու նրա շրջանը վերջապես զատվեց:
ԱՎԱ ԱՐԴՈ