ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՄԻԱՅՆ ՉՈՐՍ ՔԱՅԼ

Մի փոքրիկ գազանանոցում, արջին պահում էին այնպիսի նեղ վանդակում, որ նա կարողանում էր միայն մի կողմի վրա չորս քայլ անել, հետո շուռ գալ և չորս քայլ էլ հետ գալ:

Այսպես նա քայլում էր վանդակում օրերով:

Այցելուները կարեկցում էին արջին և ասում՝ «Ինչքան երջանիկ կլինի նա, եթե ազատության մեջ լինի»:

Ժամանակն անցավ, գազանանոցը որոշեցին վերանորոգել և...

...բոլոր կենդանիների համար մեծ և ընդարձակ մետաղավանդակներ պատրաստեցին:

Այնտեղ շատ կանաչ կար, իսկ արջի վանդակում՝ նույնիսկ լողավազան:

Գազանանոցի աշխատողները մտածում էին, որ երբ արջին տեղափոխեն այնտեղ՝ իր նեղ վանդակից, նա շատ կուրախանա:

Եվ ահա, երկար սպասված օրը եկավ: Արջին մտցրեցին մի շատ նեղ վանդակ, որով տեղափոխեցին իր նոր կացարանը:

Նույնիսկ գտնվելով տեղափոխման վանդակի մեջ, արջը հնարամտորեն կարողանում էր իր պարտադիր չորս քայլերն անել:

Վերջապես նրան բաց թողեցին իր նոր, ընդարձակ վանդակում: Արջը զգուշությամբ նայեց շուրջը, զգուշությամբ քայլ արեց, երկրորդը, երրորդը, չորորդը…

Եվ շրջվելով նորից արեց չորս քայլ դեպի հետ:

Նա այդպես էլ չհասկացավ, որ հիմա վանդակի ճաղերը, որոնք նախկինում սահմանափակում էին նրա ազատությունը, գոյություն ունեն միայն իր երևակայության մեջ: Սակայն նրա հիշողության մեջ եղած ճաղերն ավելի ամուր դուրս եկան իրական ճաղերից:

Այդպես էլ արջը մինչ այսօր քայլում է իր ահռելի վանդակում՝ չորս քայլ առաջ և չորս քայլ հետ:

ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