ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՋՐՀՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխարհի վրա կա մի զարմանալի քաղաք, որտեղ ապրում են միայն ջրհորները: Նրանք կենդանի են: Նրանք շատ տարբեր են, նրանցից յուրաքանչյուրն ունի իր զարդերիզը՝ ինչ որ մեկի մոտ այն ոսկուց է, մյուսների մոտ՝ փորագրություններով, տաշած, քարից, փայտից, ճյուղերից: Նրանք բոլորը տարբեր են՝ ով ավելի հարուստ է, ով ավելի աղքատ: Կային նաև շատ աղքատ ջրհորներ՝ շատ հասարակ զարդերիզներով:

Նրանք շատ էին սիրում շփվել միմյանց հետ: Եվ դա իրականացնում էին զարդերիզների միջոցով՝ զարդերիզից զարդերիզ, ինչպես մարդկանց մոտ է լինում՝ շուրթերից շուրթեր:

Ցանկացած նորություն շատ շուտ էր տարածվում այդ քաղաքում:

Եվ ահա, մի անգամ, ջրհորների քաղաքում մի հետաքրքիր միտք տարածվեց (այն քաղաքի ծայրի ջրհորն էր լսել, երբ հարևան գյուղի գյուղացիները անցնում էին նրա կողքով) պարզվում է, որ մոդայիկ է դառել լինել ինչ-որ բանով լցված այլ ոչ թե դատարկ, ինչը սոլիդություն և նշանակություն կտա յուրաքանչյուր ջրհորի:

Սկսեցին ջրհորները հետզհետե լցնել իրենց ինչ-որ բաներով:

Ինչ-որ մեկը որոշեց իրեն լցնել ոսկով, ադամանդներով և այլ ամենատարբեր թանկարժեք քարերով: Ուրիշները՝ որոշեցին լցնել իրեն կահույքով և ինտերիերի այլ առարկաներով:

Գեղեցիկի սիրահարները սկսեցին լցնել իրենց նկարներով և այլ արվեստի գործերով: Ինտելեգենտ ջրհորները՝ գրքերով, բառարաններով և այլ ինֆորմացիայով:

Նրանց շատ դուր էր գալիս այդ գործընթացը, կյանքը լցվել էր իմաստով:

Սակայն ինքներդ եք հասկանում, այդպես երկար շարունակվել չէր կարող: յուրաքանչյուր ջրհոր էլ ունի հատակ և սահման: Ժամանակի ընթացքում քաղաքի բոլոր ջրհորներն էլ լցվեցին, և այլևս չգիտեին թե ուր դնեն իրենց թանկարժեք իրերը:

Այդ ժամանակ Ջրհորներից մեկը մի հանճարեղ միտք արտահայտեց՝ որպեսզի ավելի շատ բան տեղավորվի իրանց մեջ, անհրաժեշտ է լայնանալ: Եվ սկսեց նա լայնանալ, ավելի ու ավելի շատ բան լցնելով իր մեջ: Մյուս ջրհորները նույնպես հետևեցին նրա օրինակին: Աշխատանքը սկսեց եռալ:

Այս ամենին հետևում էր քաղաքի ծայրամասում գտնվող մի փոքրիկ ջրհոր: Նրա տեղից շատ լավ երևում էր, թե ինչպես են լայնանում ջրհորները, և ինչքան քիչ տարածություն է մնում նրանց արանքում: Նա վախեցավ, որ եթե այսպես շարունակվի, ապա մի պահ կգա, որ այլևս լայնանալու տեղ չի մնա, և նրանք միանալով կդառնան մեկ մեծ ջրհոր: Դրանով էլ նրանք կկորցնեն իրենց ինդիվիդուալությունը:

Եվ իհարկե նա գտավ լուծումը՝ պետք է փորել ոչ թե լայնությամբ, այլ խորությամբ: Սակայն ինչպես խորացնել քեզ, եթե Դու մինչև վերջ լցված ես իրերով:

Եվ նա որոշում ընդունեց ձերբազատվել այն ամենից, ինչով լցված էր, որպեսզի իրականացնի իր միտքը: Ձերբազատման հետ երբեմն-երբեմն նա ընկնում էր պանիկայի մեջ՝ ի՞նչ կլինի, եթե նա դատարկ մնա: Ինչպե՞ս նա կկարողանա վերապրել այդ փաստը: Իմաստ կունենա՞ արդյոք այդ ամենը հետո: Եվ ամենասարսափելին՝ ի՞նչ կա այնտեղ խորության մեջ: նա չգիտեր, սակայն շարունակում էր փորել…

Հետադարձ ճանապարհ չկար, ահագին աշխատանք արդեն կատարված էր… Նա դեն էր նետում իր մեջ եղած առարկաները, իսկ ուրիշ ջրհորներ միանգամից այն վերցնում էին:

Եվ բնականաբար, խորը փորելով, մի գեղեցիկ օր նա հասավ ՋՐԻՆ:

Ջուրն արագ լցրեց ջրհորը: Այն այնքան գեղեցիկ էր ու վճիտ: Ջրհորը սկսեց խաղալ ջրի հետ և այնքան տարվեց այդ խաղով, որ չնկատեց, թե ինչպես է այն դուրս թափվում իր պռունկից: Ճաքճքած հողը հագեցավ ջրով, և ջրհորի կողքին սկսեց կանաչ խոտ աճել: բացվեցին ծաղիկներ և բուսնեցին ծառեր: Նրա շուրջն ամեն ինչ կանաչեց, կենդանացավ և շատ գեղեցկացավ: Դատարկ քաղաքի ծայրամասում մի գեղեցիկ օազիս առաջացավ:

Եվ այդ ջրհորը սկսեցին անվանել ԾԱՂԿԱՆՈՑ:

Մյուս ջրհորները երբեք մաքուր ջուր չէին տեսել: Սովորաբար նրանց մեջ լցվում էր միայն անձրևաջուր: Նրանք շատ ոգևորվեցին և նրանցից շատերն ցանկացան նմանատիպ մաքուր և գեղեցիկ ջուր ունենալ: Սակայն երբ նրանք իմանում էին, որ դրա համար անհրաժեշտ է դեն նետել իրենց մեջ տարիների ընթացքում դժվարությամբ կուտակած իրերը՝ նրանք հրաժարվում էին այդ մտքից: Նրանք միայն լուռ փնթփնթում էին և նախանձում, ասելով, որ այդ ջուրը մի օր կվերջանա, և ծաղկանոցը կմահանա դատարկությունից:

Քաղաքի մյուս ծայրում, մեր ծաղկանոցից շատ հեռու կար ևս մեկ ջրհոր, որն որոշել էր նույնպես խորացնել իրեն: Եվ իհարկե նա էլ ժամանակի հետ հասել էր ջրին: Այսպիսով քաղաքում արդեն երկու օազիս կար: Երկու շատ գեղեցիկ ջրհոր, ում կողքին կյանքը եռում էր:

Մի պահ եկավ, որ այդ երկու ջրհորները գիտակցեցին, որ ջուրը, որը նրանք գտել են՝ ԸՆԴՀԱՆՈւՐ Է: Այն շատ մեծ է և շատ, պարզվեց, որ դա մի ստորգետնյա գետ է: Նրանք հասկացան, որ այն երբեք չի վերջանա: Ժամանակի ընթացքում նրանք սովորեցին շփվել ոչ թե բոլոր ջրհորների պես՝ զարդերիզների միջոցով, այլ այդ ԸՆԴՀԱՆՈւՐ գետի խորքերում:

ԽՈՐԽԵ ԲՈւԿԱՅ