Մարդը եկավ Իմաստունի մոտ հետևյալ հարցով.
— Ես սովորական ծառայող եմ. կարող եմ դաստիարակել և կրթություն տալ միայն մեկ երեխայի, իսկ կինս շատ երեխաներ է ուզում: Եթե մենք շատ երեխաներ ունենանք, մենք նրանց, իհարկե, կկերակրենք, բայց նրանց կյանքն ակնհայտորեն ավելի աղքատիկ կլինի, քան մեկինը: Ի՞նչ անեմ ես:
Իմաստունը պատասխանեց նրան.
— Մի տեղ ապրում էին երկու հարևան: Նրանք իրենց գործին նվիրված մարդիկ էին: Երկուսն էլ զբաղվում էին բուսաբուծությամբ: Միայն թե առաջինը որոշել էր աճեցնել շատ բարձր ծառ, իսկ երկրորդը որոշել էր հավաքել կենդանի ծաղիկների ամենամեծ հավաքածուն: Եվ ահա բավական ժամանակ անցավ: Առաջինը բարձրաբերձ սեքվոյայի վրայից դիտում էր շրջակա տարածքը, իսկ երկրորդի մարգագետինը գրավում էր մոտակա գյուղի երեխաներին բազմաթիվ ծաղիկներով, միջատներով, թիթեռներով ու թռչուններով: Երկու հարևաններն էլ շատ էին ուրախանում իրենց ձեռքբերումներով: Բայց միայն այն տարբերությամբ, որ առաջին հարևանն երբեմն զբոսնում էր երկրորդի մարգագետնում, շնչում բուրմունքը, զննում թիթեռներին, ուրախանում մարգագետնում խաղացող երեխաներով, իսկ երկրորդը երբեք չէր ձգտում մագլցել շրջակայքի ամենաբարձր ծառը. նա հավերժ վախենում էր բարձրությունից: Հիմա դու ինձ կխնդրե՞ս բացատրել քեզ այս պատմության իմաստը, — հարցրեց Իմաստունը Մարդուն:
— Այո՛, քանի որ ես այնքան էլ չհասկացա քեզ, Իմաստո՛ւն:
— Երկու հարևաններն էլ սխալ էին վարվում: Նրանք շոյում էին իրենց ինքնասիրությունը և ոչ թե տարված էին բնությամբ, այլ ձևափոխում էին այն իրենց հարմար: Այնպես որ, դու նույնպես պետք է վստահես բնությանը, այլ ոչ թե տուրք տաս քո ցանկություններին:
Գրիգորի Սերգեև
