ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՂՋԻԿ-ՈՐԲՈՒԿՆ Ու ՍԱՏԱՆԱՆ ՈւՍԵՐԻ ԵՏԵՎՈւՄ

Գնում էր Ֆեդուլը երկար ճանապարհով, ոտքերն էր մաշում, իր ճակատագիրն էր փնտրում։ Եվ ճանապարհը նրան բերեց մեռած վայրեր, խոր ճահիճներ։ Թռչունները սարսափելի գոռում էին, գորտերն իրար ընդհատելով կռկռում, իսկ քարի վրա, այդ ամենի մեջ սատանան էր նստած ու չար աչքերը անկոչ հյուրին էր հառել։

- Ի՞նչ ես փնտրում դու այստեղ, մարդ, - հարցնում է սատանան։ - Մի՞թե այլ ճանապարհ չգտնվեց։

- Այո, միգուցե և չգտնվեց, - առանց ամաչելու պատասխանեց Ֆեդուլը։ - Երևի ճակատագիրն է իմ այդպիսի, ճահիճների միջով պետք է անցնեմ։ Կյանքը, ախր այդպիսին է՝ մեկ թեթև է, մեկ բարդ, մեկ երկինք ես բարձրանում, ու աստծո մոտ հասնում, մեկ էլ փոսն ընկնում ու չարքերին հիշում։

- Իմաստուն ես, ինչպես տեսնում եմ, մարդ, - քմծիծաղ տվեց սատանան։ - Երևում է շա՞տ բան ես տեսել քո ճանապարհին։

- Միգուցե և շատ բան եմ հանդիպել, - պատասխանեց Ֆեդուլը, - բայց տեսել եմ քիչ։ Այդ պատճառով էլ գնում եմ իմ ճանապարհով, դեպի դեռևս չտեսած վայրեր՝ աշխարհը տեսնեն ու ինձ ցույց տամ։

- Վերցրու ինձ էլ քո հետ, - առաջարկեց սատանան։ - Նստած եմ ես այստեղ, լույսի երես չեմ տեսնում։ Գոնե մի աչքով նայեմ, թե ինչ է աշխարհի վրա կատարվում։

- Էհ, բայց դու շատ խորամանկ ես, չարք, ինչպես ես տեսնում եմ, - քմծիծաղ տվեց Ֆեդուլը։ - Մի փոքր էլ, ու վզիս կնստես ու ոտքերդ էլ կկախես։ Ինչպե՞ս ես քեզ ինձ հետ կվերցնեմ, երբ մարդիկ քեզնից, նզովյալ, մահից շատ են վախենում։ Ախր ինձ քեզ հետ, կոտոշավորի, ոչ ոք քաղաք չի թողնի։

- Իսկ դու դրա համար մի վախեցիր, - ասաց սատանան։ - Ես նման դեպքերի համար պարկ ունեմ պահած։ Կնստեմ ես պարկի մեջ, իսկ դու ինձ քո ուժեղ ուսերին կգցես։ Ես լուռ ու մունջ կնստեմ։ Իսկ որ քեզ ծանր կլինի, դու դրա մասին մոռացիր՝ իմ, սատանայական ծանրությունը, քաշի մեջ չէ։

- Լավ, - համաձայնվեց Ֆեդուլը։ - Մտիր պարկը։ Դու թեև չարք ես, բայց դու էլ ես ուզում կյանքին նայել։

Թռավ սատանան պարկի մեջ, գունդուկծիկ եղավ ու լուռ նստեց։ Իսկ Ֆեդուլը, պարկը մեջքին գցեց ու գնաց ուր աչքերն է կտրում։

Երկար գնաց թե կարճ նա, ու նրան իր ճանապարհին մի աղջիկ հանդիպեց։ Նկատեց նա ֆեդուլին, աշխուժացավ նա։ Նրա պարզ աչքերը պսպղացին աստղերի պես։ Նետվեց աղջիկը Ֆեդուլին, նրա ոտքերն ընկավ, աղաչեց՝

