Երկրի վրա չկա ավելի խոշոր կենդանի քան փիղն է: Օժտված լինելով անասելի ուժով, նա տարբերվում է իր բարի բնույթով, չափից դուրս ազնիվ է և արդար:
Փղերն ապրում են խոշոր կլաններով, որտեղ անվերապահորեն իշխում է տարիքով ամենամեծ առաջնորդը: Նա է որոշում ճանապարհը և իր ետևից տանում մնացածներին: Երթը եզրափակում է փորձառու էգ փիղը:
Հատուկ հոգատարությամբ և սիրով են շրջապատված փոքրիկները: Նրանց են հասնում ամենահամեղ արմատներն ու հատապտուղները: Երբ նրանց ճանապարհին գետ է պատահում, հասուն փղերը մտնում են ջուրը և իրենց հզոր մարմիններով ամբարտակ են պատրաստում, որպեսզի հոսանքն ի վար, իրենց փղիկների համար հասանելի լիճ գոյանա:
Ջրի մեծ սիրահար փղերը, սակայն լողալ չգիտեն, քանի որ չափից ավելի մեծ քաշ ունեն: Հատկապես երկար նրանք ջրի մեջ խաղում են լիալուսնի օրերին, կարծես թե մի խորհրդավոր ծիսակատարություն անց կացնեն նվիրված գիշերային լուսատուին:
Հիվանդացած փղին բուժում են շփումներով և բուժիչ խոտերով: Երբեմն, խոտերի կամ ծաղիկների փնջեր քաղելով նրանք այն նետում են վերև այնքան բարձր, կարծես զոհաբերելով այն երկնքին և աղոթելով իրենց հիվանդ ցեղակցի ապաքինման համար:
Փղերը չունեն թշնամիներ, բացի նրանց ժանիքների որսորդներից, ովքեր իրենց փափագած ավարը ստանալու համար դիմում են կամայական խորամանկությունների: Գտնվելով շրջափակման մեջ, փղերն ուժեղ հարվածելով ծառերին կոտրում են իրենց ժանիքները: Դրանով նրանք կարողանում են փրկել իրենց բալիկների կյանքը:
Երբ փողն ընկնում է որսորդների կողմից խորամանկորեն լարված թակարդը, փղերի ողջ կլանը, իրենց առաջնորդի հրամանով սկսում է փոսը լցնել հողով, ծառի ճյուղերով, գերաններով, մինչև այդ դժբախտը հաջողությամբ դուրս չպրծնի այնտեղից:
Այդ բարեսիրտ հսկաները, չարը չեն հիշում և հոգատարությամբ են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մոլորվել են ջունգլիների լաբիրինթոսում: Նրանք դուրս են բերում նրանց անտառից և ցույց տալիս դեպի գյուղ տանող ճանապարհը:
Սակայն նրանք էլ իրենց թուլություններն ունեն: Նրանք տանել չեն կարողանում խոճկորների վժժոցը և վախենում են մկներից: Հերիք է որ նրանց ճամբարում մի մոխրագույն մուկ հայտնվի՝ փղերը ընկնում են մոլուցքի մեջ, անկանոն վազում են այս ու այն կողմ, ջախջախելով և ավերելով իրենց ճանապարհին ամեն ինչ և իրար վնասվածքներ հասցնելով:
Սակայն ինչպես միշտ, փոթորկին հետևում է հանդարտությունը, և նորից այդ հսկաները խաղաղ խոտ են արածում և լողանում գետում:
Լեոնարդո դա Վինչի