ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՄՈՒՍԻՆՍ ԱՍԵՑ, ՈՐ ԿԴԱՎԱՃԱՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈւՄ...

Հարց՝

Բարի օր Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունը X է։ Ես 28 տարեկան եմ։ Ապրում եմ ամուսնուս և երեխայիս հետ։ Ամուսնացած եմ արդեն 3 տարի։ Ես լուրջ, հաստատակամ, հասնող, արդար, ազնիվ, բարի, նուրբ, շատ խանդոտ մարդ եմ։

Փորձում եմ ինքնագնահատականս բարձր պահել, արտաքին տեսքիս հետևելով՝ հատկապես ծննդաբերությունից հետո։ Մարդիք ինձ ընկալում են, հնարավոր է, որպես շատ լուրջ, փակ մարդ։

Ծննդաբերությունից հետո կորել է ամուսնուս կողմից եղած ուշադրությունը, նրա կողմից միշտ նկատվում է իր վրա ուրիշ աղջիկների ուշադրությունը գրավելու ցանկությունը, որը իմ մեջ անասելի խանդ է առաջացնում։ Քնքշանք չի հերիքում՝ սիրած մարդու կողմից, և չեմ կարողանում վստահել նրան։

Նյարդային եմ, ամեն ինչ կոտրում եմ, կատաղությանս պահերին կարող եմ ինչ որ բան կոտրել։ Հայհոյում եմ և սկանդալներ եմ սարքում։ Մի խոսքով, առաջ ինձ շատ դժվար էր հունից հանել։

Երբ խոսքը հասնում է իմ կարյերային, ուսմանը, ես հասկանում եմ, որ ոչինչ չեմ կարողանա անել երեխան ձեռքիս (3 ամսեկան)՝ խնդիրը ավելի սուր է զգացվում։

Ես նպատակ ունեմ՝ ուզում եմ շատ որոշակի տեղում անցնել աշխատանքի։ Ամուսինս վերջերս հիշատակեց, որ իր ընկերուհին է այնտեղ աշխատում։ Հենց այդ պահին էլ մեջս ամեն ինչ սկսեց եփ գալ՝ այդ ինչպես այսպես ստացվեց՝ ես այսքան հղի մնացի, հետո ծննդաբերեցի, հիմա երեխայի հետ եմ անց կացնում, սակայն ես էլ եմ ուզում աշխատել, չեմ ուզում տանը նստել։ Եվ սկսեցի կոտրելն ու ջարդելը՝ բարկությունս այդպես ավելի հեշտ է դուրս գալիս։ Ի միջի այլոց, երեխա ունենալու միտքը ամուսնունս է, իսկ ես մտածեցի՝ թող լինի ինչ լինելու է։ Հիմա էլ այսպես նստած եմ։

Խնդիրը առաջին անգամ երևան եկավ, երբ ես հղի էի, իսկ կողքովս բավականին ձեռնատու աշխատավայրեր էին անցնում և ես հասկացա, որ հղիությունը ինձնից խլեց իմ աշխատունակությունը։ Հղիության պատճառով չկարողացա աշխատանքի ընդունվել։

Հիմա եթե իմ խնդիրը չլուծվի՝ ընտանիքս կորած է։ Ինչպես պարզվեց, ես իմ բարկության մեջ բավականին տհաճ դեսպոտ եմ, իսկ չարությունս բավական շատ է կուտակվել մեջս և օր օրի զսպելը դառնում է անհնար։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր նամակից կարելի է նկատել, որ Դուք հետծննդյան դեպրեսիայի մեջ եք, որն լուրջ վերաբերմունքի և բուժման կարիք ունի։ Հավատացեք, որ նույնիսկ 3-ամսական երեխայի հետ կարելի է զբաղվել անձնային և կարիերային աճով։ Ինձ դուր չի գալիս այն փաստը, որ երեխա ունենալու որոշման պատասխանատվությունը, Դուք ամբողջովին գցում եք Ձեր ամուսնու վրա։ Ես ուզում եմ, որ Դուք ավելի շատ ուշադրություն դարձնեք Ձեր այսօրվա մայրական զգացումների և երեխայի հետ ունեցած Ձեր հարաբերությունների վրա։ Աստված մարդուն առաջին հերթին որպես մարդ, ծնող է ստեղծել, հետո նոր աշխատող։ Այն, որ Դուք երեք ամիս առաջ հրաշք եք գործել՝ երեխայի ծնունդը ամենամեծ հրաշքն ու գործն է, որ մարդը ի վիճակի է անելու, չպետք է անուշադրության մատնվի։ Ես չգիտեմ, թե ինչ պատճառով է Ձեր համար աշխատանքը դարձել երեխայից թանկ ինքնարժեք, սակայն Ձեր միտքը ընտանիքի փլուզման մասին՝ արդար չէ։ Մի փնտրեք մեղավորներ այս իրավիճակում։ Միակ մեղավորը Դուք եք, որ այս իրավիճակին սխալ տեսանկյունից եք նայում։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: