ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Բարև Ձեզ: Իմ անունը X է: Ես 24 տարեկան եմ: Ապրում եմ Y քաղաքում: Ամուսնացած եմ արդեն երկու տարի, ունեմ 2 երեխա՝ ավագ որդիս (4,5 տարեկան) առաջին ամուսնությունից է, փոքրիկս 1,5 տարեկան է: Ամուսինս ինձանից ութ տարով մեծ է: Ավագ որդիս ամուսնուս "հայրիկ" է անվանում և ամուսինս դրանից շատ ուրախանում է: Առաջին ամուսնուցս բաժանվել եմ, որովհետև նա շատ էր խմում իսկ ես դա տանել չէի կարողանում: Իմ բնույթով ես ուժեղ մարդ եմ և դժվարություններից չեմ վախենում, բայց ցավոք սրտի ես արդեն հոգնել եմ ամուսնուս հետ պայքարելուց և չգիտեմ թե ինչ անեմ:

Իմ ամուսինը պայթյունավտանգ բնավորություն ունի՝ նա ամեն մանրուքից բարկանում է և

բարկությունը թափում է ինձ վրա: Նա մոտ մեկ տարի էր, որ չէր խմում, բայց հիմա նորից սկսել է խմել, որի պատճառով մեր մոտ սարսափելի սկանդալներ են սկսել: Նա շարունակ ինձ վիրավորում է երեխաներիս և սկեսրոջս ներկայությամբ, ով ապրում է հարևան բնակարանում: Նրան դուր չի գալիս, որ ես կարողանում եմ արժանի պատասխան տալ նրա մեղադրանքներին և արտահայտություններին (միայն այն պատճառով, որ ես կարողանում եմ իմ պատիվը պահել, նա անվանում է ինձ շրջազգեստով տղամարդ և կոպտող: Այդպես է համարում նաև նրա մայրը, ով սովոր է ամեն հարցում լսել իր ամուսնուն): Վերջին վեճը տեղի ունեցավ այսօր և նա ինձ սկսեց վիրավորել միայն այն բանի համար, որ ես նրան խմելու բան չտվեցի: Նա սկսեց ասել, որ ատում է ինձ և չի ուզում այլևս ինձ տեսնել, մի շարք զզվելի բաներ ասեց և ասեց, որ ես հեռանամ իր բնակարանից: Ես գնալու տեղ չունեմ՝ դեկրետի մեջ եմ, տանն եմ նստած, չեմ աշխատում և երկու երեխաների հետ գնալու տեղ չունեմ: Միգուցե պետք է փոխեմ բնավորությու՞նս՝ ավելի հնազանդ լինեմ և ուղղակի աչք փակեմ նրա հայհոյանքների վրա: Ես նրան սիրում եմ, բայց այլևս համբերելու ուժ չունեմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Այո, Դուք ճիշտ եք: Ձեզ պետք է փոխել Ձեր բնավորությունը, որովհետև վիճաբանությունների միջոցով Դուք նրան նույնիսկ դրդում եք խմել և արդարանալու տեղ եք տալիս: Չեմ կարծում, որ ընտանիքը այն միջավայրն է, որ մարդ պետք է ամեն մանրուքում պահի իր պատիվը և վիճի իր ամուսնու հետ: Եթե Դուք սիրում եք Ձեր ամուսնուն, ուրեմն նա պետք է Ձեր համար լինի ամենաուժեղ, ամենագեղեցիկ, ամենախելոք... մարդը աշխարհում և չեմ կարծում, որ վիճելով նրա հետ և ցածրացնելով նրա ինքնագնահատականը, Դուք ստեղծում եք այդ կերպարը: Քանի որ տղամարդը, վեճի մեջ չի կարող մրցել կնոջ հետ, նամանավանդ, որ կնոջ սուր լեզվի համար անչափ կարևոր է վերջին խոսքը ասելը՝ անկախ նրանից, թե ինչքան վիրավորական դա կլինի, նա այս դեպքերում սկսում ե դիմել ոչ ադեկվատ արարքների՝ անձնական վիրավորանքների և այլն: Կարծում եմ, որ ընտանիք ստեղծելու Ձեր վիճաբանությունների քաղաքականությունը ծառայում է հակառակ նպատակի: Խորհուրդ եմ տալիս հետևել հին արևելյան ասույթին՝. "Երբ ուզում ես ինչ-որ բան ասել, կանգնած ես՝ նստիր նոր ասա, նստած ես՝ պառկիր նոր ասա":

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: