Ամուսնացած քառասնամյա բիզնեսմենը նստած է վագոնի կուպեում: Նա կարդում է թերթի տնտեսագիտական բաժինը և ժամանակ առ ժամանակ պատուհանից դուրս է նայում՝ կողքով սլացող լանդշաֆտին:
Կարճ կանգառ, կուպեի դուռը բացվում է, և ներս է մտնում մի երիտասարդ տիկին: Նա բավականին մեծ պայուսակ ունի, որը նա փորձում է տեղավորել ուղեբեռային ցանցի մեջ: Բիզնեսմենը մի կողմ է նետում թերթը, վեր թռչում, և նրբակիրթ "թույլ տվեք"- ից հետո, տեղավորում ուղեբեռը:
Տիկնոջ արտաքինը անմիջապես գերում է նրան, իսկ երբ նա տեսնում է տիկնոջը նստած իր առջև՝ էլեգանտորեն ոտքը ոտքին գցած, մեր հերոսը հիացմունք է ապրում իր ուղեկցորդուհուց: Նա իրեն մի քանի տարով երիտասարդացած է զգում: Կնոջ հմայիչ ժպիտից, որով նա պարգևել էր վերջինիս իրեն ցուցաբերած օգնության դիմաց, ամբողջ մարմնով մեկ ջերմություն էր հաղորդվում:
Տնտեսագիտական բաժինը հանկարծ այլևս չի գրավում մեր բիզնեսմենին: Նա շարունակ իջեցնում է թերթը և աչքի տակով նայում իր ուղեկցուհուն, նկատելով վերջինիս մազերի գեղեցկությունը, աչքերի գույնը, նա ջանում է չնայել դեկոլտեին և ջղաձգությամբ նորից վերցնում է թերթը, փորձելով խորանալ ընթերցանության մեջ: Նա զգում է, որ բացահայտվել է և կինն արդեն հետևում է իրեն: Ամենատարբեր մտքերը, փոթորկի պես անցնում են նրա գլխով: Նա ուժ չունի դրանք կանգնեցնելու՝ "Այս կինն ինձ շատ դուր է գալիս: Եթե ես նրան համեմատեմ իմ կնոջ հետ..." "Իմ կինը" բառերը, մի կարճ ժամանակով նրան վերադարձնում են դաժան իրականություն՝ "Առաջ ես շատ սիրահարված էի կնոջս: Սակայն հետո սկսեցին առաջանալ պրոբլեմներ, պրոբլեմների հետևից":
Ակամայից նա հիշում է այն մասին, որ անցյալ գիշեր, կինը նրան ոչ մի առիթ չտվեց նրբություն արտահայտելու համար: Սովորական կշտամբանքներից հետո, այն մասին, որ վերջինս համարյա թե լրիվ կորցրել է հետաքրքրությունը իր նկատմամբ, որ երբեք ժամանակ չի ունենում իր կնոջը հատկացնելու համար, կինը ուղղակի մեջքով շրջվեց իրեն և ձևացրեց թե քնած է: Մեր հերոսը սկսում է խղճալ ինքն իրեն, և կրկին թաքուն նայել իր ուղեկցորդուհուն: Կնոջ օծանելիքի հաճելի հոտը շոյում է քիթը, և նրան սկսում է թվալ, որ կինը սիրահետում է իր հետ: "Ես անպայման պետք է ծանոթանամ այս կնոջ հետ: Եթե ես հիմար չլինեմ՝ կինս ոչինչ էլ չի իմանա: Եվ ընդհանրապես, ի՞նչ կլինի եթե ես հեռանամ կնոջիցս և գնամ ուրիշ կնոջ մոտ": Սակայն վերջին միտքը նրա մոտ տանջալի կասկածներ է առաջացնում՝ "Կկարողանա՞մ ես արդյոք այդ ամենը վերապրել: Մի՞թե ես կարող եմ ինձ թույլ տալ այդպես վարվել իմ երեխաների հետ: Ի՞նչ կասեն ազգականներս: Գործընկերներս իհարկե կնախանձեն ինձ, եթե իմ կողքին նման չքնաղ ընկերուհի հայտնվի: Նրանք բոլորն էլ դեմ չեն նման կերպ վարվելուն, սակայն չեն կարողանում":
Հանկարծ նրա աչքերի առջև կանգնում է մանկությունից մի պատկեր՝ մայրը լաց է լինում, հայրը հեռացել է, գնալով ուրիշ կնոջ մոտ: Հիշելով այդ մասին, նա որոշակի շփոթություն է ապրում, սակայն արագ ցրում է այդ տխուր մտքերը՝ "Ես շատ բանի եմ հասել իմ կյանքում, և կարծում եմ, որ վաստակել եմ մրցանակի իրավունքը: Այս ինչ փորձանք է այդ հավերժ պարտքի զգացումը՝ արթնանալ վաղ առավոտյան, դեմքի վրա ուրախ ժպիտ պատկերելով (այլապես կինը անմիջապես կսկսի նեղանալ), անբասիր, պարտաճանաչ, առանց ոչ մի սխալի կատարել ծառայողական պարտականությունները, լինել սիրալիր և բարյացակամ գործընկերների հետ, ում հաճույքով աքացի կտար հետույքին: Ամենօրյա սրտնեղումներ հազարավոր մանրուքների պատճառով":
Ականջների մեջ հնչում է կնոջ հանդիմանող ձայնը՝ "Դու անվերջ ժամանակ չունես ինձ համար: Դու ինձ անտեսում ես: Նույնիսկ երեխաների հանդեպ Դու անուշադիր ես և դաժան": "Այդ մեղադրանքները ես լսում եմ ամեն երեկո: Մի՞թե դա բավարար պատճառ չէ, որպեսզի ծանոթություն հաստատեմ մի չքնաղ կնոջ հետ: Մի՞թե ես չեմ արժանացել դրան՝ այս շան կյանքն ունենալով: Եթե միայն այս հիմար կասկածները չլինեին": Նա իջեցնում է թերթը ծնկներին, պարտադրված ժպտում է, հազալով մաքրում կոկորդը և... ոչ մի բառ չարտաբերելով, դատապարտված շուռ է գալիս պատուհանի կողմ: Գնացքը դանդաղեցնում է ընթացքը: Երիտասարդ տիկինը տեղից վեր է կենում և մինչ մեր հերոսը ուշքի կգա վերցնում է իր պայուսակն ու քաղաքավարի հրաժեշտ է տալիս: Այդ ընթացքում, գնացքը մոտենում է կայարանին: Մեր բիզնեսմենը տեսնում է, թե ինչպես է իր ուղեկցորդուհին վազում կառամատույցով դեպի մի երիտասարդ և սրտանց գրկում նրան: Բիզնեսմենը նորից վերադառնում է իր թերթին, իր վրա ճիգեր է գործադրում, որպեսզի շարունակի ուսումնասիրել կուրսը բորսայում, և ինքն իրեն մտքում նախատում՝ "Հիմար այծ":
Նոսսրատ Փեզեշկիանից