Մի անգամ Սենկայի տատիկը բաց արեց իր սնդուկն ու Սենկան տեսավ կափարիչը հակառակ կողմում փակցված նկարը։ Դրա վրա մի աղջիկ էր պատկերված, որի աջ կողմում կանգնած էր մի սպիտակ, պայծառ հրեշտակ, իսկ ձախ կողմից՝ սև հրեշտակ, կոտոշներով։ Սենկան ուշադիր զննեց նկարն ու հարցրեց տատիկին՝
— Իսկ ու՞ր են նրանք նրան տանում։
— Ոչ մի տեղ էլ չեն տանում։ Ուղղակի յուրաքանչյուր մարդ էլ նման հրեշտակներ ունի՝ և՛ քո մայրը, և՛ քո հայրը, և՛ դու։
— Իսկ ինչու՞ ես նրանց չեմ տեսնում, — հետաքրքրությամբ հարցրեց Սենկան։
— Մարդիկ նրանց չեն տեսնում, միայն լսում են, — սկսեց պատմել տատիկը։ — Երբ ես նույնքան փոքր էի, ինչպես դու, մոտեցա ես ջրհորին ու նայեցի դրա մեջ։ Իսկ ջրհորը խորն էր։ Ու ուզեցա ես թքել այնտեղ։ Ու ահա, սև հրեշտակն ասում է՝ «Թքիր», — և տատիկը մատով ցույց է տալիս նրան, — իսկ սպիտակն ասում է՝ «Չի կարելի»։
Սենկան մի փոքր մտածեց ու հետո հարցրեց՝
— Իսկ դու թքեցի՞ր։
Տատիկը, տեղավորելով սպիտակեղենը սնդուկի մեջ, պատասխանեց՝
— Ճիշտն ասած ես արդեն չեմ հիշում։
Սենկան խոժոռվեց, որովհետև տատիկի պատասխանը նրան չբավարարեց։
Ուշ երեկոյան, տատիկը կանգնած էր սրբապատկերների դիմաց, անկյունում ու շշուկով աղոթում էր, իսկ Սենկան պառկել էր վառարանի վրա ու նայում էր, թե ինչպես է նա աղոթում։ Հանկարծ տատիկը բոլորովին հստակ արտաբերեց՝
— Տեր, ներիր ինձ, մեղավորիս, — ու խաչակնքվեց։
Սենկան նույնիսկ գլուխը բարձից բարձրացրեց, մտածեց՝ «Նշանակում է հաստատ թքել է։ Այ հիմա էլ Աստվածին աղոթում է, որ իրեն ների»։
Գալինա Ստրելկովա
