— Նա ասաց, որ կպարի ինձ հետ եթե ես նրան կարմիր վարդեր բերեմ, — բացականչեց երիտասարդ Ուսանողը, — բայց իմ այգում ոչ մի հատ կարմիր վարդ չկա։
Նրան լսեց Սոխակը, Կաղնու վրայի իր բնից ու զարմացած դուրս նայեց տերևների հետևից։
— Նույնիսկ մեկ հատ կարմիր վարդ չկա իմ այգում,
— շարունակեց տնտնջալ Ուսանողը և նրա չքնաղ աչքերը արցունքով լցվեցին։ — Ահ, ինչպիսի դատարկություններից է երբեմն կախված երջանկությունը։ Ես կարդացել եմ այն ամենը, ինչ գրել էին իմաստունները, ես հասկացել եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները։ Եվ իմ կյանքը փշրված է այն բանի պատճառով, որ ես կարմիր վարդ չունեմ։
— Ահա նա վերջապես, իրական սիրահարվածը, — ինքն իրեն ասաց Սոխակը։ — Գիշեր՝ գիշերի հետևից ես երգել եմ նրա մասին, չնայած, որ չեմ ճանաչել նրան, գիշեր՝ գիշերի հետևից ես պատմել եմ նրա մասին աստղերին և, վերջապես ես տեսա նրան։ Նրա մազերը մուգ են՝ մուգ հակինթի նման, իսկ շութերը կարմիր են, ինչպես այն վարդը, որին նա փնտրում է։ Սակայն կիրքը, նրա դեմքը գունաթափ է արել, փղոսկրի նման և վիշտն իր կնիքն է դրել նրա ճակատին։
— Վաղը երեկոյան արքայազնը պարահանդես է կազմակերպել, — շշնջաց երիտասարդ Ուսանողը, — ես ու իմ սիրելին հրավիրված ենք։ Եթե ես նրան կարմիր վարդ բերեմ, նա ինձ հետ կպարի մինչ լուսաբաց։ Եթե ես նրան կարմիր վարդ բերեմ, ես կզգամ նրան իմ գրկում, նա իր գլուխը կխոնարհի իմ ուսին և իմ ձեռքը կսեղմի նրա ափը։ Բայց իմ այգում կարմիր վարդ չկա և ես ստիպված եմ մենության մեջ նստել, իսկ նա կանցնի իմ կողքով։ Նա նույնիսկ չի նայի իմ վրա և իմ սիրտը կպատառոտվի վշտից։
— Նա իրական սիրահարված է, — ասաց Սոխակը։ — Այն, ինչի մասին ես միայն երգել եմ, նա վերապրում է իրականում։ Այն, ինչը իմ համար ուրախություն է, նրա համար տանջանք է։ Իրական սերը — դա հրաշք է։ Այն զմրուխտից թանկարժեք է և չքնաղագույն արևակնից ավելի թանկ։ Մարգարտով ու նռնաքարով չես կարող գնել այն և այն չի վաճառվում շուկայում։ Այն չես գնի կրպակում և չես փոխանակի ոսկով։
— Երգչախմբում նստած կլինեն երաժիշտներ, — շարունակում էր երիտասարդ Ուսանողը։ — Նրանք տավիղների ու ջութակների վրա կնվագեն և իմ սիրելին կպարի լարերի ձայնի տակ։ Նա կպտտվի դահլիճում այնպիսի թեթևությամբ, որ նրա ոտքերը մանրատախտակին չի դիպչի և նրա շուրջ կխռնվեն շքեղ հագուստներով պալատականները։ Բայց ինձ հետ նա չի ցանկանա պարել, որովհետև ես չունեմ կարմիր վարդ նրա համար։
Եվ պատանին բերանքսիվայր ընկավ խոտերի վրա, ձեռքերով ծածկեց դեմքն ու լաց եղավ։
— Ինչի՞ համար է նա լաց լինում, — հարցրեց փոքրիկ կանաչ Մողեսը, որը սողում էր նրա կողքով թափ տալով իր պոչը։
— Այո, իրականում, ինչի՞ համար, — միացավ Թիթեռը, որը թռչում էր արևի շողը բռնելու։
— Ինչի՞ համար, — հարցրեց իր հարևանին Մարգարտածաղիկը նուրբ շշնջալով։
— Նա լաց է լինում կարմիր վարդի պատճառով, — պատասխանեց Սոխակը։
— Կարմիր վարդի, — բացականչեցին բոլորը։ — Ահ, ինչ ծիծաղելի է։
Իսկ փոքրիկ Մողեսը, ով մի փոքր հակված էր անպատկառության, անամոթաբար հռհռաց։
Եվ միայն Սոխակն էր հասկանում Ուսանողի տանջանքները, նա լուռ նստել էր Կաղնու վրա ու մտածում էր սիրո խորհուրդի մասին։
Բայց ահա նա ուղղեց իր մուգ թևիկներն ու օդ սավառնեց։ Նա թռավ բացատի վրայով ստվերի նման, և ստվերի նման անցավ այգու վրայով։
Կանաչ մարգագետնի մեջտեղում կանգնած էր փարթամ Վարդի Թուփը։ Սոխակը տեսավ նրան, մոտ թռավ նրան ու վայրէջք կատարեց նրա ճյուղերից մեկի վրա։
— Ինձ կարմիր վարդ տուր, — բացականչեց նա, — և ես քեզ կերգեմ իմ լավագույն երգերից մեկը։
Բայց Վարդի Թուփը միայն գլուխը ճոճեց։
— Իմ վարդերը սպիտակ են, — պատասխանեց նա, — նրանք սպիտակ են ծովի փրփուրի պես, նրանք սարերի գագաթների ձյունից սպիտակ են։ Գնա իմ եղբոր մոտ, որն աճում է հին արևային ժամացույցի կողքին, — միգուցե նա տա քեզ այն, ինչ խնդրում ես։
Եվ Սոխակը թռավ այն Վարդի Թփի մոտ, որն աճում էր հին արևի ժամացույցի մոտ։
— Ինձ կարմիր վարդ տուր, — բացականչեց նա, — և ես քեզ կերգեմ իմ լավագույն երգը։
Բայց Վարդի Թուփը գլուխը ճոճեց։
— Իմ վարդերը դեղին են, — պատասխանեց նա, — նրանք դեղին են ծովահարսի մազերի նման, որը նստած է սաթե գահի վրա, նրանք չհնձած մարգագետնի անթառամից ավելի դեղին են։ Գնա իմ եղբոր մոտ, որն աճում է Ուսանողի պատուհանի տակ, միգուցե նա քեզ տա այն, ինչ խնդրում ես։
Եվ Սոխակը թռավ այն Վարդի Թփի մոտ, որն աճում էր Ուսանողի պատուհանի տակ։
— Ինձ կարմիր վարդ տուր, — բացականչեց նա, — և ես քեզ կերգեմ իմ լավագույն երգը։
Բայց Վարդի Թուփը գլուխը ճոճեց։
— Իմ վարդերը կարմիր են, — պատասխանեց նա, — նրանք աղավնու թաթիկներից կարմիր են, օվկիանոսի հատակին, քարանձավներում, հովհարի պես ծածանվող կորալներից կարմիր։ Բայց իմ երակներում արյունը սառչել է ձմեռային սառնամանիքից, ցուրտը ջարդել է իմ բողբոջները, բուքը կոտրել իմ ճյուղերը և այս տարի ես ընդհանրապես վարդ չեմ ունենա։
— Միայն մեկ կարմիր վարդ, — ահա թե միայն ինչ եմ ես քեզ խնդրում, — բացականչեց Սոխակը։ — Մեն մի հատ կարմիր վարդ։ Դու գիտե՞ս իրեն ստանալու ձևը։
— Գիտեմ, — պատասխանեց Վարդի Թուփը, — բայց այն այնքան սարսափելի է, որ ես չեմ խիզախում քեզ դա հայտնել։
— Ասա ինձ այդ մասին, — խնդրեց Սոխակը, — ես չեմ վախենում։
— Եթե ուզում ես Կարմիր Վարդ ստանալ, — պատմեց Վարդի Թուփը, — դու պետք է ինքդ այն ստեղծես երգի ձայներից, լուսնի շողերի տակ և դու պետք է կարմրացնես այն քո սրտի արյունով։ Դու պետք է երգես իմ համար, կրծքով սեղմվելով իմ փշին։ Ամբողջ գիշեր դու պետք է երգես և իմ փուշը կխոցի քո սիրտը, ու քո կենդանի արյունը կլցվի իմ երակների մեջ ու կդառնա իմ արյունը։
— Մահը — թանկ արժեք է կարմիր վարդի համար, — բացականչեց Սոխակը։ — Կյանքը բոլորի համար էլ թանկ է։ Ինչքան լավ է, անտառում նստած հմայվել ոսկե կառքի մեջ նստած արևով և մարգարտե կառքի մեջ նստած լուսնով։ Քաղցր է ալոճենու բուրմունքը, հաճելի են կապույտ զանգակները դաշտավայրում և հավամրքին, որը ծաղկում է բլուրներին։ Սակայն Սերը՝ Կյանքից թանկ է և մի ինչ-որ թռչնակի սիրտը ոչինչ է համեմատած մարդկային սրտի հետ։
Եվ թափահարելով իր մուգ թևիկներով, Սոխակը օդ սլացավ։ Նա թռավ այգու վրայով ստվերի նման և ստվերի նման թռավ բացատի վրայով։
Իսկ Ուսանողը դեռ պառկած էր խոտերի մեջ, որտեղ նրան թողել էր Սոխակը ու արցունքները դեռ չէին չորացել նրա չքնաղ աչքերի մեջ։
— Ուրախացիր, — գոռաց նրան Սոխակը։ — Ուրախացիր, դու կունենաս կարմիր վարդ։ Ես կստեղծեմ նրան իմ երգի ձայներից լուսնի շողերի տակ և կկարմրացնեմ նրան իմ սրտի տաք արյունով։ Որպես պարգև ես քեզանից մի բան եմ խնդրում՝ հավատարիմ մնա քո Սիրուն, քանզի որքան էլ որ իմաստուն չլինի Փիլիսոփայությունը, Սիրո մեջ ավելի շատ Իմաստություն կա քան Փիլիսոփայության։ Եվ որքան էլ որ հզոր չլինի Իշխանությունը, Սերը ցանկացած Իշխանությունից ուժեղ է։ Նա ունի կրակի գույնի թևեր և կրակով է ներկված նրա մարմինը։ Նրա շուրթերը քաղցր են մեղրի պես իսկ շնչառությունը նման է խնկի։
Ուսանողը մի փոքր բարձրացավ արմունկների վրա ու լսեց, բայց նա չհասկացավ այն, ինչ իրեն ասում էր Սոխակը, քանի որ գիտեր միայն այն, ինչ գրված էր գրքերում։
Իսկ կաղնին հասկացավ ու տխրեց, որովհետև շատ էր սիրում այդ փոքրիկ թռչնակին, ով իր համար բույն էր գործել նրա ճյուղերի մեջ։
— Երգիր ինձ համար վերջին անգամ քո երգը, — շշնջաց նա։ — Ես շատ կտխրեմ երբ դու չլինես։
Եվ Սոխակը սկսեց երգել Կաղնու համար և նրա երգը նման էր արծաթե սափորից հոսող ջրի կարկաչին։
Երբ Սոխակը դադարեց երգել, Ուսանողը վերկացավ խոտերի վրայից, գրպանից հանեց մատիտն ու նոթատետրը և բացատից տուն ճանապարհվելով ինքն իրեն ասաց՝
— Այո, նա ձևի վարպետ է, ու դա իրենից չես խլի։ Սակայն արդյո՞ք նա ունի զգացմունքներ։ Վախենամ, որ ոչ։ Ըստ էության նա նման է նկարիչներից շատերին՝ շատ վիրտուոզություն և ոչ մի կաթիլ անկեղծության։ Նա երբեք իրեն չի զոհի ուրիշի համար։ Նա միայն երաժշտության մասին է մտածում, իսմ բոլորը գիտեն, որ արվեստը՝ էգոիստական է։ Ընդ որում չի կարելի չընդունել, որ նրա դայլայլներից որոշները գեղեցիկ են։ Ափսոս միայն, որ դրանց մեջ ոչ մի իմաստ չկա և դրանք զրկված են պրակտիկ նշանակությունից։
Եվ նա գնաց իր սենյակ, պառկեց նեղ անկողնու վրա և սկսեց մտածել իր սիրո մասին։ Շուտով նա ընկղմվեց քնի մեջ։
Երբ երկնքում շողաց լուսինը, Սոխակը թռավ եկավ Վարդի Թփի մոտ, նստեց նրա ճյուղին ու ամուր սեղմվեց նրա փշին։ Ամբողջ գիշեր նա երգեց, ամուր սեղմվելով փշին և սառը բյուրեղապակե լուսինը լսում էր նրան խոնարհելով իր դեմքը։ Ամբողջ գիշեր նա երգեց իսկ փուշը խոցեց նրա կուրցքը ավելի ու ավելի խոր ու այնտեղից կաթիլ-կաթիլ ծորաց տաք արյունը։
Սկզբից նա երգեց այն մասին, թե ինչպես է սողոսկում սերը տղայի ու աղջկա սիրտ։ Եվ Վարդի Թփի վրա, ամենավերևի ընձյուղի վրա սկսեց մի չքնաղ վարդ բացվել։ Երգը՝ երգի հետևից — ծաղկաթերթը՝ ծաղկաթերթի։ Սկզբից վարդը գունատ էր՝ գետի վրա թեթև մշուշի նման։ Գունատ ինչպես արշալույսի քայլը և արծաթագույն ինչպես լուսաբացի թևերը։ Վարդի արտացոլանքը արծաթե հայելու մեւջ, վարդի արտացոլանքը անշարժ ջրի մեջ — ահա թե ինչպիսին էր վարդը, որը ծաղկել էր Թփի վերևի ընձյուղի վրա։
Եվ Թուփը գոռում էր Սոխակին, որ վերջինս ավելի ամուր սեղմվի փշին։
— Ամուր սեղմվիր ինձ, սիրելի Սոխակ, այլապես օրն ավելի շուտ կսկսվի քան վարդը կկարմրի։
Ավելի ու ավելի ամուր էր սեղմվում Սոխակը փշին, և նրա երգն ավելի ու ավելի բարձր էր հնչում քանզի նա երգում էր տղամարդու ու կնոջ հոգժում ծնվող կրքի մասին։
Եվ վարդի թերթերը ներկվեցին նուրբ կարմրությամբ, ինչպես փեսացուի դեմքը երբ նա համբուրում է իր հարսնացուի շուրթերը։ Բայց փուշը դեռ չէր խոցել Սոխակի սիրտը և վարդի սիրտը մնում էր սպիտակ, քանի որ միայն սոխակի սրտի կենդանի արյունը կարող էր կարմրացնել վարդի սիրտը։
Վարդի Թուփը կրկին գոռաց Սոխակին, որ նա ավելի ամուր սեղմվի փշին։
— Ամուր սեղմվիր ինձ, սիրելի Սոխակ, թե չէ օրը կգա ավելի շուտ քան վարդը կկարմրի։
Սոխակը ավելի ուժեղ սեղմվեց փշին և փշի սուրը վերջապես դիպավ նրա սրտին ու ողջ մարմինը հանկարծ խոցեց դաժան ցավը։ Ավելի ու ավելի տանջող էր դառնում ցավը, ավելի ու ավելի բարձր էր լսվում Սոխակի երգը, քանզի նա երգում էր Սիրո մասին, որն իր կատարելությունն է ստանում Մահվան մեջ, այն սիրո մասին, որը չի մահանում գերեզմանում։
Եվ ալ կարմիր դառավ չքնաղ վարդը, արևելքում արշալույսի նման։ Ալ կարմիր դառավ նրա պսակը և սուտակի նման կարմիր դառավ նրա սիրտը։
Իսկ Սոխակի ձայնը թուլանում էր ու թուլանում և ահա նրա թևիկները ջղաձգորեն թռթացին իսկ աչուկները լցվեցին մշուշով։ Նրա երգը մահանում էր և նա զգում էր, որ ինչ-որ բան սեղմում է իր կոկորդը։
Եվ ահա նա բաց թողեց իր վերջինդայլայլը։ Գունատ լուսինը լսեց նրան ու մոռանալով լուսաբացի մասին սառեց երկնքում։ Կարմիր վարդը լսեց այն և էքստազից ամբողջովին դողդղալով բաց արեց իր թերթերը՝ առավոտվա սառնաշունչ քամուն ընդառաջ։ Արձագանքը տարածեց այդ դայլայլը՝ սաերերում իր բոսորագույն քարանձավներում և արթնացրեց այնտեղ քնած հովիվներին։ Դայլայլը գլորվեց գետի եղեգներով իսկ նրանք էլ այն հանձնեցին ծովին։
— Տես, — բացականչեց Թուփը։ — Վարդը կարմիր դարձավ։
Բայց Սոխակը ոչինչ չպատասխանեց։ Նա ընկած էր մեռած բարձր խոտերի վրա և նրա սրտում մխրճված էր սուր փուշը։
Կեսօրին Ուսանողը բաց արեց պատուհանն ու այգի նայեց։
— Այ քեզ երջանկություն, — բացականչեց նա։ Ահա նա, կարմիր վարդը։ Կյանքումս այսպիսի գեղեցիկ վարդ չէի տեսել։ Այն երևի ինչ-որ երկար լատիներեն անվանում ունի։
Եվ նա կախվեց պատուհանից ու քաղեց այն։
Հետո նա վերցրեց գլխարկն ու վազեց Պրոֆեսորի մոտ, ձեռքում պահելով վարդը։
Պրոֆեսորի աղջիկը նստած էր շքամուտքի մոտ ու կապույտ մետաքսի թելը փաթաթում էր կոճի վրա։ Փոքրիկ շնիկը պառկած էր նրա ոտքերի մոտ։
— Դուք խոստացել էիք ինձ հետ պարել եթե ես ձեզ կարմիր վարդ բերեմ, — բացականչեց Ուսանողը։ — Ահա աշխարհի ամենակարմիր վարդը։ Երեկոյան այն ամրացրեք սրտին մոտ և երբ մենք կպարենք, նա ձեզ կպատմի թե ինչպես եմ ես ձեզ սիրում։
Բայց աղջիկը խոժոռվեց։
— Վախենամ այս վարդը չսազի իմ հանդերձանքի հետ, — պատասխանեց նա։ — Բացի դա, սենեկապետի եղբորորդին ինձ իրական քարեր է ուղարկել, իսկ յուրաքանչյուրը գիտե, որ քարերը շատ ավելի թանկ են ծաղիկներից։
— Ինչքան անշնորհակալ եք, — բորբոքված ասաց Ուսանողն ու վարդը նետեց գետին։
Վարդն ընկավ ակոսի մեջ և այն ճխլվեց սայլի անիվով։
— Անշնորհակա՞լ եմ, — կրկնեց աղջիկը։ — Իրականում ինձ կոպիտ եք դուք։ Եվ ո՞վ եք դուք վերջ ի վերջո։ Ուսանող չե՞ք։ Չեմ կարծում, որ ունեք այնպիսի արծաթե ճարմանդներ Ձեր կոշիկներին ինչպիսին սենեկապետի եղբորորդին ունի։
Եվ նա վեր կացավ բազկաթոռից ու մտավ սենյակներ։
— Ինչ հիմար բան է — այդ Սերը, — մտորում էր Ուսանողը վերադառնալով տուն։ — Նրանում նույնիսկ կիսով չափ չկա այն օգտակարությունը, որը կա Տրամաբանության մեջ։ Այն ոչինչ չի ապացուցում, միշտ խոստանում է անիրականանալին ու ստիպում է հավատալ անհնարինին։ Այն զարմանալիորեն ոչ պրակտիկ է, իսկ քանի որ մեր դարը — պրակտիկ դար է, ապա ես կվերադառնամ ավելի լավ է Փիլիսոփայությանն ու կսկսեմ Մետաֆիզիկա ուսումնասիրել։
Եվ նա վերադարձավ իր սենյակ, հանեց մեծ փոշոտ գիրքն ու սկսեց այն կարդալ։
Օսկար Ուայլդ
