Ապրում էր ժամանակին մի պանծալի տղա, Հանս անունով: Նա ոչ մի բանով աչքի չէր ընկնում, միայն երևի բարի խոսքով ու ծիծաղելի կլոր, ուրախ դեմքով: Ապրում էր նա մեն մենակ իր փոքրիկ խրճիթում ու ամեն օր փորում էր իր այգին: Ամբողջ շրջանում չկար այդպիսի չքնաղ այգի: Ամիսներն իրար էին հաջորդում և մի ծաղիկները փոխվում էին մյուսներով ու միշտ նրա այգին հայացք էր շոյում և լցված էր քաղցր բույրով:
Փոքրիկ Հանսը շատ ընկերներ ուներ, բայց բոլորից ամենանվիրվածը Մեծ Գյուն էր` ջրաղացպանը:
Այո, հարուստ Ջրաղացպանը այնքան էր նվիրված Փոքրիկ Հանսին, որ ամեն անգամ, երբ անցնում էր նրա այգու կողքով, կախվում էր ցանկատի վրայով ու ծաղկեփունջ էր հավաքում կամ հոտավետ խոտերի փունջ, իսկ երբ գալիս էր պտուղների ժամանակը, նա գրպանները լցնում էր սալորներով և բալերով։
— Իսկական ընկերների մոտ ամեն բան պետք է ընդհանուր լինի, — ասում էր Ջրաղացպանը, իսկ Փոքրիկ Հանսը ժպտում էր ու գլխով անում՝ նա շատ էր հպարտանում, որ ունի այդպիսի վեհանձն հայացքներով ընկեր։
Ճիշտ է, հարևանները երբեմն զարմանում էին, թե ինչու է հարուստ Ջրաղացպանը, ով վեց կթան կով ու երկարագեղմ ոչխարների մի ամբողջ հոտ, իսկ ջրաղացում հարյուրավոր պարկ ալյուր ունի, երբեք ոչնչով իր երախտագիտությունը չի հայտնում Հանսին։ Սակայն Փոքրիկ Հանսը նման ոչ մի բանի մասին չէր մտածում և ավելի երջանիկ չէր կարող լինել քան՝ իրական ընկերության անձնազոհության մասին Ջրաղացպանի խոսքերը լսելը։
Եվ այսպես, Փոքրիկ Հանսը չարչարվում էր իր այգում։ Գարնանը, ամռանն ու աշնանը ոչ մի բանի կարիք չէր ունենում։ Բայց ձմռանը, երբ նա ոչ ծաղիկներ ուներ ոչ էլ պտուղներ, որը կարող էր շուկա տանել, ցրտին ու սովին էր դիմանում ու հաճախ պառկում էր քնելու առանց ընթրիքի, բավարարվելով մի քանի չորացրած տանձով կամ մի բուռ պինդ ընկույզով։ Բացի դրանից ձմռանը նա շատ միայնակ էր լինում — այդ ընթացքում Ջրաղացպանը երբեք նրան չէր այցելում։
— Ես չպետք է այցելեմ Փոքրիկ Հանսին, մինչև ձյունը չհալչի, — ասում էր Ջրաղացպանը իր կնոջը։ — Երբ մարդու համար դժվար է, նրան ավելի լավ է հանգիստ թողնես ու չհոգնեցնես նրան քո այցելություններով։ Այդպես եմ գոնե ես հասկանում ընկերությունը, ու ես համոզված եմ, որ ճիշտ եմ։ Կսպասեմ գարնան ու այդ ժամանակ կայցելեմ նրան։ Նա իմ կողովը կլցնի առաջին ծաղկած ծաղիկներով ու դա նրան այնքան բավականություն կպարգևի։
— Դու միշտ մտածում ես ուրիշների մասին, — պատասխանեց կինը, ով նստած էր բուխարիի կողքին գտնվող հարմարավետ բազկաթոռին, որտեղ վառ բոցավառվում էին սոճու փայտերը, — միայն ուրիշների մասին։ Ուղղակի բավականություն է լսել թե ինչպես ես դու դատում ընկերության մասին։ Մեր քահանան նույնիսկ, իմ կարծիքով, չի կարող այդքան գեղեցիկ խոսել, չնայած, որ ապրում է եռահարկ տանը ու ճկույթին ոսկե մատանի է կրում։
