Ճախրելով երեկոյան մթնշաղի մեջ և վայելելով հովը, գեղեցիկ գիշերաթիթեռը հանկարծ նկատեց հեռվում առկայծող մի կրակ: Նա անմիջապես ուղղվեց դեպի լուսավորված վայր, իսկ երբ հայտնվեց այնտեղ, սկսեց թռչել պատուհանագոգին դրված լուսամփոփի շուրջը, զարմանքով հետազոտելով այն: Ինչ գեղեցիկ է այս անծանոթը:
Մի լավ հիանալուց հետո, գիշերաթիթեռը որոշեց ավելի մոտ ծանոթանալ այդ վառ կրակի հետ...
...և խաղալ նրա հետ այնպես, ինչպես սովորաբար նա խաղում էր այգու ծաղիկների հետ՝ ճոճանակի նման օրորվելով, նստած նրանց ծաղկեպսակների վրա: Մի փոքր հեռու թռչելով, նա կտրուկ շրջադարձ կատարեց և թռավ կրակի վրայով, համարյա թե կպչելով կրակի դեղին լեզվին՝ կարծես թե հրավիրելով նրան պարի:
Բայց ինչ-որ բան նրան բավականին ցավոտ ծակեց և ամբողջ ուժով նրան նետեց վերև: Նստելով պատուհանագոգին՝ լուսամփոփի կողքին, գիշերաթիթեռը զարմանքով նկատեց, որ կորցրել է մի թաթիկը և խանձել թևերի ծայրերը:
- Ինչպե՞ս կարող է պատահել, - շփոթված ինքն իրեն էր հարցնում գիշերաթիթեռը, և պատասխան չէր գտնում: Նա ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել, որ այդպիսի չքնաղ և անվնաս կրակը կարող է իրեն վնաս հասցնել: Մի փոքր ուշքի գալուց հետո, գիշերաթիթեռը նորից ուղղեց իր թևերը և ճախրեց:
Մի քանի շրջան կատարելով վառվող լուսամփոփի վերևում, նա հանգիստ թռավ ուղիղ դեպի բոցը, ցանկանալով օրորվել նրա վրա նստած, սակայն անմիջապես ընկավ յուղի մեջ, որով սնվում էր այդ նենգ կրակը:
- Ինչ դաժան ես, - շշնջաց գիշերաթիթեռը, կորցնելով իր ուժերը: - Ես հույս ունեի քո մեջ ընկեր գտնել, սակայն գտա իմ վախճանը: Շատ ուշ ես գլխի ընկա թե Դու ինչքան չար ես և վտանգավոր: Թանկ նստեց իմ վրա իմ միամտությունը...
- Խեղճ գիշերաթիթեռ, - պատասխանեց նրան տրտմած լուսամփոփը: - Արդյո՞ք մեղքն իմն է, որ ես ծաղիկ չեմ, այլ կրակ: Դու ունկնդիր չեղար իմ զգուշացմանը և սկսեցիր խաղալ ինձ հետ:
ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