ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ստվերից փախչողը»

Ճանապարհով մի ճամփորդ էր գնում, հոգնեց ու նստեց հանգստանալու։ Իր կապոցը քանդելիս ճամփորդը չէր կարող չնկատել ճանապարհով վազող մի մարդու։ Ճամփորդը շատ զարմացավ՝ տեսնելով, թե որքան արագ է վազում այդ մարդը։ Քրտինքը վտակներով հոսում էր նրա դեմքով։

— Է՜յ, մա՛րդ,ո՞ւր ես վազում, ումի՞ց ես փախչում,— ճամփորդը ձայն տվեց փախստականին։

— Ես քաղաք եմ վազում, բայց վախենում եմ սեփական ստվերիցս։

— Եթե վախենում ես սեփական ստվերիցդ, դեմքով շրջվի՛ր դեպի նա ու վազի՛ր հետ, այդժամ ստվերդ կփախչի քեզնից,— շարունակեց ճամփորդը։

Փախստականը կանգ առավ և, շնչակտուր լինելով, հարցրեց.

— Տեսնում եմ՝ իմաստուն մարդ ես։ Ասա՛ ինձ այդ դեպքում, ես ինչպե՞ս կհասնեմ քաղաք։

— Քաղաք հասնելու համար պետք է մոտենալ նրան այնպես, որ արևը թիկունքիդ հարվածի,— պատասխանեց ճամփորդը։

— Բայց չէ՞ որ դա այնպիսի՜ շրջանցում է,— զարմացավ փախստականը։— Ավելի լավ է՝ ես փախչեմ սեփական ստվերիցս։

— Ընկե՛ր, լսի՛ր, թե ինչ կասեմ քեզ,— սկսեց խոսել ճամփորդը՝ փորձելով խելամտորեն տեղ հասցնել ամեն մի բառը։— Քո ստվերը քաղաք կհասնի առաջինը։ Եվ երբ նա տեղ հասնի, քաղաքի դարպասները կփակվեն, որովհետև պահապանները կկարծեն, թե դա դու ես։ Եթե լսես ինձ, ողջ ու անվնաս կմնաս, իսկ քաղաքում կծեծեն քո ստվերը, որից այդքան վախենում ես։ Այդպիսով դու ընդմիշտ կազատվես այն ամենից, ինչից ողջ կյանքումդ ուզում էիր ազատվել։

— Շնորհակալություն քեզ, իմաստո՛ւն ճամփորդ, որ սովորեցրիր ինձ։ Ես գիտեի, որ քաղաքը գոյություն ունի փրկության համար, բայց փրկության էությունը չէի տեսնում։ Ավելի լավ է մեծ շրջանցում անել, քան փոքր հիմարություն։

Այդպես էլ բաժանվեցին ճամփորդն ու փախստականը։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 1688 հյուր