...կամ երեխայի համատեղ քունը մոր հետ, որպես սեպարացիայի խանգարման լուրջ հոգեբանական խնդիր։
Խոսենք մերօրյան ամենաքննարկվող հարցերից մեկի մասին` երեխայի համատեղ քնի՝ մոր կամ ծնողների հետ։ Այս թեմայի վերաբերյալ կան բազմաթիվ հակասական տեսակետներ, մոտեցումներ և միֆեր։ Եկեք դիտարկենք երևույթը հոգեբանության տեսանկյունից։
Տարակարծություն և առասպելներ
Կան կարծիքներ, որ երեխայի համատեղ քունը մոր հետ համարվում է խրախուսելի մինչև 3 տարեկանը, պատճառաբանելով, որ դա նպաստում է երեխայի ապահովվածության զգացման ձևավորմանը և ավելի շատ սիրված լինելու զգացողությանը, քանի դեռ երեխայի «Ես»-ը չի ձևավորվել, սական արդյոք դա այդպես է, և որն է հիմնական պատճառը, որ մայրերը երբեմն նախընտրում են իրենց երեխաներին քնեցնել իրենց անկողնում։
Ծնողի դրդապատճառները
Առաջնային պատճառը այն է, որ մայրը երեխայի ծնունդի առաջին տարում անքուն գիշերներ է ունենում և չի ցանկանում վեր կենալ մի քանի անգամ, ավելի հեշտ է երեխային կողքը պառկեցնելը։ Երբեմն ավելի մեծ տարիքում՝ 3-9 տարեկան, երբեն անգամ մինչ դեռահասություն, մայրը՝ աշխատանքային զբաղված գրաֆիկ ունենալու դեպքում՝ ցանկանալով այդ ժամանակային բացը լրացնել, երեխային քնեցնում է իր անկողնում իր կողքը, ցանկանալով այդ սերը և ջերմությունը տալ երեխային գիշերային քնի ժամանակ, սակայն այդ սերը կարելի է տալ նաև օրվա մեջ յուրաքանչյուր ժամի թեկուզ փոքր քանակով, բայց որակյալ և անկեղծ էմոցիաներով հագեցած։
Քննարկենք թե ինչ է թաքնված համատեղ քնի ետևում, և ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին երեխայի, ինչպես նաև հենց ծնողների համար։
Բացասական հետևանքները
Պրոֆեսոր, հոգեբույժ Գ.Վ. Կոզլովսկայան նշում է, որ համատեղ քունը ծնողների հետ, դաստիարակության սխալ և ավելորդ մեթոդ է, որը նպաստում է զարգացման ուշացումների առաջացմանը, հատկապես մտավոր, երեխայի՝ որպես անհատի զարգացումը արգելակվում է, նրա անկախությունը չի զարգանում և նպաստում է ինֆանտիլիզմին:
Նման երեխաները կարող են դժվարություններ ունենալ կամ անկարողություն՝ պատասխանատվություն ստանձնելու իր արարքների համար և իրեն պահելու հասուն չափահաս մարդու պես:
Բացի այդ, այն երեխաները, ովքեր երկար ժամանակ քնում են մոր կողքին, շատ ավելի ուշ են զարգացնում այնպիսի կարևոր մտավոր ֆունկցիա, ինչպիսին է սեռի նույնականացումը։ Տղա երեխաների մոտ խանդ է առաջանում հոր նկատմամբ և թույլ չեն տալիս, որ նա պառկի մոր հետ։ Առաջանում է ագրեսիա հոր նկատմամբ, մրցակցություն, այսինքն վաղ սեքսուալացում։
Հարկ է նշել, որ սեռի նույնականացման խանգարումն իր հերթի կարող է հանգեցնել տրանսսեքսուալիզմի, որը ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է, և հոգեբանական տեսանկյունից համարվում է անձի սեռական ինքնագիտակցության խախտում, երբ անձն ի ծնե պատկանում է մի սեռի, սակայն իրեն վերագրում է այլ սեռ։
Համատեղ քունը հանգեցնում է երեխայի անկախության ցանկության և ինքնագիտակցության բացակայությանը: Իր անկախությունը զգալու և գիտակցելու համար երեխան պետք է գիշերը միայնակ քնի, նա պետք է ունենա իր տեղը։ Ցանկալի է, հնարավորության դեպքում, ոչ միայն առանձին անկողնում քնի, այլ ունենա իր առանձին սենյակը և անձնական տարածքը։
Համատեղ քնելու սովորությունը առավել վտանգավոր է դառնում երեխայի հոգեբանության համար երկու կամ երեք տարեկանից հետո. սա այն ժամանակն է, երբ պետք է նրան «տեղափոխել» առանձին մահճակալի։ Դա պայմանավորված է նրանով, որ սոցիալականացման գործընթացը սկսվում է այս տարիքում, և համատեղ քնելը կարող է հոգեկան առողջության խնդիրներ առաջացնել երեխայի մոտ կյանքի հետագա տարիներին։
Համատեղ քնի հետևանքներից մեկն էլ կարող է լինել նաև ձեռնաշարժությունը, երբ երեխան չստանալով իր համար բավարար սեր ընտանիքից փորձում է այդ կերպ լրացնել։
Նախադպրոցական տարիքում ֆանտազիան ակտիվորեն զարգանում է, ուստի այս տարիքը հաճախ ուղեկցվում է մղձավանջներով: Նաև մղձավանջները կարող են առաջանալ սթրեսային ժամանակաշրջաններում, երբ երեխայի կյանքում էական փոփոխություններ են տեղի ունենում՝ անցում մանկապարտեզից դպրոց, տեղափոխություն, ծնողների ամուսնալուծություն և այլն: Նման դեպքերում մայրը պետք է ուշադրություն դարձնի երեխային, սակայն անհրաժեշտ է պահպանել որոշակի սահմաններ։ Օրինակ, մայրը կարող է համաձայնել, որ նա որոշ ժամանակ պառկի իր հետ, բայց հետո վերադառնա իր անկողին:
Հետևանքները դեռահասության տարիքում
Երբ երեխան դառնում է դեռահաս, և դեռ շարունակվում է համատեղ քունը մայրիկի հոտ, նա սովորաբար բնավորությամբ թույլ է լինում, հեշտությամբ ներքաշվում է վատ ընկերությունների մեջ և չգիտի, թե ինչպես պաշտպանել իրեն։ Տղաները կարող են ինֆանտիլ դառնալ և կանացի, ինչի արդյունքում ելք են փնտրում վատ սովորությունների մեջ, ինչպես օրինակ ալկոհոլիզմը և թմրանյութերը։
Այս երեխաներին բնորոշ է հետևյալ հոգեբանական և վարքային առանձնահատկությունները՝
- Կարող են ունենալ ինքնատիրապետման դժվարություններ կամ բացակայություն։ Կարող են դժվարությամբ կառավարել իրենց զգացմունքները խնդրային իրավիճակներում, հաճախակի զայրույթ ունենալ, երբ ինչ որ բան այն չէ։ Կարող են հակված լինել իմպուլսիվ գործողությունների՝ չմտածելով հետևանքների մասին։
- Կարող են ունենալ պատասխանատվություն ստանձնելուդժվարություններ կամ անկարողություն, սեփական կյանքի և ընտրության պատասխանատվությունից խուսափելու հուսահատ փորձեր, անկարողություն կամ հսկայական դժվարություններ նույնիսկ ամենապարզ ընտրությամբ։ Սեփական խնդիրների մեջ հակված են մեղադրել և պատասխանատվությունը թողնել ուրիշների վրա:
- Կարող են ունենալ անկախության բացակայություն։ Ինֆանտիլ մարդիկ կարող են մեծապես ապավինել ուրիշներին աջակցության համար, լինի դա ֆինանսական, էմոցիոնալ կամ այլ օգնություն: Նրանք կարող են դժվարանալ որոշումներ կայացնել կամ գործել առանց ուրիշների առաջնորդության կամ հավանության: Սա հանգեցնում է անօգնականության և այլ մարդկանցից կախվածության:
- Կարող են ունենալ կոնֆլիկտներից խուսափելու հակում, դժվար իրավիճակներից խուսափելու, դրանց դեմ առ դեմ հանդիպելու վախ։
- Կարող են լինել նաև եսակենտրոն։ Դժվարությամբ հարգել ուրիշների կարծիքը, սեփական կարիքներն ու ցանկությունները ուրիշների կարիքներից վեր դասել:
Հասուն տարիքում հետևանքները
Որդիները շարունակում են քնել իրենց մայրերի հետ հիմնականում հենց իրենց՝ մայրերի համաձայնության և սերունդների միջև տարբերությունը չհասկանալու պատճառով: Սա հանգեցնում է երեխայի գլխում շփոթության, որդին սկսում է ենթադրել, որ մայրը «պատկանում է» միայն իրեն:
Հետագայում նման տղաները դժվարությամբ են կին գտնում, քանի որ փնտրում են իրենց մոր կերպարին համապատասխան։ Չէ՞ որ մայրը, եթե երեխային թույլ է տալիս միասին քնել, նրանց միջև կապածությունը մեծանում է։ Եվ արդեն հասուն տարիքում, երբ տղան պետք է մորից սեպարացիա լինի, առաջանում են դժվարություններ։
Նման երեխաները, և' տղա, և' աղջիկ ավելի անհեռանակարային են լինում։ Նրանք կարող են հասարակության մեջ որևէ նշանակալի բանի չհասնել, ունենալ ցածր ինքնագնահատական, ձախողակի և անհաջողակի զգացում։ Որպես անհատներ կարող են չկայանալ, ինչը կրկին հանգեցնում է վատ միտումների։ Անգամ սեռական հայացքների փոփոխման և սխալ կողմնորոոշման։
Բացի այդ, մայրերը, ովքեր չափազանց կապված են իրենց որդիների հետ, հետագայում խանգարում են նրանց առողջ հարաբերություններ կառուցել հակառակ սեռի հետ:
Էդիպյան բարդույթի առաջացում
Դպրոցական և պատանեկության տարիներին մոր հետ քնելու սովորությունը երեխայի մոտ ձևավորում է էդիպյան բարդույթ։ Հոգեբանության մեջ Էդիպյան բարդույթը երեխայի հասունացման փուլն է, երեխայի հատուկ վիճակը, երբ երեխան հիվանդագին կախվածություն է ունենում հակառակ սեռի ծնողի նկատմամբ: Տերմինն առաջին անգամ ներմուծել է Զիգմունդ Ֆրեյդը, ով գտնում էր, որ երեխայի սեռական նույնականացման հիմքում ընկած է իրեն նույն ծնողի հետ նույնացնելու պրոցեսը, ինչը պետք է ավարտվի 4-6 տարեկան հասակում արդեն իսկ։ Այս նույն երևույթի աղջիկ երեխաներին բնորոշ տարբերակը ըստ Կարլ Յունգի կոչվում է «Էլեկտրայի բարդույթ»։
Գրեթե յուրաքանչյուր երեխա անցնում է Էդիպյան բարդույթով: Կարևոր է բաց չթողնել պաթոլոգիական շեղումները սեռական հասունացման շրջանում։
Խանգարմանը բնորոշ է որդու ագրեսիվ վերաբերմունքը հոր նկատմամբ, նրան մորից բաժանելու և ծնողների հետ նույն անկողնում քնելու մշտական ցանկությունը։ Եվ համապատասխանաբար՝ աղջկա ագրեսիվ վերաբերմունքը մոր նկատմամբ։ Նրանց բաժանելու և ծնողների հետ նույն անկողնում քնելու մշտական ցանկությունը։ Շատ հաճախ կարելի է լսել, որ տղա երեխան հայտարարում է, որ ամուսնանալու է միայն իր մոր հետ, իսկ աղջիկ երեխան՝ հոր։ Հասուն տարիքում խանգարումն ունի տարբեր ախտանիշներ, քանի որ այս ժամանակահատվածում ծնողի հանդեպ զգացմունքների բաց արտահայտումն անընդունելի է։
Բացասական հետևանքները ծնողների համար
Ծնողների համար երեխայի հետ միասին քնելը նպաստում է իրենց անձնական հարաբերություններում խնդիրների առաջացմանը։ Որովհետև մայրը իր ողջ ուշադրությունը, քնքշանքն ու գուրգուրանքը կենտրոնացնում է երեխայի, այլ ոչ թե ամուսնու վրա։ Սա հանգեցնում է զույգերի միջև վեճերի առաջացմանը և զգացմունքների սառեցմանը, ինչպես նաև խանգարում է զույգի կանոնավոր սեռական կյանքին։
Ինչպե՞ս փոխել սխալ սովորությունը
Հնարավոր է փոխել սխալ սովորությունը և ձևավորել նոր՝ ավելի առողջ քնի սովորություններ և ապրելակերպ, ցանկալի է որքան հնարավոր է վաղ տարիքում։ Եվ դա պետք է փորձել ավելի սահուն և երեոխայի հոգեբանության համար ոչ տրավմատիկ կերպով իրականացնել։ Պետք չէ հանկարծակի զրկել երեխային մոր հետ քնելուց։ Պետք է աստիճանաբար սովորեցնել քնել սեփական անկողնում: Առանձին քնելը ներկայացնել ոչ թե պատիժ այլ դրան տալ դրական երանգ, ավելի մեծանալու և հասունանալու հետ կապել, մոտիվացնել և շահագրգռել երեխային իրեն ցանկալի գույներով, պատկերներով, սենյակի դիզայնով, կամ անկողնու ընտրությամբ։ Նրա սիրելի խաղալիքը դնել անկողնում, և երեխայի հետ պառկել քնելուց առաջ։ Ծնողների համար կարևոր է լինել համբերատար և ներգրավված:
Քնելուց առաջ պետք է նստել երեխայի կողքին, կարդալ հեքիաթներ, խոսել նրա հետ: Պետք է երեխան զգա, որ իրեն սիրում են, ու որ իրեն անկողնուց հանում ոչ թե նրա համար, որ պատժում են, այլ չափահաս են համարվում։ Եթե երեխան տղա է, ապա ցանկալի է բարձրացնել տղամարդու հեղինակությունն ընտանիքում և տղայի դստիարակաությունը ավելի շատ վստահել ամուսնուն: Եթե ընտանիքը թերի է, ապա առավել ևս պետք է ամբողջ ուժով ձգտել, որ երեխան քնի իր անկողնում։
