Ամեն օր դպրոցից վերադառնալով, երեխաները, այնպես էր ստացվել, որ մտնում էին Հսկայի այգի խաղալու: Դա մի մեծ գեղեցիկ այգի էր, և խոտն այնտեղ կանաչ էր ու փափուկ: Խոտերի միջից, տեղ-տեղ, աստղերի պես դուրս էին նայում գեղեցիկ ծաղիկների պսակները իսկ 12 դեղձենիները, որոնք աճում էին այդ այգում, գարնանը ծածկվում էին նուրբ մարգարտե-վարդագույն ծաղիկներով, իսկ աշնանը տալիս էին հյութեղ պտուղներ: Ծառերի վրա նստում էին թռչուններ և այնքան քաղցր էին երգում, որ երեխաները թողնում էին իրենց խաղը, որ լսեն նրանց երգը:
