Ապրում էր աշխարհիս երեսին մի պատանի Ամարտ անունով: Նա հասարակ տղա էր, ոչ այնքան խելացի, և ուժով էլ չառանձնացող: Շատ անգամներ լսել էր Ամարտը, որ գիշերները դաշտում երկնքից իջնում է սպիտակ ձին: Այդ ձին աստղային բաշն է թափ տալիս և արծաթե սմբակով հողը պայթեցնում: Ասում էին թե նա ով այդ սպիտակ ձիու հետ կհանդիպի, ստիպված կլինի դառը վիշտ քաշել: Դրանից միայն մի փրկություն կա՝ այդ ձիուն սանձելը: Իսկ եթե սանձես նրան, ապա երջանկության սպասի: Շատեր էին իրենց ճանապարհին հանդիպել այդ սպիտակ ձիուն, սակայն դեռ ոչ ոքի չէր հաջողվել սանձել նրան:
Լսեց այդ պատմությունները Ամարտը, լսեց ու որոշեց վերջապես սեփական աչքերով այդ ձիուն տեսնել:
— Այդպես էլ կյանքս կապրեմ ու հրաշք չեմ տեսնի: Դե երջանկությունն էլ ինձ չի խանգարի:
Ասվածը՝ արված է: Ճանապարհ ընկավ Ամարտը գիշերով՝ դաշտ: Թաքնվեց ու սպասեց: Մեկ էլ տեսավ, որ երկնքից իրականում էլ սպիտակ ձի է իջնում: Աստղային բաշն է թափ տալիս և արծաթե սմբակով հողը պայթեցնում: Մոտեցավ Ամարտը ձիուն, նայում է նրան ու զարմանում: Իսկ ձին տեղից էլ չի շարժվում: Միայն մի աչքով շեղ նայում է մարդու վրա: Ավարտը մտածեց ցատկել ձիու վրա, սակայն փոշմանեց: Դրա փոխարեն նա շոյեց ձիու աստղային բաշը: Բաշից մի աստղիկ սահեց ու ընկավ ուղիղ Ամարտի ձեռքը: Ձին խրխնջաց, հավատարմությամբ նայեց պատանուն ու կանչեց նրան իր ետևից:
Երկար քայլեցին նրանք մինչև չհանդիպեցին սպիտակ հագուստներով անծանոթին: Ձին մոտ վազեց անծանոթին և սկսեց ուրախ խրխնջալ:
— Շնորհակալ եմ քեզ երիտասարդ, — իր երախտագիտությունը հայտնեց անծանոթը Ամարտին: — Դու վերադարձրեցիր իմ ձիուն: Դու միակ մարդն ես, ով իմ սիրելիին քնքշանքով փորձեց բերել ինձ մոտ:
— Քնքշանքով՝ լավ է, — հոգոց քաշեց պատանին: — Սակայն նրան ես թամբելու քաջություն չունեցա, այսինքն երջանկություն չեմ ունենա: Իսկ ինձ իմ կյանքում դժբախտությունները հերիքում են, այնպես որ դրանից ավել պետք էլ չի:
— Դժբախտության մասին մի անհանգստացիր, — դրան պատասխանեց անծանոթը: — Վիշտը՝ երջանկության հարազատ մայրն է: Գնա, ու ոչ մի բանի մասին մի մտածիր: Իսկ եթե քո հետ ինչ որ մի դժբախտություն պատահի, ապա վեր նետիր այն աստղը, որ իմ ձիու բաշից էր սահել ընկել և ձին անմիջապես քեզ օգնության կգա: Կփրկի քեզ սպիտակ ձին քո դժբախտությունից այնպես, որ վիշտ չես էլ իմանա:
Վերադարձավ Ամարտը տուն և առաջվանից ավելի լավ ապրեց: Սակայն մարդիկ ինչ որ տեղից իմացան, որ Ամարտը սպիտակ ձիու մոտ դաշտ է գնացել:
— Սակայն ոչ մի վիշտ էլ չի քաշում, — փսփսում էին մարդիկ: — Երևի թամբել է սպիտակ ձիուն Ամարտը: Սակայն ինչպե՞ս է նա արել, ոչ բոյն է բարձր, ոչ ուժն է տեղը:
Եկան Ամարտի մոտ մարդիկ և սկսեցին հարցուփորձ անել, թե ինչպես է նրան՝ պարզամտին, հաջողվել ձիուն տիրանալ:
— Ոչինչ էլ ես չեմ արել, — պարզամտորեն նրանց պատմեց Ամարտը, — ձիուն ես իր տիրոջ մոտ քնքշանքով եմ տարել:
— Այդ դեպքում ինչու՞ դու դժբախտությունների մեջ չես, — չէին հավատում մարդիկ: — Մարդն, ով չի թամբել սպիտակ ձիուն վշտից չի խուսափում:
Համոզում էր Ամարտը մարդկանց, որ իրոք ճիշտն է ասում, սակայն ոչ մի օգուտ՝ մարդիկ նույնիսկ լսել նրան չէին ցանկանում:
— Ձիուն միայն ուժով է հնարավոր հնազանդեցնել՝ նրան սանձելով, — ասում էին մարդիկ, — իսկ քնքշանքով, միայն դժբախտություններ կճաշակես: Չես ուզում մեզ գաղտնիքդ ասել, թե ինչպես ես հաջողացրել սպիտակ ձիուն թամբել՝ պատասխան կտաս դրա համար:
Վրա հասան մարդիկ Ամարտի վրա: Եվ կզոհվեր հավանաբար խեղճը, եթե չլիներ այն աստղիկը, որը նրան սպիտակ ձիուց էր բաժին ընկել: Վեր նետեց Ամարտը աստղը: Նույն պահն նրա առջև ծառս եղավ սպիտակ ձին: Մարդիկ գոռացին, բռնեցին իրենց գլուխները՝
— Դժբախտություններ այլևս կլինի մեզ համար: Վիշտ:
Իսկ Ամարտը թռավ ձիու վրա և սրնթաց սլացավ կապույտ երկինք:
Կրկին նա հայտնվեց ձիու տիրոջ առջև: Կանգնած լռում էր: Չգիտեր թե ինչ ասի: Այլևս հետդարձի ճանապարհ չուներ: Տուն չուներ: Մարդիկ նրան թույլ չէին տա հանգիստ ապրել:
— Ահ, իրականում էլ Քո ձին դժբախտություն է բերում, — ծանր հոգոց քաշեց Ամարտը:
— Այդ դեպքում ինչու՞ էիր նրա հետ հանդիպում փնտրում, եթե նա դժբախտություն է բերում, — քմծիծաղ տվեց անծանոթը:
— Ախր իմ կյանքն առանց այն էլ դժբախտություններով լի էր, ես երջանկություն էի ուզում, ուրիշ կյանք:
— Ուրիշ կյա՞նք: Երջանկությու՞ն: Դե վերցրու քո երջանկությունը, եթե քեզ այն անհրաժեշտ է: Նստիր իմ ձին ու արշավիր ամբողջ աշխարհով: Աշխարհ տես, խելք հավաքիր, իսկ արդեն խելոքացած ինձ մոտ վերադարձիր՝ հավերժություն կընծայեմ քեզ: Եվ հիշիր՝ ոչ դժբախտություն է իմ ձին բերում, ոչ էլ երջանկություն, այլ այն, ինչը մոտ է մարդու էությանը: Քո երջանկությունը մի հասարակ մարդու համար կարող է դժբախտություն թվալ: Երջանկությունը տրվում է բոլորին, սակայն ոչ բոլորն են կարողանում հասկանալ, որ դա երջանկությունն է:
Վեր սլացավ Ամարտը իր սպիտակ ձին թամբած ամպերի տակ, և միայն այդ էլ տեսան: Իսկ մարդիկ մինչ այսօր էլ հավատում են, որ սպիտակ ձիուն միայն ուժով կարելի է սանձել՝ այլապես դժբախտություն կլինի:
Ավա Արդո