— Իսկ արդյո՞ք հնարավոր չի հրավիրել Փոքրիկ Հանսին այստեղ, — Ջրաղացպանին հարցրեց նրա փոքր որդին։ — Եթե խեղճ Հանսի գործերը լավ չեն, ես նրա հետ կկիսեմ իմ շիլան ու ցույց կտամ նրան իմ սպիտակ ճագարներին։
— Ինչքան հիմար ես դու, — բացականչեց Ջրաղացպանը։ — Ուղղակի չեմ իմանում արժե արդյոք քեզ դպրոց ուղարկել։ Միևնույն է ոչինչ չես սովորի։ Ախր եթե Հանսը գա մեր տուն ու տեսնի մեր տաք օջախը, լի ընթրիքն ու փառավոր կարմիր գինու տակառիկը, նա, միգուցե, կնախանձի մեզ, իսկ աշխարհում չկա ավելի վատ բան քան նախանձն է, այն յուրաքանչյուրի կփչացնի։ Իսկ ես, ոչ մի կերպ չեմ ուզում, որ Հանսը ավելի վատը դառնա։ Ես նրա ընկերն եմ ու միշտ հոգ եմ տանելու նրա մասին ու հետևելու եմ, որ նա չտրվի գայթակղությունների։ Ընդ որում եթե Հանսը գար այստեղ, նա միգուցե նույնիսկ ինձանից պարքով մի քիչ ալյուր խնդրեր, իսկ ես դա չեմ կարող անել։ Ալյուրը՝ մի բան է, իսկ ընկերությունը՝ այլ, ու չի կարելի դրանք իրար խառնել։ Այդ բառերը տարբեր կերպ են գրվում ու տարբեր բաներ են նշանակում։ Յուրաքանչյուրն էլ դա գիտե։
— Ինչ լավ ես դու ասում, — ասաց Ջրաղացպանի կինը, իրեն մի մեծ բաժակ տաքացրած էլ լցնելով։ — Ես նույնիսկ մի փոքր ննջեցի։ Ճիշտ ինչպես եկեղեցում։
— Շատերն են լավ արարքներ կատարում, — պատասխանեց Ջրաղացպանը, — բայց քիչ մարդ է կարողանում լավ խոսել։ Նշանակում է, որ խոսելն ավելի բարդ է, ու այդ պատճառով էլ ավելի արժանավոր։
Նոր էր ձմեռն ավարտվել և առաջին ծաղիկները բաց էին արել իրենց գունատ-դեղին աստղիկները, Ջրաղացպանը իր կնոջը հայտարարեց, որ գնում է Փոքրիկ Հանսին տեսության։
— Դու ոսկէ սիրտ ունես, — բացականչեց կինը։ — Դու միշտ մտածում ես ուրիշների մասին։ Չմոռանաս, ի միջիայլոց, քեզ հետ մի կողով ծաղիկ բերես։
Ջրաղացպանը կապեց հոմաղացի թևերը ծանր երկաթե շղթայով կանթից ու դատարկ կողովը ձեռքին իջավ բլրից։
— Բարև, Փոքրիկ Հանս, — ասաց Ջրաղացպանը։
— Բարև, — պատասխանեց Փոքրիկ Հանսը, հենվելով բահի վրա ու ամբողջ դեմքով ժպտալով։
— Դե, ինչպե՞ս անցկացրեցիր ձմեռը, — հարցրեց Ջրաղացպանը։
— Ինչ սիրալիր է, որ դուք ինձ այդ մասին հարցնում եք, — բացականչեց Փոքրիկ Հանսը։ — Խոստովանեմ, երբեմն շատ դժվար էր։ Բայց գարունն եկավ։ Հիմա և ես եմ լավ զգում և իմ ծաղիկները։
— Իսկ մենք ձմեռը հաճախ հիշում էինք ձեզ, Հանս, — ասաց Ջրաղացպանը, — անընդհատ մտածում էինք, թե ինչպես եք։
— Դուք շատ բարի եք, — պատասխանեց հանսը։ — Իսկ ես արդեն վախենում էի, թե դուք ինձ մոռացել եք։
— Դու ինձ զարմացնում ես, Հանս, — ասաց Ջրաղացպանը, — ընկերներին չեն մոռանում։ Ընկերությունը հենց դրանով է սքանչելի։ Բայց դու, վախենամ, ունակ չես գնահատել կյանքի ողջ պոեզիան։ Ի միջի այլոց՝ որքան լավն են քո առաջին ծաղիկները։
— Նրանք իրականում զարմանալիորեն լավն են, — համաձայնվեց Հանսը։ — Իմ բախտը բերել է, որ այսքան շատ է ծլել։ Ես այն շուկա կտանեմ, կվաճառեմ քաղաքագլուխի դստերը և այդ գումարով հետ կգնեմ իմ ձեռնասայլակը։
— Հե՞տ կգնես։ Հո չե՞ս ուզում ասել, որ գրավադրել ես այն։ Այ քեզ հիմար քայլ։
— Ինչ արած, — պատասխանեց Հանսը, — կարիք կար։ Ձմեռը, հասկանում եք, ինձ բավականին դժվար էր, ժամանակն է այդպիսին — նույնիսկ հաց առնելու գումար չունեի։ Ես էլ գրավադրեցի սկզբից՝ կիրակնորյա բաճկոնի արծաթե կոճակները, հետո արծաթյա շղթան, հետո իմ մեծ ծխամորճն ու վերջապես՝ ձեռնասայլակը։ Բայց հիմա ես այդ ամենը հետ կգնեմ։
— Հանս, — ասաց Ջրաղացպանը, — ես քեզ կնվիրեմ իմ ձեռնասայլակը, ճիշտ է, այն մի փոքր սարքին չէ։ Կարծես թե նրա մի կողը չկա ու անվաճաղերի հետ էլ ինչ-որ բան կարգին չի, բայց ես ամեն դեպքում կնվիրեմ քեզ այն։ Ես հասկանում եմ թե ինչքան առատաձեռն եմ, ու շատերը կասեն, թե ես սարսափելի հիմարություն եմ անում հրաժարվելով իմ ձեռնասայլակից, բայց ես բոլորի նման չեմ։ Առանց առատաձեռնության, իմ կարծիքով, ընկերություն չկա, և բացի դրանից ախր ես նոր ձեռնասայլակ եմ գնել։ Այնպես որ դու հիմա ձեռնասայլակի մասին մի մտահոգվիր։ Ես քեզ իմը կնվիրեմ։
— Դուք իրականում շատ առատաձեռն եք, — պատասխանեց Փոքրիկ Հանսը ու նրա ծիծաղելի կլոր դեմքը, ուղղակի ուրախությունից փայլեց։ — Ես տախտակ ունեմ ու առանց դժվարության այն կվերանորոգեմ։
— Դու տախտա՞կ ունես, — բացականչեց Ջրաղացպանը։ — Իսկ ես հենց տախտակ էլ փնտրում էի, որպեսզի վերանորոգեմ շտեմարանի տանիքը։ Այնտեղ մի մեծ անցք կա, ու եթե ես այն չփակեմ, իմ ողջ ցորենը կխոնավանա։ Լավ է, որ դու հիշեցիր տախտակի մասին։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպես է մի բարի գործը ծնում մի ուրիշը։ Ես քեզ նվիրեցի իմ ձեռնասայլակը, իսկ դու որոշեցիր ինձ տախտակ նվիրել։ Ճիշտ է ձեռնասայլակը շատ ավելի թանկ է, բայց իրական ընկերները դրան չեն նայում։ Դե բեր արագ ու ես այսօր արդեն գործի կանցնեմ։
— Հենց հիմա, — բացականչեց Հանսը ու անմիջապես վազ տվեց խորդանոց ու բերեց տախտակը։
— Այո, տախտակը մեծ չէ, մեծ չէ, — նկատեց Ջրաղացպանը զննելով այն։ — Վախենամ, որ երբ ես տանիքը նորոգեմ, ձեռնասայլակի համար էլ բան չի մնա։ Բայց դե դրանում իմ մեղքը չկա։ Իսկ հիմա, քանի որ ես քեզ ձեռնասայլակ եմ նվիրել, դու երևի կուզենաս ինձ ավելի շատ ծաղիկ նվիրել։ Ահա կողովը, բերնեբերան լցրու այն։
— Ամբողջությա՞մբ, — տխրությամբ կրկին հարցրեց Հանսը։
Կողովը շատ մեծ էր և նա տեսավ, որ եթե այն ամբողջությամբ լցնի, ապա շուկա տանելու բան չի ունենա, իսկ նա այնքան էր ուզում հետ գնել իր արծաթե կոճակները։
— Դե գիտես ինչ, — արձագանքեց Ջրաղացպանը, — ես քեզ ձեռնասայլակ նվիրեցի ու մտածում էի, որ կարող եմ քեզնից մի քիչ ծաղիկ խնդրել։ Ես համարում էի, որ իրական ընկերությունը ազատ է ամեն հաշվարկներից։ Նշանակում է ես սխալվել եմ։
— Իմ թանկագին ընկեր, իմ լավագույն ընկեր, — բացականչեց Փոքրիկ Հանսը։ — Վերցրեք թեկուզ իմ այգու բոլոր ծաղիկները։ Ձեր բարի կարծիքը ինձ համար շատ ավելի թանկ է ինչ-որ արծաթե կոճակներից։
Եվ նա վազեց, քաղեց իր բոլոր առաջին ծաղկած ծաղիկներն ու դրանով լցրեց Ջրաղացպանի կողովը։
— Ցտեսություն, Փոքրիկ Հանս, — ասաց Ջրաղացպանը ու տախտակն ուսին ու մեծ կողովը ձեռքին գնաց դեպի իր բլուրը։
— Ցտեսություն, — պատասխանեց Փոքրիկ Հանսը ու ուրախ անցավ բահով աշխատանքին՝ նա շատ ուրախ էր ձեռնասայլակի համար։
Մյուս օրը, երբ Փոքրիկ Հանսը ամրացնում էր ցախկեռասի ընձյուղները իր շքամուտքի մոտ, նա հանկարծ լսեց Ջրաղացպանի իրեն կանչող ձայնը։ Նա ցած թռավ աստիճաններից, վազելով մոտեցավ ցանկապատին ու նայեց ճանապարհին։ Այնտեղ կանգնած էր Ջրաղացպանը, մի մեծ պարկ ալյուր մեջքին։
— Թանկագին Հանս, — ասաց Ջրաղացպանը, — այս ալյուրով պարկը շուկա չե՞ս տանի։
— Շատ եմ Ափսոսում, — պատասխանեց Հանսը, — բայց ես իրոք, շատ զբաղված եմ այսօր։ Ես պետք է բարձրացնեմ բոլոր ընձյուղները, ջրեմ ծաղիկներն ու հնձեմ խոտը։
— Դա ընկերական չի, — ասաց Ջրաղացպանը։ — Ես պատրաստվում եմ քեզ ձեռնասայլակ նվիրել, իսկ դու հրաժարվում ես ինձ օգնել։
— Օ, այդպես մի ասեք, — բացականչեց Փոքրիկ Հանսը։ — Ես երբեք չէի ուզի ոչ ընկերական վարվել։
Ու նա տուն վազեց գլխարկի ետևից ու մեծ պարկը ուսերին քարշ գալով գնաց շուկա։
Օրը շատ շոգ էր, ճանապարհը՝ փոշոտ, ու Հանսը չհասնելով վեցերորդ մղոնաքարին այնքան հոգնեց, որ նստեց հանգստանալու։ Ուժերը հավաքելով նա շարունակեց ճանապարհը, ու վերջապես հասավ շուկային։ Շուտով նա վաճառեց ալյուրը լավ գնով ու անմիջապես հետդարձի ճանապարհը բռնեց, որովհետև վախենում էր ավազակների հանդիպել եթե մի փոքր հապաղի։
— Բարդ օր էր այսօր, — ինքն իրեն ասաց Հանսը, պառկելով անկողին։ — Սակայն ամեն դեպքում ես ուրախ եմ, որ Ջրաղացպանին չմերժեցի։ Ախր նա իմ լավագույն ընկերն է ու համ էլ խոստացել է ինձ նվիրել իր ձեռնասայլակը։
Հաջորդ օրը, Ջրաղացպանը, առավոտ շուտ հայտնվեց իր փողերի հետևից, բայց Փոքրիկ Հանսը այնքան հոգնած էր, որ դեռ անկողնում էր։
— Որքան ալարկոտ ես սակայն դու, — ասաց Ջրաղացպանը։ — Ես ախր պատրաստվում եմ քեզ իմ ձեռնասայլակը տալ ու դու, կարող էիր ավելի ջանասիրաբար աշխատել։ Անտարբերությունը — մեծ մեղք է, ու ես չէի ցանկանա ունենալ անբան ու ծույլ ընկեր։ Մի նեղացիր որ ես քեզ հետ այսպես անկեղծ եմ։ Մտքովս չէր անցնի քեզ հետ այդպես խոսել, եթե ես քո ընկերը չլինեի։ Ի՞նչ օգուտ ընկերությունից եթե չես կարող ասել այն, ինչ մտածում ես։ Ամենատարբեր հաճելիություններ շաղակրատել, քծնել ու համաձայնվել կարող է յուրաքանչյուրը բայց իրական ընկերը քաում է միայն ամենատհաճն ու երբեք կանգ չի առնի, որ քեզ տհաճություն պատճառի։ Ընկերը միշտ կգերադասի տհաճություն պատճառել քեզ, քանի որ գիտի, որ դրանում լավություն է անում։
— Մի բարկացեք, — ասաց Փոքրիկ Հանսը, տրորելով աչքերն ու հանելով գիշերային գլխարկը, — բայց ես երեկ այնպես էի հոգնել, որ ուզեցա մի փոքր անկողնում թավալ գամ ու լսեմ թռչունների երգը։ Ես իրականում միշտ ավելի լավ եմ աշխատում, երբ լսում եմ թռչունների երգը։
— Դե ինչ, եթե այդպես է, ես ուրախ եմ, — պատասխանեց Ջրաղացպանը, ափով թեթև խփելով Հանսի մեջքին, — որովհետև ես եկել եմ ասեմ քեզ, որ դու հենց վեր կենաս, ճանապարհվես ջրաղաց, որպեսզի նորոգես իմ ամբարի տանիքը։
Խեղճ Հանսը շատ էր ուզում այգում աշխատել — ախր նա արդեն երրորդ օրն էր, որ իր ծաղիկները չէր ջրում, բայց դե ամաչեց մերժի Ջրաղացպանին, ով ադքան բարի ընկեր էր նրա համար:
— Իսկ դա շատ անընկերական կլինի եթե ես ասեմ, որ ժամանակ չունեմ, — հարցրեց նա երկչոտ, անվստահ ձայնով:
— Բնականաբար, — պատասխանեց Ջրաղացպանը։ — Ես, ինձ թվում է, քեզանից շատ բան չեմ խնդրում, հատկապես եթե հիշենք, որ ես մտադրված եմ քեզ իմ ձեռնասայլակը նվիրել։ Բայց եթե Դու չես ուզում, ես կգնամ ու ինքս կնորոգեմ։
— Ինչ եք ասում, ինչպես կարելի է, — բացականչեց Հանսը ու վայրկյանական վեր թռչելով անկողնուց հագնվեց ու գնաց ամբարը վերանորոգելու։
Հանսը աշխատեց մինչև մայրամուտ իսկ մայրամուտին, Ջրաղացպանը եկավ նայելու թե ինչպես է աշխատանքը գնում։
— Դե ինչ, Հանս, ինչպես է իմ տանիքը, — գոռաց նա ուրախ։
— Պատրաստ է, — պատասխանեց Հանսն ու իջավ աստիճաններով։
— Ահ, չկա ավելի հաճելի աշխատանք, քան այն, ինչ մենք անում ենք ուրիշների համար, — ասաց Ջրաղացպանը։
— Ինչ բավականություն է Ձեզ լսելը, — պատասխանեց Հանսը, նստելով ու ճակատից քրտինքը սրբելով։ — Մեծ բավականություն է։ Միայն թե մտածում եմ, որ ես երբեք չեմ ունենա այնպիսի բարձրագույն մտքեր, ինչպիսին Դուք ունեք։
— Օ, դա կգա, — պատասխանեց Ջրաղացպանը։ — Միայն պետք է ջանալ։ Մինչ հիմա դու միայն գիտեիր ընկերության գործնական մասը, երբևէ հտիրապետես նաև տեսականին։
— Դուք իրո՞ք այդպես եք մտածում, — հարցրեց Հանսը։
— Եվ չեմ էլ կասկածում, — պատասխանեց Ջրաղացպանը։ — Բայց տանիքը հիմա կարգին է ու ժամանակն է որ տուն գնաս։ Մի լավ հանգստացիր, որովհետև վաղը դու պետք է իմ ոչխարներին սարը տանես։
Խեղճ Փոքրիկ Հանսը սիրտ չարեց ինչ-որ բան հակաճառել և առավոտյան, երբ Ջրաղացպանը նրա տան մոտ քշեց իր ոչխարներին, նրանց հետ ճանապարհ ընկավ սարերը։ Մի ամբողջ օր նա ծախսեց այն բանի վրա, որ ոչխարներին արոտավայր քշի ու հետ բերի և նա վերադարձավ տուն այնքան հոգնած, որ քնեց ուղղակի բազկաթոռի մեջ և արթնացավ արդեն օրվա պայծառ լույսի տակ։
— Դե այսօր ես մի կարգին կաշխատեմ իմ այգում, — ասաց նա ու անմիջապես անցավ աշխատանքի։
Բայց միշտ այնպես էր ստացվում, որ նա չէր կարողանում իր գործերով զբաղվել։ Նրա ընկեր Ջրաղացպանը անընդհատ գալիս էր նրա մոտ ու նրան ինչ-որ տեղ ուղարկում հանձնարարությամբ կամ իր հետ էր տանում, որ օգնի ջրաղացում։ Երբեմն Փոքրիկ Հանսը հուսահատության մեջ էր ընկնում ու սկսում էր վախենալ, որ հանկարծ ծաղիկները չորոշեն, թե նա բոլորովին մոռացել է նրանց մասին, բայց նա իրենց փարատում էր մտքով, որ Ջրաղացպանը — իր լավագույն ընկերն է։ «Բացի դրանից նա ինձ պատրաստվում է ձեռնասայլակ նվիրել, — ավելացնում էր նա նման դեպքերում, — իսկ դա զարմանալի շռայլություն է նրա կողմից»։
Այդպես էլ աշխատում էր Փոքրիկ Հանսը Ջրաղացպանի վրա, իսկ վերջինս գեղեցիկ խողքեր էր ասում ընկերության մասին, որոնք Հանսը գրանցում էր իր տետրի մեջ ու կարդում գիշերներով, որովհետև նա շատ ջանասեր աշակերտ էր։
Եվ ահա մի անգամ երեկոյան, երբ Փոքրիկ Հանսը նստած էր իր բուխարիի մոտ, ուժեղ դռան թակոց լսվեց։ Գիշերը փոթոկոտ էր և քամին այնքան սարսափելի էր ոռնում ամենուր, որ Հանսը սկզբից այդ ձայնը կարծեց թե փոթորիկի ձայնն է։ Սակայն դուռը կրկին ծեծեցին իսկ հետո նաև երրորդ անգամ, ավելի բարձր։
— Երևի մի ինչ-որ դժբախտ ճանապարհորդ է, — ինքն իրեն ասաց Հանսն ու նետվեց դուռը բացելու։
Շեմին կանգնած էր Ջրաղացպանը լապտերով և մի հաստ փայտ մյուս ձեռքում։
— Սիրելի Հանս, — բացականչեց Ջրաղացպանը։ — Մեծ դժբախտություն է պատահել ինձ։ Իմ տղան ընկել է սանդուղքից և ես գնում եմ Բժշկի հետևից։ Բայց Բժիշկը այնքան հեռու է ապրում, իսկ գիշերն էլ այնքան անձրևոտ է, որ ես որոշեցի՝ ավելի լավ չի լինի որ դու գնաս Բժշկին կանչելու իմ փոխարեն։ Ես ախր պատրաստվում եմ քեզ ձեռնասայլակ նվիրել, ու դու, եթե արդար նայենք, պարտավոր ես դրա դիմաց ինձ ծառայություն մատուցել։
— Դե իհարկե, — բացականչեց Փոքրիկ Հանսը։ — Դա մեծ պատիվ է իմ համար, որ դուք եկել եք ուղիղ ինձ մոտ։ Ես հենց հիմա կվազեմ Բժշկի հետևից։ Միայն թե լապտեր տվեք։ Դրսում շատ մութ է և ես վախենում եմ առվի մեջ ընկնել։
— Ես հաճույքով կտայի, — պատասխանեց Ջրաղացպանը, — բայց լապտերս նոր է և եթե նրա հետ մի բան պատահի՞։
— Դե ոչինչ, առանց լապտեր էլ յոլա կգնամ, — բացականչեց Փոքրիկ Հանսը։ Նա փաթաթվեց մեծ մուշտակի մեջ, գլխին հագավ տաք կարմիր գլխարկը, վիզը կապեց շարֆով ու ճանապարհ ընկավ։
Ինչ սարսափելի փոթորիկ էր։ Այնպիսի մութ էր կանգնած, որ Փոքրիկ Հանսը համարյա ոչինչ չէր տեսնում իր առջև, իսկ քամին այնքան մեծ ուժով էր վրա տալիս, որ Հանսը հազիվ էր կանգնած մնում ոտքերի վրա։ Բայց արիությունը նրան չէր լքում ու մի երեք ժամից նա հասավ այն տանը, որտեղ ապրում էր Բժիշկը ու ծեծեց դուռը։
— Ո՞վ է, — հարցրեց Բժիշկը, գլուխը հանելով ննջասենյակի պատուհանից։
— Ես եմ, Բժիշկ, Փոքրիկ Հանսը։
— Եվ ի՞նչ գործ ունես ինձ հետ, Փոքրիկ Հանս։
— Ջրաղացպանի որդին սանդուղքից ընկել է ու վնասվել, ու Ջրաղացպանը ձեզ խնդրում է արագ գաք։
— Լավ, — պատասխանեց Բժիշկը, հանձնարարեց որ բերեն ձիուն, երկարաճիթք կոշիկներն ու լապտերը, տնից դուրս եկավ ու գնաց Ջրաղացպանի մոտ։ Իսկ Հանսը քարշ գեկավ նրա հետևից։
Քամին սաստկանում էր, անձրևը կարծես դույլերով թափվեր։ Փոքրիկ Հանսը ձիու հետևից չէր հասցնում ու ոնց պատահի քարշ էր գալիս։ Նա ճանապարհը կորցրեց ու ընկավ մի շատ վտանգավոր ճահճի մեջ, որտեղ ամեն քայլափոխի խոր տեղեր էին։ Այնտեղ էլ խեղճ Հանսը խեղդվեց։
Հաջորդ օրը, հովիվները գտան Փոքրիկ Հանսին, ջրով լցված մի մեծ փոսի մեջ ու մարմինը տուն տարան։
Բոլորը եկան Փոքրի Հանսի թաղմանը, որովհետև բոլորը սիրում էին նրան։ Բայց ամենաշատը վշտում էր Ջրաղացպանը։
— Ես նրա լավագույն ընկերն էի, — ասում էր նա, — եվ արդար կլինի, որ ես առաջինը քայլեմ։
Եվ նա քայլում էր թաղման թափորի առջևից, երկար սև թիկնոցով ու ժամանակ առ ժամանակ աչքերն էր սրբում մեծ թաշկինակով։
— Փոքրիկ Հանսի մահը մեծ կորուստ է մեր բոլորի համար, — ասաց Դարբինը, երբ թաղումից հետո բոլորը հավաքվեցին մի հարմարավետ պանդոկում ու բուրավետ գինի էին խմում վրայից ուտելով քաղցր կարկանդակներ։
— Համենայն դեպս իմ համար, — պատասխանեց Ջրաղացպանը։ — Ես ախր, կարելի է համարել որ արդեն նվիրել էի նրան իմ ձեռնասայլակը ու հիմա չեմ էլ պատկերացնում թե ինչ պիտի անեմ դրա հետ՝ այն այնքան տեղ է զբաղեցնում տանը, իսկ եթե որոշեմ վաճառել ապա ոչինչ չեն վճարի քանի որ այն շատ կոտրված է։ Հետագայում ավելի զգուշավոր կլինեմ։ Հիմա ինձանից այլևս ոչ ոք ոչինչ չի ստանա։ Առատաձեռնությունը միշտ վնասում է մարդուն։
Օսկար Ուայլդ
