Տեղի ունեցավ պատանի նկարչուհու ստեղծագործական աշխատանքների փոքրիկ ցուցահանդես։ Աղջիկը ներկայացնում էր իր գործերը՝ դրանք ուղեկցելով սեփական հորինվածքի բանաստեղծություններով։ Տաղանդավոր նկարչուհուն մոտեցավ մի երիտասարդ լրագրողուհի և սկսեց հարցեր տալ նրա ստեղծագործական պլանների մասին։ Լրագրողուհին տվեց վերջին հարցը.
— Իսկ դու ունե՞ս որևէ երազանք։
— Ունեմ,— վստահորեն ասաց աղջիկը։— Ես շատ եմ ուզում տեսնել Քրիստոսի գալուստը։
Լրագրողուհին զարմացավ և սկզբում ուզում էր կատակել, թե՝ «որպեսզի Քրիստոսը գա՞ քո ցուցահանդեսին», բայց ժամանակին մտափոխվեց, որպեսզի չվիրավորի աղջկան, ու հարցրեց.
— Իսկ ինչպե՞ս ես դա պատկերացնում։
Պատանի նկարչուհին գրպանից հանեց մի փոքրիկ, մաշված նոթատետր, որի ամեն էջը պատված էր իր մանկական խզբզոցներով, ցույց տվեց օրիորդին ու ասաց.
— Սա ես եմ նկարել։ Եվ սա նույնպես,— ձեռքով ցույց տալով ցուցահանդեսը,— ես եմ նկարել։ Դժվար է հավատալ, չէ՞, որ սա միևնույն մարդն է նկարել։
— Այո, զարմանալի է,— համաձայնեց լրագրողուհին։
— Ամեն մարդ մանկության տարիներին սկսում է նման խզբզոցներից։ Այս նոթատետրի և ցուցահանդեսի միջև իմ աշխատանքն է, իմ համբերությունը, իմ որոնումները, ձախողումներն ու գտածոները, իմ հարազատ, սիրելի մարդկանց ըմբռնումն ու աջակցությունը։ Բայց ամենակարևորը՝ իմ սրտում ստեղծագործության հանդեպ սիրո անկեղծ զգացումն է։ Եվ ահա տեսանելի է աշխատանքի արդյունքը, որը բոլորին ուրախություն բերեց, այլ ոչ թե հուսախաբություն։ Ամեն ինչ միանգամից երբեք չի ստացվի։ Որպեսզի որևէ բան ստացվի, պետք է մեկ օր չէ, որ ջանաս։ Իսկ եթե կասկածես, չհավատաս սեփական ուժերին, ապա կարող ես կորցնել նույնիսկ այն, ինչ քեզ տրված է։ Պետք է հասկանալ Աստծո մտահղացումը. Աստված մարդկանց տվել է հսկայական, չքնաղ մի աշխարհ՝ ապրելու, աշխատելու, երեխաներ մեծացնելու և ուրախանալու համար։ Աշխարհ է բերել այսքան տաղանդավոր մարդկանց։ Նրանք գրքեր, կտավներ, երաժշտություն են գրել, դեղամիջոցներ են հայտնագործել, նոր ուղիներ են հարթել աշխարհի ճանաչման գործում, որպեսզի ընդլայնեն յուրաքանչյուր մարդու գիտելիքները սեփական անձի մասին։ Աշխարհին տվեց Հիսուսին՝ ցույց տալու համար, թե Աստված որքան է սիրում մարդկանց, որպեսզի նրանք էլ սովորեն սիրել միմյանց։ Ասացե՛ք,— աղջիկը նայեց լրագրողուհու աչքերին,— դուք կհրաժարվեի՞ք ձեր վեհ պլաններից հանուն մի խումբ հիմարների, ովքեր չեն հավատում ձեզ։
— Իհարկե ոչ,— հաստատակամորեն ասաց օրիորդը։
— Դե, ես էլ ընտրում եմ Աստծո կողմը։ Եթե Հիսուսն ասել է, որ գալու է, ուրեմն հաստատ կգա։ Եվ կգա ոչ թե հարևան փողոց, այլ մարդկային սրտի յուրաքանչյուր բջջի մեջ։ Հնարավոր է՝ նա ավելին լինի, քան սերը։
Լրագրողուհին շնորհակալություն հայտնեց աղջկան հարցազրույցի համար և մտածեց. «Ինչ հետաքրքիր աղջիկ է, փառք Աստծո, որ չկատակեցի»։
Հարցազրույցից հետո լրագրողուհին իր նոթատետրում գրեց. «Աստված հայտնվում է այնտեղ, որտեղ ուզում է, և այնժամ, երբ ուզում է։ Կարող է հայտնվել մորենու (մոշենու) բոցավառվող թփի մեջ, կամ կարող է հայտնվել որպես երազանք սրտում՝ ստիպելով մարդուն գլխիվայր ընկղմվել այդ երազանքի մեջ։ Փայփայել և պահպանել մարդու մեջ ամեն բարի միտք՝ հալածելով կասկածներն ու սխալ խորհուրդները։ Հավատալ մարդուն, ում գործերը ապագայում ուրախություն և երջանկություն կբերեն մարդկանց»։
Գալինա Ստրելկովա
