Ձեզ հանդիպե՞լ են մարդիկ, ով համոզված է, որ շրջապատից որևէ մեկը անմոռաց սիրահարված է իրենց։ Թվում է, թե այդպիսի մտքեր կարող են առաջանալ միայն դեռահասի մոտ, սակայն դրան հակված են նաև մեծահասակները։ Խելագար սերը, որից նրանք տանջվում են, անվանվում է էրոտոմանիա և համարվում է հոգեկան հիվանդություն։
Էրոտոմանիա, հունարեն ἔρως «սեր», «սիրո առարկա» և μανία «խելագարություն, հայտնի է նաև ինչպես էրոտոմանիական զառանցանք, էրոտոմանական զառանցանք, էրոտիկ զառանցանք՝ մարդու զառանցական համոզվածություն է այն բանում, որ սիրված է ուրիշի կողմից, մի մարդու, ով իրականում նրա նկատմամաբ նրա նկատմամբ ոչ մի զգացմունք չունի կամ նույնիսկ չի էլ կասկածում նրա գոյության մեջ։
Եվ այսպես, էրոտոմանիան՝ դա հոգեկան հիվանդություն է, որը դասվում է զառանցական խանգարումների դասին։
Կլերամբոյի Էրոտոմանիայի ժամանակ, մարդը սովորաբար մտածում է, որ մարդը, ով զբաղեցնում է ավելի բարձր կամ ավելի դժվար հասանելի դիրք, քան իրենն է, սիրահարված է իրան, կամ իր հետ գտնվում է հարաբերությունների մեջ։ Դա կարող է լինել մարդ, ում հետ նա աշխատում է աշխատավայրում, անծանոթ, որին նա ուղղակի ճանապարհին է տեսել, կամ մի հայտնի մարդ։ Առաջին անգամ նկարագրվել է 1925 թվականին Գաէտան Գասյան դը Կլերամբոի (Gaëtan Gatian de Clérambault) կողմից։
Այս իրավիճակը գտնվում է այն մակարդակի վրա, որ անհնար է հերքել, քննարկելով մարդու հետ և անհնար է համոզել նրան տրամաբանական բացատրություններով։ Մարդը համակարգված պաշտպանում է այդ իրավիճակը։
Էրոտոմանիայի դեպքում նա միշտ կարող է այդ մոլորության և այն հալյուցինացիաների համար որ նա ունենում է, բացատրություններ ու հաստատումներ գտնել։ Օրինակ՝ «նա ինձ չի մոտենում, որովհետև չի ուզում որ որևէ մեկը նրան լսի, ու սպասում է հարմար պահի»։ Ժամանակ առ ժամանակ կարելի է նկատել, որ այդ մարդիկ, չունեն այլ ախտանիշ բացի այդ ոլորտից, և նրանց ֆունկցիոնալությունը խաթարված չէ։
Ընդհանուր ինֆորմացիա
Էրոտոմանիան ճանաչված է որպես հոգեկան խնդիր․ դա զառանցանքի ձև է, որի հիմքում ընկած են կեղծ համոզմունքներ, որոնք չեն փոխվում նույնիսկ հակառակն ապացուցող հստակ փաստերի առկայության դեպքում։ Էրոտոմանը վստահ է, որ իր սիրո օբյեկտը տածում է իր հանդեպ նույնանման զգացմունքներ՝ նույնիսկ հեռավորության վրա գտնվելիս։ Հաճախ որպես նման «երկրպագության օբյեկտներ» հանդես են գալիս արտիստները, քաղաքական գործիչները, մարզիկները, սակայն դա կարող է լինել նաև սովորական ծանոթ։
Տվյալ հոգեպաթոլոգիայով տառապող մարդուն թվում է, թե իր սիրո օբյեկտը փորձում է իրեն գաղտնի հաղորդագրություններ ուղարկել, փնտրում է իր հետ հանդիպումներ, թեև իրականում նա կարող է անգամ չկասկածել էրոտոմանի գոյության մասին։
Պարադոքսը կայանում է նրանում, որ հիվանդը երբեք չի հանդիպել այն անհատին, ումով տարված է, կամ տեսնվել է նրա հետ ընդամենը մի քանի անգամ՝ առանց անգամ նորմալ շփվելու։ Այսինքն՝ կոնկրետ անձնավորության կողմից սիրված լինելու ցնորային գաղափարը որևէ կերպ հիմնավորված չէ։
Առավել հաճախ նման խանգարումը հանդիպում է կանանց մոտ, ինչպես նաև դրանով կարող են տառապել այն տղամարդիկ, որոնք գտնվում են բանտում, հիվանդանոցում (որտեղ արգելված են ազատ այցելությունները) կամ այլ փակ հաստատություններում։
Էրոտոմանիայի պատճառները
Հաճախ սեքսուալ գաղափարների վրա սևեռվածությունը, ցնորային (զառանցանային) մտքերը, սեքսի վերաբերյալ անիրական սպասելիքները ձևավորվում են հոգեկան խանգարումների ֆոնին։ Թե ինչու է զարգանում հենց նման յուրահատուկ ֆաբուլա, առայժմ հստակ պարզված չէ։ Գիտնականները նշում են մի քանի գործոններ, որոնք նպաստում են բացարձակ սիրո, սեռական հակման, կպչուն սեքսուալ ֆանտազիաների գաղափարի ի հայտ գալուն։ Դրանց թվին են դասվում՝
- Ուժեղացած սեռական գրգռվածություն․ էրոտոմանիան առավել հաճախ առաջանում է հիպերսեքսուալ անձանց մոտ, որոնց լիբիդոն բարձրացած է հորմոնալ խանգարումների և էնդոկրին պաթոլոգիաների հետևանքով․ ռիսկի խմբում են գտնվում դաշտանադադարի (կլիմաքսի) շրջանում գտնվող կանայք,
- Սեփական անձի հանդեպ անվստահություն և ցածր ինքնագնահատական․ մեկ այլ անձի հիացմունքի հարցում համոզվածությունը օգնում է էրոտոմաններին կոմպենսացնել սեփական թերարժեքության և երկչոտության զգացումը,
- Հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների պակաս․ եթե անձը հարկադրաբար կամ միտումնավոր կերպով սահմանափակում է միջսեռական շփումները, ապա հոգեկան շեղումներն առաջանում են ճնշված ցանկությունների հետևանքով։
Էրոտոմանները հաճախ չափազանցված ուշադրություն են ցուցաբերում սեփական սեքսուալության հանդեպ, որպեսզի շրջապատին ապացուցեն, որ իրենք արժանի են ցանկալի լինելուն։ Դա տարօրինակ է դիտվում և կարող է մյուս քաղաքացիների կողմից քննադատության պատճառ դառնալ։
Բացի վերը նշված հիմնական գործոններից, էրոտոմանիկ զառանցանքի առաջացմանն ու զարգացմանը կարող են նպաստել նաև մի շարք այլ հոգեբանական, սոցիալական և կլինիկական նախադրյալներ։ Դրանց թվին են դասվում․
- Ուղեկցող հոգեկան հիվանդություն (շիզոֆրենիա կամ ԲԱԽ/Բիպոլյար աֆեկտիվ խանգարում)․ այս դեպքում էրոտոմանիան հանդես է գալիս որպես հիմնական խանգարման ախտանիշ,
- Մանկական տրավմաներից տառապելը․ էրոտոմանիայի պարագայում խոսքը երեխայի հանդեպ ծնողական անտարբերության մասին է,
- Անվստահության զգացում սեփական անձի հանդեպ․ էրոտոմանիան երբեմն նկատվում է այն մարդկանց մոտ, որոնց համար դժվար է հարաբերություններ հաստատել արտաքին աշխարհի հետ և ձևավորել իրական կապեր,
- Երբ կյանքում տեղի է ունեցել ամուսնու կամ զուգընկերոջ ողբերգական կորուստ․ սերը՝ որպես հոգեկան խանգարում, դրսևորվում է նոր սիրելիի որոնմամբ, որն իր արտաքինով և նկարագրով (բնավորությամբ) նման է նախորդին,
- Տարվածություն սոցիալական ցանցերով և ինտերնետ-կախվածություն․ էրոտոմանիան դրսևորվում է նրանով, որ չատերում և ֆորումներում մարդկանց միջև սահմանները ջնջվում են։ Հիվանդը կարող է իր կրքի օբյեկտին գրել մի քանի հաշիվներից (օգտահաշիվներից/ակկաունտներից), լուսանկարներով որոշել նրա գտնվելու վայրը։
