Մի արաբ հողափոր, ում հնեաբնն էր վարձել, ով զբաղվում էր հին մետաղադրամներ փնտրելով, Գողգոթա լեռան վրա, պատահաբար, իր բահով անսպասելիորեն դեմ առավ գերեզմանաքարի: Երբ ուրիշ հողափորների օգնությամբ նա շարժեց այդ ծանր քարը, դրա տակ հայտնաբերեց մարմին, որը դեռ փաթաթված էր չփտած գործվածքի մեջ:
Իմանալով մռայլ գտածոյի մասին, հնեաբանը որոշեց հանել մարմինը գերեզմանից ու հանձնել այն մոտակա թանգարանին։ Զինվելով հատուկ հզորության ակնոցներով ու խոշորացույցներով, գիտնականները կռացան մարմնի վրա, ու զգուշությամբ քանդելով, բաց արեցին այնտեղ գտնվող մումիան։ Ի մեծագույն զարմանս նրանց, մարմնի ձեռեքերին, կողքին ու ոտեքրին կային վերքերի հետքեր։ Անկասկած՝ դա Հիսուս Քրիստոսի մարմինն էր։ Այդ բացահայտումը բոլորովին ակնհայտ դարձրեց այն մոլորությունը, որին տրվում էին հավատացյալները երկու հազար տարի շարունակ, սերունդ՝ սերունդի հետևից, սկսած այն սուրբ կանանցից, որ առաջինն էին եկել դագաղի մոտ ու վերջացրած նրանցով, ովքեր երկրպագման հարյուրամնակների ընթացքում, իրենց ծնկներով մաշեցրել էին սրբավայրի հատակը, որտեղ, ինչպես համարվում էր գտնվում էր դագաղը։
Ինչպես և սպասվում էր, գործի անցան թերթերը, ինչի արդյունքում Հռոմից արտաքսվեց Պապը, իսկ թերթի ընթերցողները հեռացան քրիստոնեությունից։ Ինքը՝ Վատիկանը, վեր ածվեց Գիտական Ճշմարտության երկրպագման տաճարի։ Եվ այդքան սենսացիոն կերպով երկու հազարամյա հավատքը փլուզած մարմինը, տեղակայվեց ապակու տակ ու ցուցադրվեց այնտեղ հետաքրքրասերների զննմանը։
Բայց հաջորդ Զատկին, վշտալու օրը, երբ լռում էին բոլոր զանգերը, չազդարարելով Քրիստոսի փառքը, մի զարմանալի բան տեղի ունեցավ։ Երբ արևածագի գունատ ճառագայթը մուտք գործեց Վատիկանի դահլիճ ու դիպավ անկյանք մարմնին, այն կենդանացավ ու կոտրելով իր զնդանի ապակին, զարմացած ու միանգամից ծունկի իջած ամբոխի աչքի առաջ հաղթական սավառնեց երկինք։
Ու դա սկիզբ հանդիսացավ մի բոլորովին նոր կրոնի, որի հիմքում դրվեց անձը, կրոնի, որը երկրպագում էր գեղեցկությունն ու լցված էր ուրախությամբ, կրոնի, որը շուտով տարածվեց ողջ աշխարհով մեկ։ Աշխարհ եկան նոր առաքյալներ ու նոր տառապյալներ ու ինչ-որ տեղ, ինչպես ասում էին, հայտնվեց նաև ինքը՝ Քրիստոսը։ Նա քայլեց աշխարհով, որպեսզի մարդիկ հավատան Նրա գոյությանը, որպեսզի բոլորին հայտնի նոր կրոնի մասին, որին Նա սկիզբ էր դրել։
Ապոլոնի ջնարի պես քաղցր ձայնով, ազդարարում էր նա աշխարհին, որ կատարելություն և կատարյալ կյանք փնտրողները պետք է ամբողջությամբ մնան ինքներն իրենց նման: Նաորպես հոգևորության հիմք հայտարարեց երևակայությունը ու խոստացավ Նրան հավատացողներին ու Նրա հետևից գնացողներին` առանց աղքատության, պատերազմների ու հեղափոխությունների կյանք:
— Հավատացեք, — ասում էր Նա, — ու թշնամացած ժոդովուրդներն ու դասերը կմիաձուլվեն ներդաշնակության մեջ ու մարդիկ կսիրեն միմյանց, երկրպագելով հավերժին ու մարդկային կյանքի այդքան վաղանցիկ հրաշքին:
Այս ամենը ու շատ այլ բաներ քարոզեց Քրիստոսը, քանզի վերադարձել էր նա աշխարհ, որ իր ուսերին վերցնի աշխարհի երեսին բոլոր ապրողների բոլոր դժվարություններն ու տանջանքները, բոլորի, ում անունն է լեգիոն ու ով բնակվում է գերեզմանների խավարում, — հարստահարված ռասսաների, ֆաբրիկայում աշխատող երեխաների, գողերի ու բանտարկվածների, թշվառների, մերժվածների ու անլեզուների, բոլոր նրանց, ում անունն ու տանջանքները միայն Տիրոջն է հայտնի: Նրա ուսմունքը ուղղված էր յուրաքանչյուրին, ու յուրաքանչյուրն ականջ էր դնում նրա հասարակ խոսքերին` «Քո անձը` չքնաղ է: Զարգացրու այն: Մնա ինքդ քո նման: Քանզի կատարելությունը քո` քո ներսում է»:
Սակայն ցավոք, շատ ուշ եկավ Քրիստոսը այս աշխարհ: Քանզի այդ մեծ հրաշքը ու նրա պայծառ շուրթերից հնչող բարձրագույն հայտնությունը, ակնոցակիր գիտնականները մեկնաբանում էին ռացիոնալ, ու Հիսուսը որոշում ընդունեց այլևս չհայտնվել մարդկանց: Ու ամեն բան վերադարձավ հին փտած օրերին, մինչ Նրա գալուստը, առանց հավատքի օրերին, առանց ուրախության ու անթև օրերին, թախծի ու հուսահատության օրերին, հանդերձանքով, որում ծպտված է մահը:
Օսկար Ուայլդ
