ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ՄԻԱՅՆ ԼՎԱԼՈւ ԵՎ ՀԱՎԱՔԵԼՈւ ՀԱՄԱՐ ԵՄ...

Հարց՝

Բարև Ձեզ: Իմ անունը X է: Ապրում եմ Y քաղաքում:

Որոշել եմ դիմել վիրտուալ խորհրդատվության, որովհետև փոքր երեխայիս հետ նստած եմ տանը:

Ես 27 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս, նրա որդու (13 տարեկան) և մեր ընդհանուր որդու(1,9 տարեկան) հետ:

Ես բարի, հանգիստ մարդ եմ, ավելի շատ փորձում եմ ուրիշների համար անել՝ մտերիմներիս, երբեմն մոռանալով իմ մասին: Նեղացկոտ եմ, բռնկուն, երբեմն փոքր խնդրից պրոբլեմ եմ սարքում և ինձ հասցնում արցունքների: Ինձ քննադատաբար եմ ընդունում: Ինձ թվում է, որ ես շրջապատիս պետք չեմ:

Այժմյան իրավիճակը չգիտեմ թե ինչպես նկարագրեմ՝ ուղղակի ուզում եմ լաց լինել: Ինձ թվում է, որ ես ընտանիքում պետք եմ միայն նրա համար, որ լվացք անեմ, տունը հավաքեմ և այլն, իսկ որպես մարդ՝ ոչ: Չնայած, որ ամուսինս հաճախ ասում է, որ ամեն ինչ կուղղվի, որ ես իրեն շատ պետք եմ: Երևի շփում չի հերիքում՝ ես փոքր երեխայի հետ նստած եմ տանը: Նա ինձ ուրախացնում է՝ իհարկե և ես նրան շատ եմ սիրում: Բայց մարդկանց հետ շփում չունեմ՝ ամեն օր նույն բանն է: Երբ բոլորը տնից դուրս են գալիս իրենց գործերով, խնդրը ավելի սուր է զգացվում: Դա տեղի է ունենում ամեն ամիս: Սկզբից ես ջանում եմ հաշտվել այդ իրավիճակի հետ, հետո կամաց կամաց սկսվում է կուտակվել և պայթյունի նման ինչ-որ բան է տեղի ունենում՝ լաց, նյարդեր, կարծես ինչ-որ երկարատև դեպրեսիա լինի:

Պրոբլեմը առաջացել է ծննդաբերելուցս մեկ տարի հետո: Իմ կյանքում, այն ժամանակ, ոչ մի յուրահատուկ բան տեղի չէր ունենում՝ երևի հենց խնդիրն էլ դրանում էր: Փորձել եմ շեղվել, հոբբի ունենալ (սկսեցի զբաղվել շներով), ընտանիքիս համար ընդհանուր ժամանցի առիթներ ստեղծել՝ անարդյունք:

Ի՞նչ անեմ այս իրավիճակում, միգուցե ինչ-որ դեղօրայք ընդունեմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Այն, ինչ Դուք նկարագրում եք շատ նման է հետծննդյան դեպրեսսիայի, որով տառապում են կանանց մեծ մասը՝ ծննդաբերությունից հետո: Այն կարող է սկսել միանգամից ծնունդից հետո և ձգվել մինչև կյանքի նորմալ հունի վերականգնումը կամ ավել: Այն, որ Ձեզ անհրաժեշտ է որոշակի դեղօրայք ընդունել, դիմել մասնագետի և բուժել Ձեր դեպրեսիան՝ անկասկած է: Դրանից բացի, Ձեզ անհրաժեշտ է կյանքում զգալ Ձեր կարևորությունը: Ինձ թվում է, որ երեխան արդեն այնքան մեծ է, որ կարելի է դայակ վարձել և օրվա մի մասը տրամադրել նրան, որ զբաղվեք Ձեզանով՝ անձնային աճով և կարիերայով: Տանը՝ ուղղակի պետք է ակտիվացնել սեռական կյանքը և փորձել ավելի շատ ժամանակ անց կացնել Ձեր ամուսնու հետ:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: