Պատմում են, թե մի իսլամական սեկտայի հետնորդ եկավ իր շեյխի՝ հավատացյալների համայնքի ղեկավարի մոտ, ով գուշակ էր և պայծառատես, և ասաց նրան՝
- Օ, շեյխ, իմ կինը հղի է: Վախենում եմ, որ նա աղջիկ կունենա: Խնդրում եմ քեզ, աղոթիր, որ Աստված բարեգութ գտնվի և ինձ որդի պարգևի:
Շեյխը պատասխանեց՝
- Գնա ու մի քանի ամենալավ սեխերից բեր, հաց և պանիր, որ իմ հետնորդները կուշտ լինեն և այդ ժամանակ նրանք կկարողանան քեզ համար աղոթել:
- Երդվում եմ աչքերիս լույսով, ես դա կանեմ:
Նա գնաց ու բերեց այն ամենը, ինչ իրեն հրամայված էր: Կերակուրն ըմբոշխնելուց հետո հետնորդները սկսեցին աղոթել: Նույնիսկ շեյխն այնքան բարիացավ, որ մի երկու խոսք ասաց՝
- Համոզված եղիր, - ասաց շեյխ, - որդի կունենաս, և երբ նրա տասը տարին կլրանա, նա կդառնա մեր համայնքի անդամ:
Սակայն հղի կինը աղջիկ ծնեց, որն էլ շատ տգեղ էր ու այլանդակ: Ամուսինը շատ տխրեց և նորից գնաց շեյխի մոտ, որպեսզի անարդարությունից բողոքի՝
- Քո աղոթքները չօգնեցին: Դու ինձ խոսք էիր տվել, որ որդի կունենամ: Իսկ ես դուստր ունեցա այն էլ սարսափելի այլանդակ:
Ի պատասխան շեյխն ասաց՝
- Ես համոզված եմ, որ երբ մեզ կերակուր էիր նվիրաբերում, Դու հոգուդ մեջ իրական հավատ և մտքերի մաքրություն չունեիր: Եթե Դու դա անեիր ամբողջ սրտով և մաքուր մտքով, քեզ մոտ արու զավակ կծնվեր, երդվում եմ քեզ: Սակայն ի հակառակ ամենի, համոզված եղիր, որ չնայած որ դուստր է ծնվել, սակայն նա քեզ ավելի շատ օգուտ և ուրախություն կբերի քան տղան: Որովհետև երբ ինձ վրա շնորհ իջավ, ինձ մի դեմք երևաց, և դա քո դստեր դեմքն էր, ով ապագայում հայտնի գիտնական է լինելու:
Մարդը մխիթարված հեռացավ: Երկու ամսից նրա դուստրը մահացավ: Նա նորից գնաց շեյխի մոտ և ասաց՝
- Օ, շեյխ, իմ դուստրը մահացավ: Ես պետք է քեզ ասեմ, որ քո աղոթքները բոլորովին չեն օգնում:
Շեյխը պատասխանեց՝
- Ես քեզ ասացի, որ դուստրը քեզ ավելի օգուտ կբերի քան եթե տղա լիներ: Եթե նա կենդանի մնար, նրա սիրտը կկոտրվեր այն բանից, որ աշխարհն այսքան ամենատարբեր գարշանքներով է լցված: Ստացվում է, որ լավ է, որ նա մահացավ:
Հենց շեյխը խոսեց և վերջացրեց, նրա բոլոր հետնորդները վեր ցատկեին, ընկան նրա ոտքերի մոտ և սկսեցին խմբովի երգել՝
- Ինշալլահ տաալլահ: Թող առողջությունն անպակաս լինի քեզանից: Մենք հավերժ քո նվիրված ծառաներն ենք: Իրականում դու ամենազոր ես: Քո շունչը կենարար է, իսկ ինքդ՝ մարգարե ես:
Շեյխ Բախաիից