Էրոտոմանիայի ախտանիշները
Այս հոգեպաթոլոգիայի հիմնական դրսևորումը այն անհատի սիրահարվածության մասին գաղափարն է, որն իրականում հասանելի չէ։ Ընդ որում, հիվանդը համոզված է, որ նախաձեռնողը ենթադրյալ զուգընկերն է, որ նա իբր առաջինն է սիրահարվել և որևէ կերպ հասկացնել է տվել իր համակրանքի մասին։ Սրա հետ կապված՝ հնչեցվում են սեփական բացառիկության, նշանակալիության, ինչպես նաև դիմացինի՝ առանց իրենց փոխադարձության երջանիկ լինելու անհնարինության մասին գաղափարներ։
Պացիենտները համոզված են, որ իրենց «երկրպագուները» հնարավորություն չունեն բացահայտորեն խոսելու իրենց զգացմունքների մասին կյանքի տարբեր հանգամանքների պատճառով․ օրինակ՝ անձնական հարաբերությունները չհրապարակելու վերաբերյալ պայմանագրի առկայության հետևանքով։ Հենց այդ պատճառով էլ նրանք նախընտրում են գաղտնի շփումը, իրենց հետաքրքրությունը դրսևորում են նշաններով, ակնարկներով, իրենց ուղերձները վերծանում/ծածկագրում են զանգվածային լրատվամիջոցների միջոցով կամ կիրառում են տելեպատիա։
«Ի պատասխան»՝ էրոտոմանները բացահայտորեն արտահայտում են իրենց սերը․ նամակներ են գրում, զանգահարում, հանդիպումներ նշանակում։ Եթե սիրո օբյեկտը տեղեկանում է անհատի զառանցանային գաղափարների մասին և ժխտում է իր շահագրգռվածությունը, պացիենտները համարում են, որ դա հատուկ ծրագիր է՝ ուղղված ջերմ զգացմունքների պահպանմանը։ Եթե մտերիմները փորձում են հրաժարեցնել հիվանդին իր մտքերից և ցույց տալ իրավիճակի ծիծաղելիությունը (անհեթեթությունը), նրանք բախվում են ագրեսիայի, նեգատիվի և վիրավորանքների։
Չի կարելի անտեսել էրոտոմանիան, քանի որ պացիենտները ժամանակի մեծ մասն անցկացնում են ընկճված վիճակում՝ պայմանավորված սիրելիի հանդեպ կարոտով։ Նրանք չեն ընդունում նրա կողմից մերժումները, բարկանում են շրջապատի վրա, որոնք չեն հավատում իրենց համոզմունքներին, հետևում են իրենց նախասիրության օբյեկտին և ընդունակ են վնաս հասցնել նրանց, ովքեր խանգարում են իրենց հանդիպել։
Ինչպես նաև էրոտոմաններին կարող է բնորոշ լինել այնպիսի իրավիճակների ցուցադրումը, որոնցում երկրպագուն հետապնդում է իրենց և ցանկացած ճանապարհով փորձում է կապի դուրս գալ։ Նրանք ուժեղ խանդում են անհատին, կարող են ագրեսիա ցուցաբերել, եթե նրան տեսնում են այլ զուգընկերոջ հետ։ Աստիճանաբար նրանք կորցնում են հետաքրքրությունը սովորական գործերի և պարտականությունների հանդեպ, և նրանց ողջ գործունեությունը կենտրոնանում է «ընտրյալ» անձի շուրջ։
Այսպիսով, ինչպե՞ս տարբերակել պարզ սիրահարվածությունը հիվանդությունից։ Հոգեբույժները գտնում են, որ էրոտոմանիան զարգանում է մի քանի փուլով․
- Իդեալի ձևավորում․ այս փուլում վիճակը դիֆերենցելը դեռևս դժվար է, քանի որ էրոտոմանիայով տառապող պացիենտը չունի հետապնդման մանիա,
- Սևեռվածություն սուբյեկտի վրա․ այս փուլում արդեն կարելի է պնդել, որ հիվանդն ունի հենց էրոտոմանիա։ Մտերիմները կարող են նկատել իրենց ընկերոջ կամ ազգականի վարքագծային շեղումները։ Այսպես, էրոտոմանիայով տառապող տղամարդը չգիտի, թե ինչպես հաղթահարի աղջկա հանդեպ խանդը, իսկ կինը կարծում է, որ սիրելին իրեն գաղտնի նշաններ է ուղարկում՝ խուսափելով անձնական շփումից,
- Սեփական անձի վերջնական կորուստ․ սա այն է, ինչով առավել վտանգավոր է էրոտոմանիան։ Էրոտոմանիայով պացիենտը դադարում է հետևել իր արտաքին տեսքին ու թերսնվում է (չի հետևում սննդակարգին), անտարբերություն է ցուցաբերում իրեն շրջապատող ամեն ինչի հանդեպ, կարող է ինքնասպանություն գործել։
Արդյո՞ք վտանգավոր է էրոտոմանիան
Եթե անտեսվի այս հոգեպաթոլոգիան, այն կխորանա՝ հանգեցնելով ոչ միայն զուգընկերային հնարավոր հարաբերությունների մեջ եղող խնդիրների, այլև ընդհուպ մինչև ոստիկանություն դիմելուն։ Երբեմն որպես բարդություն զարգանում է պարանոյա՝ հետապնդման զառանցանքով․ այդ ժամանակ հիվանդներն իրենց ագրեսիվ են պահում, կարող են հրապարակայնորեն վիրավորել չկայացած զուգընկերոջը և նույնիսկ ֆիզիկական վնաս հասցնել նրան կամ նրա գույքին։
Եթե էրոտոմանի մոտ նկատվում է սեռական վարքագծի զսպվածության կորուստ, նա ընդունակ է իր սիրո օբյեկտի հանդեպ բռնության փորձեր կատարել։ Տղամարդիկ կարող են հետապնդել, առևանգել, կապկպել իրենց զոհերին և ստիպել նրանց սեռական ակտի։
Ախտորոշումը և բուժումը
Հոգեպաթոլոգիան ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում ինքնագնահատականի վրա, այլև կարող է էապես վնասել պացիենտին և նրա ենթադրյալ «երկրպագուին»։ Հենց այդ պատճառով, եթե ձեր մտերիմի մոտ նկատել եք էրոտոմանիայի ախտանիշներ, անհրաժեշտ է խորհրդակցել հոգեբույժի հետ։
Բժիշկները զրուցում են հիվանդի հետ, հետևում նրա վարքագծին, հնարավորության դեպքում զրույցի մեջ ներգրավում ազգականներին։ Նրանք կիրառում են ախտորոշիչ հարցարաններ, երբեմն կարող են անձին լրացուցիչ ուղեգրել ֆունկցիոնալ հետազոտությունների, օրինակ՝ գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ): Եթե բժիշկը հայտնաբերում է էրոտոմանիային բնորոշ մի շարք նշաններ, նա հաստատում է զառանցանային խանգարման առկայությունը։
Որպես կանոն, բուժման ընթացքը ներառում է դեղորայքային բուժում և վերականգնողական թերապիա (ռեաբիլիտացիա): Զառանցանքային դրսևորումների վերացման համար նշանակվում են հակապսիխոտիկ դեղամիջոցներ: Դրանք արգելափակող ազդեցություն են ունենում գլխուղեղի դոֆամինային և սերոտոնինային ռեցեպտորների վրա՝ վերացնելով հոգեպաթոլոգիական ախտանիշները։ Դեպրեսիայի նշանների, բարձր տագնապայնության առկայության դեպքում կիրառվում են հակադեպրեսանտներ և տրանկվիլիզատորներ:
Գիտնականորեն ապացուցված է, որ հիպնոսի միջոցով անհնար է վերացնել էրոտոմանների զառանցանային գաղափարները։ Հոգեթերապիայի մյուս տարբերակները նույնպես քիչ արդյունավետ են։ Հոգեբույժները խորհուրդ են տալիս սոցիալական ռեաբիլիտացիա, որին ներգրավում են նաև պացիենտի ընտանիքի անդամներին, որպեսզի նրանց սովորեցնեն հիվանդի հետ ճիշտ վարվեցողության կանոնները։