- Ինձ քո հետ վերցրու, բարի մարդ։ Ինձ փորձանքի մեջ, մենության մեջ մի թող։ Վռնդել են ինձ , որբուկիս, տանից։ Տեղ չունեմ գնալու։

- Կվերցնեի ես քեզ ինձ հետ, գեղեցկուհի, - ասաց Ֆեդուլը, - միայն թե սատանա է իմ ուսերի ետևում։ Կուզենա՞ս դու այդ չարքի հետ մի ճանապարհով գնալ։

- Ոչինչ, - պատասխանեց աղջիկը, - այդքան սարսափելի չէ սատանան, քան նրա մասին պատմում են, ու այնքան սև չի սատանան, որքան նրան նկարում են։

Վերցրեց Ֆեդուլը աղջկա ձեռքից ու գնացին նրանք միասին քաղաք տանող ճանապարհով։ Մտան քաղաք, իսկ ողջ քաղաքում առևտուր է եռում։ Առևտրականները ճանապարհորդներին են դիմավորում, իրենց ապրանքներն են առաջարկում։ Ուզում էր արդեն Ֆեդուլը մի հացի բոքոն գնել, արդեն փողերն էր հանել, մեկ էլ լսում է սատանայի շշնջոցը իր ձախ ականջին՝

- Հիմար մարդ ես դու, ինչու ես դու փող ծախսում։ Գողացիր դու հացը՝ համ փողդ կխնայես համ կուշտ կլինես։

Մտածեց Ֆեդուլը, խորհեց, ուզում էր արդեն սատանայի հուշումով վարվել, միայն թե աղջիկ-որբուկը նրան հետ համոզեց։

- Մի վերցրու, - ասում է, - ուրիշինը, բարի մարդ։ Մի գողացիր։ Կխնայես դու քո անունը խայտառակությունից և հոգիդ՝ մեղքից։

Այդպես էլ դրանից հետո կատարվեց՝ ինչ էլ որ Ֆեդուլը չաներ, ինչ, որ չնախաձեռներ, անմիջապես նա խորհուրդներ էր լսում երկու կողմից՝ սատանայից ու աղջիկ-որբուկից։ Հոգնեց Ֆեդուլը այդպիսի կյանքից։ Բոլորովին տանջվեց։ Ինչ անի, խելքին բան չի գալիս։

Միայն թե Ֆեդուլին մի ծերունի հանդիպեց այդ պահին։ Նայեց ծերունին իր իմաստուն աչքերով Ֆեդուլի ուսի ետևում գցված պարկին, աղջկան նայեց ու ասաց՝

- Տար դու, երիտասարդ, սատանային հետ՝ խոր ճահիճ, իսկ աղջկան տար նրա հարազատ գյուղ։ Ու գնա քո ճանապարհով՝ թեթևությամբ և գլխիդ մեջ ազատությամբ։

Մտածեց-մտածեց Ֆեդուլը, գցեց բռնեց, ինչքան ժամանակ պետք է անիմաստ ծախսի ու որքան վերստ անցնի, որ աղջկան ու սատանային իրենց տեղերը վերադարձնի։ «Ես համարյա կես կյանք կծախսեմ իմ վերադարձի վրա», - մտածեց Ֆեդուլը։ Ու շտկելով պարկը ուսի վրա և վերցնելով աղջիկ-որբուկի ձեռքից շարունակեց իր ճանապարհը։

Այդպես էլ անցավ Ֆեդուլն իր երկար ճանապարհը, սատանան ուսերի ետևում և աղջիկ-որբուկի ձեռքը բռնած։ Եվ այն ամենը, ինչ լսում էր, դա նրանց ձայներն ու խորհուրդներն էին, իսկ տեսավ նա ավելի քիչ քան լսեց։

ԱՎԱ ԱՐԴՈ