ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Թեյախմության իմաստը»

Մարդը եկավ իմաստունի մոտ հետևյալ հարցով.

— Ո՞րն է ավելի կարևոր՝ մարմինը, միտքը, թե՞ հոգին: Ինչի՞ն պետք է ես ավելի շատ ուշադրություն դարձնեմ իմ կյանքում:

— Եկ այս հարցը քննարկենք թեյախմության շուրջ, — պատասխանեց իմաստունը:

— Իսկ թեյ վայելելու համար մեզ անհրաժեշտ կլինի եռացող ջուր, թեյի չոր տերևներ և գավաթներ: Բացի այդ, մեզ պետք կգա շաքարավազ, կիտրոն, կաթ և այլ բաղադրիչներ՝ կախված մեր նախասիրություններից ու ցանկություններից: Լավ թեյ պատրաստելու առաջին պայմանը տաք, բայց չեռացող աղբյուրի ջուրն է: Իդեալական կլիներ, եթե ակնաղբյուրի ջուրը սկսեր եռալ խարույկի կրակի վրա, բայց մենք այն կտաքացնենք վառարանին: Երկրորդ պայմանը թրմելն է: Թեյի տերևները չպետք է լինեն ոչ շատ, ոչ քիչ: Առաջին դեպքում թեյը դառնություն կտա, իսկ երկրորդ դեպքում մենք չենք զգա նրա համը: Դնենք երկուական թեյի գդալ թեյի տերև: Լավ թեյի երրորդ պայմանը թրմելու ժամանակն է: Հինգ րոպեն մեզ լիովին բավական է: Թեյի տերևները պետք է իրենց էությունը տան տաք ջրին: Չորրորդ պայմանը՝ ավելացնենք մի քիչ շաքարավազ. այդպես սովոր են խմել շատ մարդիկ, բայց չի կարելի շատ շաքարավազ դնել, դա թուլացնում է բույրը: Հինգերորդ պայմանը՝ թեյախմության համար սեղան նախապատրաստելն է: Դնել նրա վրա ափսե կտրատած կիտրոնով, կաթով կուժ և քաղցրավենիքով կամ թխվածքաբլիթով ափսե: Պետք է փորձել վերաստեղծել հյուրի համար սովորական թեյի սեղանը:

Մինչ իմաստունը խոսում էր պայմանների մասին, թեյը թրմվեց:

— Այո՛, — ասաց մարդը: — Թեյը հիանալի է: Ինչ-որ հատո՞ւկ տեսակ է:

— Ես կարծում եմ, որ թեյի յուրաքանչյուր տեսակ անկրկնելի է: Մարդու ամբողջ կյանքը չի հերիքի թեյի տեսակները թվարկելու համար, թեև նրանց թիվն անսահման չէ, ինչպես կարող է թվալ: Իսկ դրանք բոլորը փորձելու և յուրաքանչյուրի համը հիշելու համար պետք է մեծ գուրման լինել: Եվ այդ գուրմանը կա: Նա՛, ով թրմում է տարբեր բույրեր ունեցող թեյի բավարար քանակությամբ տեսակներ: Նա՛, ով միաժամանակ վայելում է այս թանկարժեք ըմպելիքի անհամար ումպերը բոլոր բաժակներից, գավաթներից ու պիալաներից: Նա՛, ով ներշնչում է թեյի բոլոր մտածված ու անմտածելի բույրերը: Նրա համար կարևոր է ըմպելիքի բույրը, այլ ոչ թե հոտը, և նրա հետհամը, այլ ոչ թե բաղադրիչները, որոնցից այն պատրաստված է:

— Ուրեմն Նա զգո՞ւմ է իմ մտքերը:

— Նա դրանցով գոյություն ունի:

— Ես նույնպես գոյություն ունեմ իմ մտքերով, բայց ես Նա չեմ:

— Դու ապրում ես միայն քո մտքերով, իսկ Նա՝ համայն մարդկության: Բոլոր մարդիկ ծնվում են, ապրում, մեռնում և նորից ծնվում միայն Նրա համապարփակ ծարավի պատճառով: Եվ մենք զգում ենք Նրա ծարավը, բայց այն համարում ենք մերը՝ անվանելով մերթ սով, մերթ ծարավ, մերթ որոնում: Եվ, համապատասխանաբար, մերթ հագեցնում ենք մարմինը, մերթ ամրապնդում միտքը, մերթ զարգացնում հոգևորականությունը:

Գրիգորի Սերգեև

 
 

Այժմ կայքը դիտում են 620 հյուր