Հարց՝
Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:
Իմ անունը X է, ես 26 տարեկան եմ: Ապրում եմ ամուսնուս և երեխայիս հետ Y քաղաքում: Ամուսնացած եմ արդեն 3 տարի է:
Որոշել եմ դիմել վիրտուալ խորհրդատվության տարբերակին, որովհետև
երբեք հոգեբանի հետ անձնական զրույց չեմ ունեցել՝ հիմա այդ հնարավորությունը չունեմ և երևի թե չէի ստանա այն, ինչ ուզում եմ ստանալ:
Ինչպես ինձ թվում է ես լիդերի որակներ ունեմ, սիրում եմ կառավարել, հաճախ ինձ մոտենում են հոգեբանական օգնություն ստանալու համար և ինչպես ինձ թվում է՝ իմ մոտ դա ստացվում է: Ժլատ չեմ, գթասիրտ եմ, ինքս իմ մեջ համոզված, պունկտուալ եմ, կատարող, նպատակասլաց, ուրախ, խելացի, ազնիվ և հասնող: Ինձ թվում է, որ ինքս ինձ սիրում եմ: Շատերը, ինձ թվում է, որ ինձ շատ էլ լավ են վերաբերվում: Սիրում են, գնահատում և հարգում:
Խնդիրը նրանում է, որ էմոցիաներս չեն բավարարում, ընտանեկան կյանքում զգացմունքներ չկան և աշխատավայրում էլ խրվել եմ բամբասանքների և ինտրիգների մեջ: Հոգնել եմ այդ ամենից՝ զարգացում չկա:
Այս պահին ինձ ավելի շատ աշխատանքս է անհանգստացնում՝ այլևս աճելու տեղ չկա, սեփական բնակարան չունեմ, ընտանիքումս զգացմունքներ չկան:
Պրոբլեմս արտահայտվում է ամենօրյա վեճերով՝ ամուսնուս հետ, սեքսում, աշխատավայրում: Ամուսնուս հետ մտերմության ցանկություն չկա՝ սեռական ձգտում չունեմ դեպի նա: Աշխատավայրում էլ ինձ առաջարկեցին գահից իջնեմ և թագս վրայիցս հանեմ:
Ամուսնուս հետ խնդիրը ծագել է ամուսնության երկրորդ տարուն, իսկ աշխատավայրում՝ հիմա:
Խնդիրս լուծելու համար գնում էի հոգեբանի մոտ, ինքս, իմ այս ուժեղ բնավորությամբ՝ անարդյունք:
Ինչպե՞ս ստանամ ցանկալի զգացողություններս, ինչպե՞ս ինձ զերծ պահեմ բամբասանքներից և ինտրիգներից աշխատավայրում և ձերբազատվեմ գլխիս վրա եղած թագի պիտակից:
Ուզում եմ ավելացնել, որ ընտանիքից դուրս անձնական հետաքրքրություն եմ ունեցել:
Շնորհակալ եմ:
Պատասխան՝
Հարգելի X:
Ձեր նամակից կարող եմ կռահել, որ Դուք ոչ ճիշտ ինքնագնահատական ունեք, ինչի պատճառով էլ միջավայրում կոնֆլիկտներ եք ունենում: Նույնիսկ գրելով ինձ, Դուք չեք կարողացել թաքցնել Ձեր անձի «ՄԵԾՈւԹՅՈւՆԸ»: Եթե Դուք ամեն տեղ ունեք պրոբլեմներ, ուրեմն, ամենայն հավանականության, Դուք պետք է վերանայեք Ձեր ինքնագնահատականը և պատկերացումը ինքներդ Ձեր մասին: Դուք Ձեզ բնութագրում եք որոշակի տղամարդկային որակներով: Ինչպես եք կարծում, այդ որակներն ունեցող կնոջ հետ հնարավոր է արդյոք ունենալ նորմալ հարաբերություններ (ես խոսում եմ Ձեր ամուսնու մասին): Ես համոզված եմ, որ նա ճիշտ օրիենտացիա ունի: Ես համոզված եմ, որ Ձեր՝ հոգեբանին դիմելու միանգամյա փորձը՝ օրինաչափ չէ: Փորձեք սկզբից դառնալ կին՝ կնոջ համար բնորոշ բնավորության գծերով և որակներով՝ նուրբ, քնքուշ, ամաչկոտ, հնազանդ և այլն: Եթե Ձեր պրոբլեմը Ձեր համար արժեք է ներկայացնում, ապա փորձեք մի փոքր ֆինանսական և բարոյական նեղություն տալ Ձեզ և դիմեք որակավորված և արհեստավարժ մասնագետի օգնությանը: Այլապես և աշխատավայրում, և ընտանիքում, Դուք կհասնեք կրախի: Միշտ անելով նույն բանը՝ կստանաք նույն արդյունքը: Եթե ուզում եք ստանալ ուրիշ արդյունք՝ արեք ուրիշ բան:
Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: