Ամուր փակված պահարանում, աշխարհի աղմուկից հեռու էր անցնում Հատակի Խոզանակների Բարձրագույն Խոհուրդը։ Առաջին հայացքից այս պարոնայք նշանակալի էին նրանով, որ իրենց խոշոր, ամուր գլուխները պահվում են նիհար իրանի վրա, իսկ շատ թե քիչ խիտ մազերը, սպառնալի ուղղված են դեպի երկինք։ Նրանց օրենքը – ամրություն ու անսասանություն։ Բոլոր այդ նշանակալի հատակի խոզանակները կրթություն էին ստացել Հատակի Խոզանակների Բարձրագույն Դպրոցում, ում քաջակորով նշանաբանը, ինչպես մենք գիտենք՝ «Ծառայությունը՝ ամենից առաջ»։
Հատակի խոզանակների Նախագահը իր ճառի մեջ զգուշավորությամբ կառչեց միայն այդ գաղափարից։
- Ինչի՞ն պետք է ձգտեն հատակի խոզանակի բոլոր դիտավորությունները, - հարցնում էր նա, - եթե ոչ մի գործողության, որը բնորոշ է իրեն և թելադրվում է հենց իր ձևով։
Այստեղ նա սկսեց հմայլվել նմանությամբ, որը գոյություն ունի բոլոր հատակի խոզանակների մոտ, նրանց մտքի միասնականությամբ, ավելի ճիշտ՝ իրենց գաղափարների մեջ եղած եղբայրական համաձայնությամբ։ Եվ ի՞նչն է դրա պատճառը։ Գործողությունը, որը միշտ եղել է ու միշտ կլինի՝
- Ներոնի ժամանակներում, պարոնայք, և Հելիոգաբալի ժամանակներում գոյություն ուներ մի ինչ-որ այլ բան, տարբերվող այն արյունալի խելահեղություններից, որն այդքան գրավիչ է թեթևամիտ խելքի համար։ Համոզված եղեք, որ այն ժամանակ էլ, խոզանակների համար նախատեսած պահարաններում, հնարավոր էր հանդիպել վեհ ու վսեմ խոզանակների, որոնք երդում էին տալիս միշտ խոզանակ մնալ և ամբողջությամբ իրենց նվիրել մաքրությանը։ Խիզախեմ ասել, որ կարգ ու կանոնը հանդիսանում է անկարգության ա փոփոխ էություն։ Պարտքի համար բարձրագույն ծառայության գործողության գաղափար, որն իրականացվում է՝ հենց գործողության և այն ձևի միջև եղած բացարձակ համաձայնությամբ, ով այն իրականացնում է։ Ահա թե ինչ է անհրաժեշտ հանրության գոյության համար, կամ ավելի ճշգրիտ ասած հեղափոխության տեսքով հանրության գոյության համար։ Եվ ի՞նչ է իր էությամբ հանդիսանում իրական արիստոկրատիան, եթե ոչ աննշան միասնություն նրանց, ովքեր գիտակցում է իրեն որպես անբասիր գործիք, նախատեսված անհրաժեշտ աշխատանքի կատարման համար։ Աստվածներին դուր չի գալիս, որ ինձ համար օտար են երևակայության գայթակղությունները։ Երբեմն մեզ մեղադրում են երևակայության պակասի մեջ։ Բայց դա միայն այն պատճառով, որ մեր երևակայությունը կշռադատվում է գործողության հետ և մեզանից յուրաքանչյուրի մեջ թողնում է մեր բանականությանը համապատասխան միանման խոր հետք։ Իհարկե մաշվելու ժամանակը գալիս է յուրաքանչյուր հատակի խոզանակի համար, ինչպես և ամեն բանի համար այս աշխարհում։ Բայց ես նաև կարող եմ ասել, որ անսասան սկզբունքների փայլեցման երկար պրակտիկան, շատ տարիներով երկարացնում է աշխատունակությունն ու օգտակարություն ունեցող ծերությունը։ Որպես ամփոփում հիշեցնեմ Ձեզ մի հինավուրձ իմաստություն՝ հին խոզանակն ավելի մաքուր է ավլում։
Խոզանակները հավանությամբ կտկտացրեցին։ Շատ մարդիկ, նույնիսկ այլ հարկերում արթնացան, որոշելով, որ եկել է արթնանալու ժամանակը։ Բայց ամեն բան արդեն լռեց։ Հենց գործելու գաղափարը դեռ հանգիստ էր ուզում, երազանք ու ծափահարություններ։ Այն բանից հետո երբ դիվանապահ-խոզանակը շարադրեց խոզանակների պատմությունը, սկսելով ամենահին վկայություններից, բարոյագետ-խոզանակը մի քանի անգամ շուռումուռ տվեց իր նիհար կերպարանքը աջ ու ձախ, ինչ-որ իմաստալից խոսք կամ նշանաբան փնտրելով, որոնք անհրաժեշտ էին ոչ այնքան այն բանի համար, որ խոզանակները ուղղվեն – քանի որ նրանք առանց այն էլ երբեք չեն ճկվում, որքան այն բանի համար, որ զվարճացնեն և հագեցնեն ինքնահավանությամբ։
- Անպայմանորեն, Մարկ Ավրելիոսը կարող էր ասել՝ «Եթե ես սոխակ լինեի, ես կերգեի։ Բայց ես հատակի խոզանակ եմ և անում եմ այն, ինչ նախորոշված է ինձ իմ բնությամբ և ինչի համար ես ստեղծվել եմ»։ Պարոնայք, ես կարող էի տալ խոզանակին հետևյալ խորհուրդը՝ «Ձեր ինչի՞ն է պետք փոշին և մաքրողը։ Դրանք անցողիկ են ինչպես ամպերը երկնքում։ Սակայն դուք գտնվելով մաքրողի և փոշու արանքում, հանդիսանում եք անփոխարինելի միջոց և հավերժ գաղափար»։
Սակայն քանի որ սեղմ մաքսիմ էր պահանջվում, որն արժանի էր մեծ, միջին և փոքր Հատակի Խոզանակների տարեգրությանը, կանգ առան երեք բառից կազմված արտահայտության վրա, որը հոյակապ արտահայտում էր միաժամանակ և հատակի խոզանակների ֆիզիոլոգիան և նրանց բոլոր գաղափարների կառավարող սկզբունքը՝ «Աննկունություն՝ հնազանդության մեջ»։ Եվ քաջալերանքի աղմուկը որը բարձրացավ պահարանում այնքան մեծ էր, որ մոտակայքում քնած Անատոլը, մեծ ճիգեր գործադրելով պոկվեց իր երազից և մի վայրկյան մտածեց – թե երազում է տեսել, որ խոզանակները հավաքվել են իրենք իրենցով, առանց կողմնակի օգնության, որ մաքրություն սկսեն։
Իզուր հույսեր և դատարկ մտքեր։ Կաթնավաճառի գոռոցը թնդաց փողոցով։ Անատոլը լվացվեց, քթի տակ մի երգ մրմնջալով և նրա գլխի մեջ ծնվեցին բազմաթիվ մտքեր, նախագծեր։ Նա բաց արեց պահարանի դուռը և առանց ձևականության վերցեց նախագահ-խոզանակի պոչից։ Այ քեզ սարսափ։ Նա նրան պահում էր գլուխը դեպի ներքև։ Ինչպիսի գռեհկություն։ Միայն թե իշխանությունը դրա մասին բոլորովին չի մտածում՝ արդյո՞ք գոյություն ունի ավելի լավ և ավելի օգտակար զենք քան հարգարժան գլուխն է։
Էմիլ-Օգյուստ Շարտյե
