ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՄՈւՍԻՆՍ ԿԱՐԾՈւՄ Է, ՈՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՐԸ ԻՆՔՆ Է...

Հարց՝

Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ: Ամուսնացած եմ արդեն 3 տարի, ունեմ երեխա, որն իմ ամուսնուց չէ (այդ մասին նա չգիտի), այլ սիրած մարդուց, ով նույնպես ամուսնացած է արդեն 13 տարի: Սիրեցյալիս ճանաչում եմ արդեն 8 տարուց ավելի:

 

Սկզբում, նա ինձ հետ հարաբերություններ չէր ցանկանում ունենալ՝ բացատրելով, որ ամուսնացած է ու չի ուզում ինձ ցավեցնել: Այն ժամանակ, ուղեղով ես նրան հասկանում էի, սակայն մինչև ականջներս սիրահարվեցի: Ես փորձեցի ընդունել իրավիճակը այնպիսին, ինչպիսին որ կար, և բաց թողեցի նրան՝ փորձելով մոռանալ ամեն ինչ, մտածելով, որ իմը չի, այն էլ ուրիշինն է:

Անցավ ժամանակ: Ես ամուսնացա առաջին անգամ, միասին ապրեցինք գրեթե երեք տարի, ավելի հաճախ տարբեր քաղաքներում (ես սովորում էի, նա աշխատում), չստացվեց, բաժանվեցինք: Ավելի ուշ ես ամուսնացա երկրորդ անգամ: Ամուսինս շատ լավ մարդ է, ինձ դուր է գալիս իմ նկատմամբ նրա վերաբերմունքը: Երկրորդ ամուսնու հետ իմ հղիությունը չեր ստացվում՝ անալիզներ էինք հանձնում, ամեն ինչ նորմալ էր, սակայն արդյունքը զրո: Եվ ահա մի անգամ, սոցիալական կայքերից մեկում, ես պատահաբար տեսա նրան, ում ժամանակին սիրահարված էի, ում պատճառով երկար տանջվել էի և լաց եղել: Ես տեսա նրա լուսանկարը, և իմ մեջ ամեն ինչ շուռ եկավ, մի քանի վայրկյանների ընթացքում, իմ մեջ բռնկվեցին այն զգացմունքները, որոնք ես ունեցել էի նախկինում, միայն թե այս անգամ ավելի նոր ուժով: Ես նրան գրեցի առաջինը, նա պատասխանեց, և այսպես մեր հարաբերությունները վերսկսեցին: ԵՍ ՈւՂՂԱԿԻ ՀԻՎԱՆԴԱՑԱ ՆՐԱՆՈՎ: Ես դառա նրա ստվերը, սկսեցի ապրել միայն նրա կյանքով և նրա հետ կապված ամեն ինչով, իմ մասին ընդհանրապես մոռացա, ամուսինս ոչինչ գլխի չեր ընկնում: Սա ուղղակի սեր չէր մարդու նկատմամբ, սա նման էր հիվանդության. հիմա, երբ տարուց ավելին է անցել, ես դա հասկանում եմ և ընդունում:

Մեր առաջին մտերմության ժամանակ ես հղիացա: Երբ իմացա հղիության մասին՝ միաժամանակ և՛ երջանիկ էի (ես մայր կդառնամ, երկար ժամանակ չեր ստացվում, երեխան սիրած մարդուց է), և՛ շփոթված (ես ամուսնացած եմ, իսկ երեխան ուրիշից է, և այդ ուրիշը նույնպես ամուսնացած է): Ես չգիտեի ինչ անել, սակայն հաստատ որոշեցի երեխային պահել (ես հիմա էլ այդ բանի համար չեմ ափսոսում, հրաշք երեխա ունեմ, որին շատ սիրում եմ): Ամուսնուս ասեցի, որ հղի եմ, և իհարկե թաքցրեցի ճշմարտությունը: Իմ սիրած մարդը նույնպես այն ժամանակ շփոթմունքի մեջ էր, սակայն աբորտի մասին ոչինչ չասեց: Ասեց, որ կնոջը և երեխային չի կարող թողնել, խիղճը թույլ չի տա, որ նրանք առանց իրեն կկորչեն, չնայած որ երդվում էր, որ սիրում է ինձ և միայն ինձ:

Ես մի քանի անգամ փորձեցի խզել մեր հարաբերությունները՝ չստացվեց: Մենք հանդիպում էինք, ես նրան անմոռաց սիրում էի և հիմա էլ եմ սիրում, ու չէի ուզում կորցնել: Նա էլ խնդրում էր չթողնել իրեն: Հղիության երկրորդ շրջանում, նա կարծես թե փակվեց ինքն իր մեջ, դառավ լռակյաց, հաճախ վատ տրամադրությամբ: Երբ մոտեցավ երեխայի ծնվելու ժամանակը, նա նույնիսկ չուզեցավ ինձ տեսնել: Ես ծննդաբերեցի: Խնդրեցի որ հանդիպենք, որին նա պատասխանեց, թե կհանդիպենք երկու տարուց: Հիմնավորեց, թե նեղացած է ինձանից, ինչ-որ բանի համար, որը ես լավ չհասկացա: Ասել, որ իմ համար վատ էր և ցավոտ, դա նույն բանն է, եթե ոչինչ չասել:

Հիմա մենք չենք շփվում: Սակայն ես, չգիտեմ ինչու, հավատում էի նրան և իմ նկատմամբ ունեցած նրա զգացմունքներին: Նրա վերաբերմունքը բացատրող բազմաթիվ ենթադրություններ եմ արել... սակայն դրանք լոկ ենթադրություններ են: Ամուսինս շատ սիրում է երեխային և հոգում նրա մասին:

Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ, թե ինչու՞ սիրածս մարդն իրեն այդպես պահեց: Ինչու՞ նա ինձ թողեց, չնայած որ խոստացել էր միշտ կողքիս լինել: Մի՞թե նա միշտ ինձ խաբել է: Կարիք կա՞ արդյոք ամուսնուս պատմել ողջ ճշմարտությունը (ինձ դա դժվար է անել առաջին հերթին երեխայի պատճառով): Նախորոք շնորհակալ եմ:

Պատասխան՝

Ինձ շատ հաճելի է Ձեզնից սթափ մտորումներ լսել այսքան բարդ բաների մասին: Իմ կարծիքով, ի սկզբանե Ձեր սիրած մարդու հետ ունեցած հարաբերությունները դատապարտված էին, սակայն Դուք, գերի դառնալով Ձեր զգացմունքներին, դա չէիք նկատում: Ի սկզբանե Դուք նրա համար չեք ունեցել այն արժեքը, որ պատկերացրել եք, և Ձեր հարաբերությունները հիմնված են եղել սեռական կյանքի վրա, որը խարխլվեց և վերացավ, երբ ակնհայտ դարձավ այդ հարաբերությունների արդյունքը (հղիության երկրորդ շրջան): Նա պատրաստ չէր Ձեր հետ լուրջ հարաբերություններ կառուցել, որովհետև բավական լուրջ հարաբերություններ ուներ տանը, իր կնոջ հետ: Հեշտ է խոսել սիրո մասին, երբ Ձեզ ոչինչ չի կապում բացի էմոցիաներից և սեքսից: Փորձեք խոսել սիրո մասին, երբ այն համեմված է կենցաղով, խնամքով և պարտականություններով: Ես խորին համոզմունք ունեմ, որ Դուք սիրում եք Ձեր ամուսնուն: Այո իհարկե, Դուք նրա նկատմամբ ոչ մի սուր զգացողություն չունեք՝ քիմքը քոր չի գալիս, և այլն, սակայն այս զգացողությունները ավելի շատ համապատասխանում են սիրահարվածությանը, քան սիրուն: Սերը՝ դա հանգիստ և ծանր զգացմունք է, որը կայուն մնում է մինչև կյանքի վերջը՝ հարստանալով կյանքի ընթացքում տեղի ունեցող նոր իրադարձություններով և զգացողություններով, ամրանալով և դառնալով համոզմունք: Իսկ սիած տղամարդուն մտովի ուղղակի շնորհակալություն կարող եք հայտնել այն երեխայի համար, որին նա նվիրեց Ձեր ընտանիքին: Գնահատեք Ձեր ամուսնուն՝ Ձեր, և Ձեր երեխայի նկատմամբ ցուցաբերած սիրո և հոգատարության համար: Չեմ կարծում, որ իրականությունը պատմելը՝ լավ գաղափար է: Համարենք, որ այն թյուրիմածությունը, որ դուք թույլ եք տվել, ձեզ դաս եղավ, և վերադարձավ ձեզ թանկ նվերով՝ երեխայի և ձեր փորձի տեսքով: Ես ուրախ եմ, որ ձուք ըստ արժանվույն եք գնահատում ձեր սիրեցյալի վարքագիծը: Փորձեք այս գաղտնիքը տանել ձեր հետ մինչ գերեզման: Թող դա լինի ձեր ընտանիքի «կմախքը պահարանի մեջ»: